ԿԲ նախագահի հարուստ տիկինը

ԿԲ նախագահի հարուստ տիկինը

Հայաստանում շեշտակի վատացող սոցիալական վիճակին ու աղքատությանը զուգահեռ՝ աճում են պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների դրամական միջոցները:



Հայաստանի գլխավոր դարամատան՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի նախորդ տարվա փոխառությունները, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում զետեղված տեղեկության, ավելի քան 20 միլիոն դրամ են կազմել: Նրա կինը՝ Հասմիկ Մանուկյանը, նշել է 10 միլիոն 502 հազար դրամի չափով փոխառություններ: Ջավադյանի եւ նրա կնոջ 2015թ. հայտարարագրերից տեղեկանում ենք նաեւ, որ ամուսինների տարեկան աշխատավարձերը կազմել են 24 միլիոն 562 հազար 253 եւ երեք միլիոն 652 հազար 945 դրամ: Ըստ հայտարարագրի՝ ԿԲ նախագահի տիկինն անցյալ տարի 39 միլիոն 500 հազար դրամ է ծախսել՝ գնելով շինություն: Թե ինչ շինություն՝ հստակ չէ:



Ինչ վերաբերում է նրանց դրամական միջոցներին, ապա Ջավադյանը հայտարարագրել է 121 միլիոն դրամ, 525 հազար ԱՄՆ դոլար եւ 151 հազար եվրո դրամական միջոցները: Հասմիկ Մանուկյանը՝ 51 միլիոն դրամ, 560 հազար ԱՄՆ դոլար եւ 280 հազար եվրո: Ջավադյանի եկամուտները կազմել են 260 հազար, իսկ նրա կնոջ եկամուտները՝ 24 միլիոն 227 հազար դրամ: Ահա այսպիսի թվաբանություն: