Մեր հասարակությունը ցուցադրեց Դավթի, Մհերի որակները

Մեր հասարակությունը ցուցադրեց Դավթի, Մհերի որակները

Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը նաեւ մեր տոնն է, որովհետեւ մենք շատ մեծ ավանդ ունենք այդ հաղթանակի մեջ՝ ասում է գրականագետ Ազատ Եղիազարյանն ու անդրադառնալով Շուշիի հաղթանակին, մեր այսօրվա իրավիճակին, ընդգծում, որ այսօր մեզ ամենաշատը պակասում են սթափությունն ու սթափ վերաբերմունքն ամեն ինչի նկատմամբ. «Մենք նախեւառաջ պետք է մտածենք մեր ներքին վիճակի, մեր պետության, կառավարության, զինված ուժերի մասին։



Մեր զինվորներն այս անգամ էլ լավ կռվեցին, եւ տեսանք, որ ոչ միայն բանակը, այլեւ ժողովուրդը կարող է ինքն իրեն պաշտպանել, բայց վերջին օրերին գնալով սրվում են վեճերը արտաքին հանգամանքների մասին՝ Ռուսաստան, Ամերիկա, Թուրքիա, եւ ամենուր՝ բակերից սկսած մինչեւ հեռուստատեսություն, մեկը Ռուսաստանին է պաշտպանում, մեկը դեմ է Ռուսաստանին, կարծես թե մեր գլխավոր խնդիրը Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն է։ Մինչդեռ դա ընդամենը մեր դիվանագիտության խնդիրն է, Ռուսաստանը մեզ համար ոչ ավագ, ոչ էլ կրտսեր եղբայր է, Ռուսաստանն ընդամենը մեր ռազմավարական դաշնակիցն է, որի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն սթափ, մտածված, դիվանագիտական ճանապարհներով։ Ոչ պետք է նրան համեմատել թուրքերի հետ, ոչ էլ պետք է սպասել, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է մեզ համար։ Մենք պիտի կարողանանք հավաքել մեր ուժերը մեր երկրի ներսում, այնպես անել, որ բանակը լավ մատակարարվի, մեր զենքերը լավը լինեն, Ռուսաստանից զենքեր բերեն, իսկ եթե պետք է՝ նաեւ Իսրայելից։ Այս ուղղությամբ պետք է մտածենք, ոչ թե՝ այս կամ այն պետությունը մեզ լավ է նայում, թե ոչ»։



Ազատ Եղիազարյանը նկատում է, որ առաջին գիծ մեկնածներից տարբեր բաներ է լսում եւ կարող է մի բան եզրակացնել, որ. «Եթե մենք զենքեր չունենայինք, ապա Ադրբեջանը, իսրայելական դռոններով զինված, մի քանի գյուղ պիտի գրավեր, մի քանի կիլոմետր առաջ գար։ Ինձ թվում է՝ այստեղ էլ է այդ սթափությունը մեզ պակասում, հիմա ժողովուրդը շատ զայրացած է ինչ-որ բաներից ու ասում է, որ ոչ զենք ունեինք, ոչ տանկերի ակումուլյատորներ ունեինք, ոչ հրացան ունեինք, բայց ինչպե՞ս եղավ, որ կարողացանք ադրբեջանցիներին չթողնել առաջ գալ։



Սա չի նշանակում, որ մեր քննադատությունն իշխանությունների հանդեպ պետք է պակասի, բայց քննադատությունն էլ պետք է սթափ լինի։ Ես մի բան գիտեմ, որ մեր ունեցած զենքով կարողացանք պահել, ուրեմն պետք չէ այդպես ասել, գուցե հետախուզությունը մի քիչ լավ չաշխատեց, բայց պետք չէ ամեն ինչ հասցնել այնպիսի ծայրահեղության, որ հետո այս սթափ, ոգեւորված մարդկանց դարձնի նվնվացող, ամեն ինչից դժգոհ զանգված։ Մենք ցույց տվեցինք, որ իսկապես լավ ժողովուրդ ենք, արժանի ենք մեր հողին, ղարաբաղյան այս երկրորդ պատերազմը մեր մեջ եղած լավ բաները նորից մեջտեղ բերեց, եւ հիմա պետք չէ այդ ամենի վրա կեղտաջուր լցնել»։



Թե ինչ նկատի ունի՝ ասելով «մեր ներքին կյանքը պետք է կազմակերպենք», գրականագետն ասում է, որ իշխանությունը պետք է այնպես անի, որ արդեն 25 տարի «մեր հոգին հանող» կոռուպցիան մի քիչ պակասի, որ մեր զինվորական վերնախավը շրջի ոչ թե «ջիպերով» եւ պալատներ կառուցի, այլ մտածի բանակի ու հասարակ զինվորի մասին։ Նա ցանկանում է, որ զինվորն ու սպան լինեն իրար հետ առնվազն ինչպես հայր ու որդի, այսինքն՝ բանակն զգա իրեն իր ժողովրդի գլխավոր պաշտպանը. «Ես չեմ կարծում, որ առաջին գծում կանգնած մեր զինվորները կոշիկ չունեն, ունեն, բայց հարցը միայն դրանով չի սահմանափակվում, պիտի արդարություն լինի երկրի ներսում, այնպես, որ օլիգարխը ենթարկվի օրենքին, այլապես մեզ համար այդքան կարեւոր համախմբումը չի լինի։ Վաղը, մյուս օրը նորից ընտրություններ են լինելու, մենք պիտի կարողանանք դրանք այնպես անցկացնել, որ վերջապես 25-26 տարվա մեջ կարողանանք ստեղծել մի կառավարություն, որին մենք վստահենք։ Չէ որ մեր ամենամեծ ցավերից մեկն այն է, որ մենք դեռ ոչ մի կառավարության չենք վստահել, եւ իրար հաջորդող կառավարություններն էլ չեն կարողացել շահել ժողովրդի վստահությունը»։



Եղիազարյանը վստահ է, որ բանակը միշտ պետք է գտնվի հասարակության ուշադրության կենտրոնում, ինչպես այս օրերին է. «Հիմա մենք մի հատ զինվորական շորերով մարդ տեսնում ենք, ուրախություն ենք զգում, ամենալավ բաներն ենք ուզում ասել այդ մարդուն, դա պետք է լինի ամբողջ ժամանակ, եւ, ամենակարեւորը՝ մենք պետք է կարողանանք, որը շատ դժվար է, հսկողություն սահմանել պաշտպանությանը հատկացված միջոցների ճիշտ ծախսման վրա»։



Ըստ Ազատ Եղիազարյանի, մեր ազգային մտածողության թերություններից մեկն այն է, որ մեր կորուստների պատճառներն ուրիշների մեջ ենք փնտրում, փոխանակ առաջին հերթին մեր, իսկ այս դեպքում՝ մեր դիվանագիտության մեջ փնտրելու։ Եզիազարյանն ասում է՝ թեեւ ինքը գրականագետ է, բայց ակնհայտ է, որ մեր դիվանագիտությունը չափազանց պասիվ է. «Մենք տեսնում ենք, որ մեր նախարարն ու դեսպանները խոսում են, բայց չենք տեսնում, թե մերոնք ինչ են անում, որպեսզի գործընթացի հետեւից չգնան, այլ առջեւից»։



Հ. Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն այս մեկ ամսվա մեջ կարիք է ունեցել լսել շատ պինդ հայտարարություններ եւ դրանից հետո տեսնել կատարվող գործ. «Այն ամենը, ինչ լսեցի այս մեկ ամսվա ընթացքում, կամ պայմանական եղանակով էր, կամ ըղձական, կարծում եմ՝ շատ ճիշտ ժամանակն է, որ մենք սահմանական ժամանակով սկսենք գործել։ Ասեցինք՝ արեցինք։ Չենք ասում՝ մենք հակահարված կտանք, մենք տվեցինք հակահարված, մեր մտածելակերպի մեջ այդ լեզվական բանը նստած է, դա անգիտակցաբար է արվում, գուցե մենք արդեն տվել ենք հակահարված, բայց ասում ենք` պիտի տանք։ Ուզում եմ, որ մենք ասենք՝ սա արեցինք, մենք պատժեցինք հանցագործին, դատեցինք պետության դավաճանին, որովհետեւ այսօր ոչ խոսքերով, ոչ հուսադրումներով չես օգնի, այդ պահը վաղուց անցավ։ Ուզում եմ, որ մենք ներկա ժամանակով խոսենք հստակ, պինդ, շատ ազնիվ, արդարամիտ քայլերի կարիքն ունեմ եւ կարծում եմ՝ շատերն ունեն»։



Թուխիկյանը ցանկանում է, որ դարերով եկած մեր ժողովրդի ներողամտությունն այս օրհասական ժամանակում դադարի այդպիսին լինելուց, որովհետեւ իրավունք չկա այլեւս ներողամիտ լինելու, պետք է լինել կտրուկ եւ արդարացի, ով ուզում է լինի դիմացինդ. «Եթե կան պետության հանդեպ ոտնձգություններ, ապա դրա արդարացի լուծումը հասարակությունը պետք է տեսնի, իսկ զոհերի արյունը չի ծախվում»։ Թուխիկյանը նկատում է՝ ուրախ է մեր ժամանակների համար. «Հավատացեք, եթե լրագրությունը չլիներ իր բարձունքի վրա, եթե տեխնոլոգիական այս հնարավորությունները չլինեին, չի բացառվում, որ էլի շատ բաներ կկոծկվեին ու կգնային, բայց փոխվել են ժամանակները, ու մնում է, որ շատ ուրիշ մարդիկ էլ փոխվեն, այսինքն՝ հասկանան, որ այդ բոլշեւիկյան, սովետական մեթոդները չեն կարող անցնել։ Թող Ադրբեջանն այդպես վարվի ու այդպես էլ վարվում է, մենք որեւէ կերպ իրենց հետ եզրեր չպետք է ունենանք այդ առումով։



Մենք շատ փոքր երկիր ենք ու ամեն մեկս մյուսին բարեկամ ենք, ազգական, լուրերը շուտ են հասնում, եւ որպեսզի ճիշտ եւ մաքուր մատուցվի, ճիշտ կլինի, որ պաշտոնական լինի, կամ լրատվամիջոցներն անաչառ այդ ինֆորմացիան տան, ինչպես այս մեկ ամսվա ընթացքում գրեթե եղավ։ Ճշմարտությունից ճշմարիտ բան չկա։ Հասարակությունը շատ անկեղծ էր այս անգամ, բայց այդ անկեղծությունը փոխադարձ պետք է լինի։ Այն բացառիկ որակները, որ այս մեկ ամսվա մեջ ցուցադրեց մեր հասարակությունը, դրանք Դավթի, Մհերի որակներն էին։ Այն Ձենով Օհանները չէին, որ եկեք ուրիշի թրի տակով անցնենք, այս մեկ ամսվա մեջ շատ հզոր արթնացում եղավ»։



Ինչպես Նարինե Թուխիկյանն է նշում, այս ընթացքում ամբողջ հայությունը հասկացավ, որ մեր տղաները խիզախագույնն են, ու դրա կողքին տեսանք բաճկոնավոր անհասկանալի երեւույթների, որոնք հիմնականում պատասխանատու էին արտաքին քաղաքականության համար։ «Այն տպավորությունն է, ոնց որ մերը չլինեն, մեզ համար չեն աշխատում, մեր երկրի, մեր պետության համար չեն, այդպես չի կարող լինել։ Մեր ժողովուրդը, որ այսպիսի տղաներ է տալիս առաջնագծի համար, հանկարծ տա ուրիշ տեսակ տղաներ արտաքին գործերի համար։ Սա ինձ համար անընդունելի է, եւ դա կործանում է մեր երկիրը»,-ասում է նա ու հավելում, որ մենք մեր միջից արմատախիլ պիտի անենք դավաճանական ծիլերն ու մնանք մենք ու մենք։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ