Էս ի՞նչ եք անում, ընկեր-պարոնայք

Էս ի՞նչ եք անում, ընկեր-պարոնայք

Լեոն հուշագրություն ունի՝ «Անցյալից»: Ռուս-թուրքական ճակատում հայ կամավորական ջոկատների մասին խոսելիս դառնորեն գրում է, որ Թիֆլիսի հայկական թերթերն այնքան ոգեւորված էին, որ ոչ մի զգուշություն հաշվի չէին առնում, ուղղակի «քարտեզագրում էին» մարտական գործողությունների ապագա թատերաբեմը, իսկ պատերազմից հետո պարզվեց, որ ռուսական բանակի Կովկասյան շտաբում թուրքական հետախուզության գործակալ էր ներդրված՝ այդ տեղեկությունները ծածկագրով հաղորդում էր Կոստանդնուպոլիս՝ թուրքական բանակի հրամանատարությանը: 



Մենք ասում ենք՝ «պատերազմող երկիր ենք», այդ իրավունքով ինչ պահանջ ասես՝ բանակին եւ իշխանությանը ներկայացնում ենք, աղաղակում ենք, Արցախի պետական սահմանի շուտափույթ վերականգնման խնդիր ենք դնում… Եւ չենք հասկանում, որ պատերազմող երկրի հաջողության առաջին գրավականը ռազմական գաղտնիքի խստագույնս պահպանումն է:



Ապրիլի 2-5-ի պատերազմական գործողությունների մասին ում խելքին ինչ փչում՝ գրում է: Մայիսի 22-ն է, շփման գծում համեմատաբար հանգիստ է, իսկ Ֆեյսբուքի հայկական տիրույթում մեկ էլ կարդում ես. «Շտապ… Վատ լուր առաջնագծից… Թալիշի ուղղությամբ ծավալվել են թեժ մարտեր… Հայկական կողմն ունի կորուստներ…»:



Ո՞վ է տարածում, ինչո՞ւ, ի՞նչ թաքուն նպատակ է հետապնդում: Երկրում պատկան մարմին չկա՞՝ հետեւի, պարզի, բռնի օգտատիրոջ, կայքի խմբագրի ձեռքն ու ասի. «Էս ի՞նչ ես անում, ընկեր-պարոն, մարդկանց նյարդերի վրա դու ի՞՜նչ իրավունքով ես խաղում, եթե դու ճակատում զինվոր որդի, ամուսին, եղբայր, զարմիկ ունենայիր, նման բան քեզ թույլ կտայի՞ր»:



Իրենց մասին մի լուր տարածելու համար պաշտոնյաները թերթին դատի՜ են տալիս, բարոյական եւ նյութական վնասի՜ փոխհատուցում են պահանջում: Ո՞ւր են հիմա, երբ սոցիալական ցանցերը պայթում են շփման գծի մասին դիլետանտական «գնահատականներից», ստույգ ապատեղեկատվությունից, հերյուրանքներից: Ինչո՞ւ մեկին դատի չեն տալիս, ինչո՞ւ չեն վերահսկում՝ պատերազմող երկրի զինված ուժերի մասին ով ինչ եւ ինչպես է գրում, տարածում, «լայքում»:



Շուրջ երկու տարի Պաշտպանության բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթի խմբագիր եմ եղել: Ու թեեւ զինադադարն արդեն հաստատված էր, ռազմական գրաքննությունը մի զգալի մասով վերացել էր, միեւնույն է՝ արգելված էր զորամասի հրամանատարին ներկայացնել անուն-ազգանունով, իսկ լուսանկար տպագրելու մասին առհասարակ խոսք լինել չէր կարող: Միակ բացառությունն արվեց գեներալ Իվանյանի ծննդյան 75-ամյակի առթիվ: Այն էլ՝ երթադաշտային համազգեստով, առանց տարբերանշանների:
Իսկ այսօր, խնդրեմ՝ լրատվամիջոցը գրում է զորամասի հրամանատարի մասին՝ լուսանկարով, պարզ երեւում են տարբերանշանները: Նշում է զորամասի տեղակայման վայրը, ընդգծում, թե նա ԶՈՒ գլխավոր շտաբի պետի սանիկն է, ապրիլյան թեժ օրերին ծառայության տեղում չի եղել, իսկ հիմա ազատվել է պաշտոնից, ըստ տեղեկությունների՝ հանրապետությունում չէ: Իսկ թե որտեղ է, այդ էլ է ասում՝ հարեւան երկրի մայրաքաղաքում:



Իսկ դա այն երկիրն է, որտեղ ադրբեջանցիներն իրենց զգում են՝ ինչպես տանը: Իսկ եթե վաղն այդ հրամանատարի հետ հարեւան երկրի մայրաքաղաքում մի բան պատահի՞: Եթե Ադրբեջանի հետախուզությունը նրան առեւանգի՞: Չմոռանանք, խոսքը զորամասի հրամանատարի մասին է: Թեկուզ՝ նախկին: Նա ռազմական եւ պետական գաղտնիքի կրող է: 



Ո՞վ է լրատվամիջոցին արտոնել՝ Հայկական բանակի բարձրաստիճան սպային ներկայացնելու տեղեկատվության բաց աղբյուրում, որի կայքը հասանելի է նաեւ հակառակորդին: Պատերազմում՝ ինչպես պատերազմում: Եթե մամուլը չի ինքնակազմակերպվում որպես պատերազմող երկրի քարոզչամիջոց, հարկ է հասկացնել, զգուշացնել: Իսկ եթե համառի՝ լռեցնել:



Քննադատել կարելի է: Ռազմական գաղտնիք տարածել՝ ոչ: Նույնիսկ եթե օրենքով կամ գերատեսչական շրջաբերականով պատերազմական պայմաններում զորամասի հրամանատարի ինքնության բացահայտումն արգելված չէ, միեւնույն է, լրատվամիջոցը պարտավոր է պահպանել որոշակի զգուշավորություն:



Որպեսզի նախ այդ մարդուն չվնասի, ապա եւ՝ Հայկական բանակին, մեր երկրի անվտանգությանը: Նաեւ՝ հեղինակությանը, որ նույնպես չափազանց թանկ արժեք է, անկախ նրանից՝ զորամասի հրամանատարը մարտական գործողությունների ժամանակ ճի՞շտ է գործել, թե՞ սխալ:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ