Գիտաժողով ԵՊՀ-ում՝ ի պատիվ Սաադի Շիրազի

Գիտաժողով ԵՊՀ-ում՝ ի պատիվ Սաադի Շիրազի

Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Պարսից գրականություն եւ պատմություն՝ ի մեծարումն Սաադի Շիրազի» միջազգային արեւելագիտական գիտաժողովը։ Գիտաժողովը, ինչպես երեւում էր հրավիրյալներից, բավականին ներկայացուցչական էր։ Գիտաժողովի բացման խոսքում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ գիտաժողովը կարեւորվում է մի քանի հանգամանքներով՝ ժամանել են Իրանի բոլոր ակադեմիական հաստատությունները ներկայացնող պատվիրակություններ, պատվիրակություն է ժամանել նաեւ Վրաստանից։ Այս առումով, ըստ Վարդան Ոսկանյանի, Հայաստանը կարեւորում է գիտական, կրթական եւ մշակութային համագործակցությունը Իրանի եւ Վրաստանի հետ։



ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ իրանագիտությունը Հայաստանում ունի ավանդույթներ, եւ այսօր զարգանում են ավանդույթները։ Արամ Սիմոնյանը նշեց նաեւ, որ Իրանի՝ մեր հարեւան երկրի, մշակութային, քաղաքակրթական ժառանգությունը հետաքրքրություն է առաջացնում այսօր ինչպես մասնագետների, այնպես էլ ԵՊՀ ուսանողների համար։ Արամ Սիմոնյանը հիշեցրեց, որ ԵՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հետ։ Մշակութային համագործակցությունն էլ հիշելով՝ Արամ Սիմոնյանն ասաց, որ դեռ տասնամյակներ առաջ ենք պատիվ ունեցել թարգմանաբար կարդալու պարսկական պոեզիայի լավագույն նմուշները։



ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ տարածաշրջանի երկրները կրում են իրանական մշակույթի ազդեցությունը։ Ըստ դեսպանի՝ Սաադիի ստեղծագործություններում գերիշխում է չափավորությունը։ «Չափավորություն՝ ծայրահեղականության դեմ»,- այսպես բնորոշեց պարսիկ բանաստեղծի ստեղծագործությունները Սեյեդ Քազեմ Սաջադին՝ միաժամանակ հիշելով պարսիկ բանաստեղծներ Հաֆեզին, Ֆիրդուսուն, որոնց նա համարեց խաղաղության դեսպաններ։