Խաչի եւ սրի միջեւ. ֆրանսիական RFI-ի անդրադարձը

Խաչի եւ սրի միջեւ. ֆրանսիական RFI-ի անդրադարձը

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղում՝ հենց առաջնագծում կառուցում զինվորական մատուռներ: Ինչո՞ւ են հայ եկեղեցու հոգեւորականները զենք վերցնում եւ արդյո՞ք եկեղեցականը պետք է կռվի զինվորի հետ՝ կողք կողքի: Այս եւ այլ հարցերին անդրադարձել է ֆրանսիական RFI-ի հատուկ թղթակից Ելենա Գաբրիելյանը, որի պատրաստած անդրադարձն էլ ներկայացնում ենք ընթերցողին թարգմանաբար` կրճատումներով: Ելենա Գաբրիելյանը ԼՂ-ից վերադարձել է օրերս, եւ միջազգային մամուլում վերջինիս անդրադարձը ամենաթարմը կարելի է համարել: 



Երբ այս տարվա ապրիլի սկզբին անսպասելիորեն, ավելի քան քսան տարվա հարաբերական անդորրից հետո կրկին բռնկվեց ռազմական հակամարտությունը, զինվորականների հետ առաջնագիծ մեկնեցին նաեւ եկեղեցականները:



«Հայ եկեղեցականության հիմնական դերակատարությունն այստեղ է եւ կայանում է սեփական ժողովրդի համար աղոթելու մեջ», — ասում է քսանհինգամյա Սեւակ սարկավագ Սարիբերկաը, ով ծնունդով Զվարթնոց քաղաքից է, եւ արդեն մի տարի է, ինչ ծառայում է Ջաբրայիլում: Առաջնագծում՝ հենց դիրքերում կարելի է տեսնել զինվորների` իրենց իսկ ձեռքերով կառուցած փոքրիկ մատուռները, ներսում խաչեր եւ սրբապատկերներ: Սեւակ սարկավագը արդեն մի տարի անընդհատ այցելում է ռազմական հենակետեր եւ դիրքեր, խոսում զինվորների հետ եւ փորձում բարոյապես աջակցել նրանց:



«Պատերազմը խորը հետք է թողնում մարդու հոգեբանության վրա: Նա դառնում է ավելի անհանգիստ: Երբ տղաները գտնվում են առաջնագծում, նրանք չեն մտածում քաղցի, ծարավի կամ ցավի մասին: Բոլոր մտքերը կենտրոնացած են միայն սահմանը պահելու գաղափարի շուրջ: Սակայն, երբ վերադառնում են, ապա տեսնում են, որ այդ լարվածությունը ազդում է նաեւ նրանց բարոյահոգեբանական վիճակի վրա: Մենք՝ եկեղեցականներս, այստեղ ենք նաեւ այն բանի համար, որպեսզի օգնենք նրանց եւ նաեւ հոգեբանի դեր կատարենք: Զինվորները նշում են, որ հավատքի մասին մտածում են հենց այն ժամանակ, երբ առաջնագծում են, որտեղով ոչ միայն սահմանն է անցնում, այլ նաեւ սահմանագիծը՝ կյանքի եւ մահվան: Ու այդպես եղել է քսան եւ ավելի տարիներ շարունակ, երբ պատերազմը չի ավարտվել եւ այսօր էլ ավարտված չէ, այլ փոխել է ուղղակի իր ձեւն ու կերպը` դիպուկահարային, դիվերսիոն-ներթափանցումային, լայնամասշտաբ» … 



«Ժողովուրդը հոգնել է անընդհատ վտանգի ներքո ապրելուց, եւ ոչ մեկն էլ պատերազմ չի ուզում», — ասում է երիտասարդ կապելլանը /բանակում ծառայող եկեղեցականին ասում են կապելլան /: Սեւակ սարկավագը նշում է, որ այս պահին առաջնագծում ավելի քան հիսուն եկեղեցականներ կան, ովքեր ապրիլյան առաջին օրերին կամավորաբար մեկնել են ճակատ:Այս եկեղեցականը զենքը ձեռքին մարտի դաշտ չի մեկնել, սակայն ասում է, որ ապրիլի առաջին օրերին շատ եկեղեցականներ էին զինվորի հետ՝ կողք կողքի: Սա չափազանց եզակի երեւույթ է, եթե հաշվի առնենք, որ այս կռիվը ոչ թե կրոնական է, այլ՝ տարածքային: Համենայն դեպս, հայկական կողմի մոտ կա հարգանք մահմեդականության հանդեպ, քանի որ Աղդամում կանգուն է մզկիթը եւ անվնաս մահմեդականների գերեզմանոցը:



«Պատերազմը պատերազմ, սակայն մենք ուրիշի սրբությունները չենք քանդում եւ չենք պղծում», — եզրափակում են հայ զինվորները՝ ակնարկելով Աղդամի XIX դարի զմկիթն ու մահմեդական գերեզմանոցը: