Անունս խոսնակ չլինի, թե օրը մի ապուշություն չասեմ

Անունս խոսնակ չլինի, թե օրը մի ապուշություն չասեմ

Լրագրողները հաճախ են բողոքում խոսնակներից: Պատճառը մեկն է` խոսնակների ինստիտուտն իսկական չարիք է դարձել լրատվամիջոցների գլխին: Խոսնակներն այսօր մեծ ազդեցություն ունեն ԶԼՄ-ների ռեյտինգի վրա եւ կարողանում են առաջ մղել եւ, ընդհակառակը, «կզացնել» որեւէ թերթի կամ կայքի: Այս ուղղությամբ նրանց տակտիկան շատ զավեշտալի է: Պատահում է` զանգում են որեւէ թերթի եւ նախազգուշացնում, որ 1-2 րոպեից գրառում են դնելու ՖԲ իրենց էջում: Բնականաբար, ԶԼՄ-ն շնորհակալություն է հայտնում եւ առաջինն է թռցնում այդ գրառումը: Դեպքեր են լինում, որ խոսնակները նույնիսկ պատրաստի գրառումն են ուղարկում նախընտրելի ԶԼՄ-ի խմբագրություն, եւ, մինչեւ իրենք նույն գրառումը կդնեն իրենց պատին, թերթն արդեն հրապարակում է այն:



Այս գործելաոճը, սակայն, մանր խուլիգանություն է այն ամենի համեմատ, որ խոսնակները կարողանում են անել հասարակությանը կատարյալ շփոթի մատնելու ուղղությամբ: Եվ երբ նրանց որեւէ արտառոց հայտարարության պատճառով աղմուկ է բարձրանում, նրանք հեշտությամբ մեղքը բարդում են մամուլի վրա, թե մամուլը, ինչպես միշտ, սխալ է հասկացել իրենց կամ իրենց շեֆին: Մի խոսքով` մամուլի գլխին կրակ ու պատիժ են այս խոսնակները:



Այսօր կցանկանայինք խոսել նրանցից երկուսի մասին` ԼՂՀ թիվ մեկ խոսնակ Դավիթ Բաբայանի եւ պատերազմի օրերին Լեւիտանի անուն հանած ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի: Կարիք կա՞ այս օրերին հատուկ մոնիտորինգ անելու, որ հասկանանք, թե ովքեր են մեր խոսնակներից ամենաաղմկահարույցները: Այս երկուսը նույնիսկ Շարմազանովի հացն են կտրել` որպես խոսնակ, իհարկե:



Երբ Սերժ Սարգսյանը 11 հազար մետր բարձրության վրա հայտարարեց ընդամենը 800 հեկտար տարածք հանձնելու մասին եւ դա ներկայացրեց որպես պատերազմական գործողության հետեւանք, ոչ ոք չէր կարող մտածել, որ մինչեւ նախագահական ինքնաթիռի վայրէջք կատարելը Արծրուն Հովհաննիսյանն ու Դավիթ Բաբայանը կսկսեին մեկնաբանել նախագահի խոսքն ու անուն կդնեին այդ 800 հեկտար տարածքին` էլ անապատ, էլ անկարեւոր դիրքեր… իրենց արեւին՝ ջրում էին տագնապը:



Դավիթ Բաբայանը, օրինակ, հասել է այնտեղ, որ արդեն հայտարարում է, թե այդ 800 հեկտարի մեծ մասն ընկնում է շփման գծում, իսկ մեր տարածքային կորուստներն ավելի քիչ են: Ես հիմա ուզում եմ հասկանալ այս մեծ ստրատեգին. պարոն Բաբայան, եթե շփման գիծը բարակել է, եւ հակառակորդը դիրքերը մոտեցրել է մեր դիրքերին, մերոնք ի՞նչ պետք է անեն: Այս իրավիճակում երկու լուծում կա` կամ պետք է թշնամուն հեռացնեն պատշաճ տարածության վրա, կամ իրենք նահանջեն, որպեսզի չհայտնվեն հակառակորդի ափի մեջ: Որքան գիտենք, նախագահն էլ ասաց այդ մասին, հավես չկա նոր զոհերի գնով վերադարձնել այդ 800 հեկտարը: Հարգելի խոսնակ, ուրեմն մի ասա, որ տարածք չենք տվել: Մի ապուշացրու ոչ թերթերին, որոնք գրել են տարածքներ կորցնելու մասին, ոչ էլ հանրությանը, որ այդ մասին կարդացել է թերթերում:



Պաշտոնի բերումով Դավիթ Բաբայանից անհամեմատ բարձր մեկ այլ խոշոր ստրատեգ, դարձյալ ծագումով ղարաբաղցի Սեյրան Օհանյանն օրերս հայտարարեց, որ Թալիշում անվտանգ է: Թերթերը, բնականաբար, չհավատացին, որովհետեւ հասարակ տրամաբանության հարց էր` Թալիշում չէր կարող ավելի անվտանգ լինել, երբ հակառակորդը հատկապես այդ ուղղությամբ էր արձանագրել իր հիմնական առաջխաղացումը: Հասարակ լոգիկայի հարց է` քանի՞ մետրից կարող ես թիրախին ավելի ճիշտ խփել` հարյո՞ւր, թե՞ քսան: Օհանյանի այդ հայտարարությունից անհանգստացան նաեւ նրա հայրենակիցները Ղարաբաղում եւ ընդհուպ վարչապետի բերանով հասկացրին, որ դեռ վաղ է խոսել Թալիշի անվտանգության մասին:



Բայց նույնիսկ դա չկանգնեցրեց Օհանյանի խոսնակին` Արծրուն Հովհաննիսյանին, որն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հարգելի պարոնայք` Անդրիաս Ղուկասյան, Արամ Թարվերդյան, Դավիթ Հովհաննիսյան եւ Մուշեղ Դանիելյան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Թալիշի անվտանգ լինելու մասին ասել է այն իմաստով, որ այնտեղ նախկինի նման չկան կրակոցներ, հրետակոծություններ եւ այլն»: Դե կներես, հարգելի ՊՆ խոսնակ, որ մարդիկ չեն հասկացել, թե ինչ իմաստով է Թալիշի անվտանգության մասին խոսել ՊՆ Սեյրան Օհանյանը: Եվ, այնուամենայնիվ, այդ ո՞ր նախկինի մասին է խոսքը: Էն շատ նախկինից այսկո՞ղմ, թե՞ ապրիլի առաջին օրերից այսկողմ: Իսկ պատահաբար Սեյրան Օհանյանը չգիտի՞, վաղը կրակելո՞ւ են, թե՞ չեն կրակելու:



Արդեն թեւավոր խոսք է դառնում` անունս խոսնակ չլինի, թե օրը մի ապուշություն չասեմ:
Գիտե՞ք, օրինակ, թե ինչպես են զորակոչիկներին ըստ գծերի տեղաբաշխում: Թողեք ձեր բոլոր վատ մտքերն այն մասին, թե իբր հիմնականում անապահով ընտանիքների երեխաներին են տանում առաջին գիծ: Չկա այդպիսի բան: Դա թյուր տպավորություն է, փաստերի սեփական ընկալում, մամուլի հերթական սուտ: Կներեք, բայց ես չեմ կարող սեփական խոսքերով այստեղ ներկայացնել այն ողջ ցնդաբանությունը, որ ի լուր հասարակության տարածել է Արծրուն Հովհաննիսյանը: Ուստի մեջբերեմ բառացի. «Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փաստերի սեփական ընկալում է համարում այն տեսակետը, թե առաջնագծում ծառայում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները, եւ զոհվածների թվում էլ գերակշռում են նրանք:



Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին, պարզաբանեց, որ երբ նորակոչիկն անցնում է ծառայության, իր ունակություններին համապատասխան ընտրություն է կատարվում, թե որ զորամասում ծառայի:



«Երբ մարդ ունի բարձրագույն կրթություն՝ հատկապես մաթեմատիկայի, ֆիզիկայի, լեզվաբանության կամ աշխարհագրության մասնագիտությամբ, ինքը միանգամից առաջնագիծ չի գնում, որովհետեւ բանակում կան մասնագիտություններ: Դիցուք՝ հրետանին, որի տեսակարար կշիռը կազմում է հետեւակի մեկ երկրորդի չափով»,- ասաց նա եւ օրինակ բերեց, որ հրետանիում պետք է մարդ, որը կարող է արագ մաթեմատիկական հաշվարկ կատարել:



Հարցին, թե, այսինքն՝ ապահովվածությունը կրթության հետ եք կապում, ասաց. «Ես չգիտեմ՝ որքան կապ ունի, թե կրթված երեխաները որ ընտանիքից են: Օրինակ՝ ես մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ունակություններով երեխային տանում եմ հրետանի, ավելի բարձրին տանում եմ ՀՕՊ կամ կապի զորքեր, լեզուների տիրապետող մարդուն տանում եմ, ասենք, շտաբային ծառայության, վերջում՝ ով այդ հարցերից թույլ է, սակայն ֆիզիկապես ուժեղ է, գնում է հետեւակ, իսկ պատերազմի կանոններն այնպիսին են, որ առաջին գծում հետեւակն է կանգնում»,- ասաց նա»:



Բոլոր մեկնաբանությունները, ինչպես հասկացաք, ավելորդ են: Փաստորեն, բոլոր ապահովվածների եւ օլիգարխների երեխաները խելացի են եւ ֆիզիկապես թույլ, իսկ անապահովները մաթեմատիկայից թույլ են, բայց ֆիզիկապես ուժեղ: Ստացա՞ք ձեր հարցի պատասխանը, թե ինչու են առաջին գծում անապահով ընտանիքների երեխաները:
Կարծես Արծրունի վրա շատ ծանրացանք ու մոռացանք Դավիթի մասին: Պարոն Բաբայան, դու նախագահի խոսնակ մարդ ես, ծանր տեղդ թեթեւացնում ես, որ ի՞նչ անես: Փառք Աստծո, այս օրերին նախագահի դռան առջեւի հերթին վերջ չկա` Հայաստանի նախագահներից բռնած մինչեւ եվրապատգամավորներ ու առանձին երկրների օրենսդիրներ են մտնում-դուրս գալիս Բակո Սահակյանի մոտ: Խոսելու բան չկա՞, որ մետրն առել՝ հեկտարներն ես չափում, դիրքի կարեւորություն որոշում, հակառակորդի անլուր մտքերը կարդում, գուշակությամբ զբաղվում: Արծրուն Հովհաննիսյանն էլ կտեսնի, որ մաթեմատիկայից լավ ես, ու կտանի հրետանային վաշտ: Բա քեզ պե՞տք է:



Ամփոփեմ: ՀՀ ՊՆ-ում, այսինքն՝ ամենախոր թիկունքում, եթե հավատալու լինենք Արծրուն Հովհաննիսյանի թեզին, հավանաբար, ամենախելացիներին են պահում: Բնականաբար, այնտեղ անապահովներ չկան, որովհետեւ խելացի լինելով՝ բոլորն էլ ֆիզիկապես թույլ են: Եվ հիմա խիստ անհասկանալի է, թե ինչու ՀՀ նախագահը բանակին տոկի տալու այս գործընթացն սկսեց հենց ամենախելացիներից: Երբ Սերժ Սարգսյանն ինձ հրավիրի էքսկլյուզիվ հարցազրույցի, այս հարցն անպայման կտամ իրեն: Քիչ բան չէ, պատերազմ է եղել, եւ ժամանակն է հանրության հետ խոսելու առանց խոսնակների:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ