Նոր ռեկտորի ծրագիրն ընդամենը 5 էջ է եղել

Նոր ռեկտորի ծրագիրն ընդամենը 5 էջ է եղել

Մենք որոշ մանրամասներ ենք պարզել Արդարադատության ակադեմիայի խորհրդի հունիսի 28-ի նիստից, որի ժամանակ ռեկտոր են ընտրել ՀՔԾ պետի նախկին խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր Սերգեյ Առաքելյանին։ Ինչպես հայտնի է, այդ նիստը փակ է անցկացվել, ՀԿ-ներին մերժել են դիտարկումներ իրականացնել, իսկ ավելի վաղ ակադեմիայի խորհուրդը հրաժարվում էր հրապարակել թեկնածուների անունները, ինչը նշան էր, որ փակ դռների ետեւում, առանց հսկողության ու թափանցիկության ռեկտոր են նշանակելու։ Ո՞ւմ կողմից։ Երեկ մեզ տեղեկություն հասավ, որ նիստին նախորդած օրերին նախագահականից «զանգ ընկերոջն» են ստացել, եւ նիստի ընթացքն այնքան կանխատեսելի է եղել, որ թեկնածուներից մեկը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակից Սարգիս Թորոսյանը, չի ներկայացել նիստին, ուղարկել է միայն իր ծրագիրը։ Թորոսյանը, ըստ հրապարակումների, համարվում է Հրայր Թովմասյանի եւ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի «պրոտեժեն»։ Իր հաղթանակի մասին Սերգեյ Առաքելյանը, հավանաբար, տեղյակ է եղել։ Ասում են՝ նա թույլ եւ մակերեսային ծրագիր է ներկայացրել, որն ընդամենը 5 էջ է եղել՝ ներկայացված ծրագրերից ամենահակիրճը։ Նիստը տեւել է ընդամենը մեկ ժամ։



Նոր ռեկտոր Սերգեյ Առաքելյանի մասին հակասական կարծիքներ կան։ Մասնագետների մի մասը պնդում են, որ նա լավ հանձնարարություն կատարող է, «գրպանային գերազանցիկների» դասից, որին մշտապես պատվիրված եւ խիստ վերահսկելի փորձագիտություններ են հանձնարարվել։ Անցյալ տարի ՀՔԾ-ն հրատարակեց Սերգեյ Առաքելյանի հեղինակած «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման եւ քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» ձեռնարկը։ Սա լավ տեսական աշխատանք է, բայց, ինչպես հայտնի է, գործնականում ՀՔԾ-ի պայքարը պաշտոնեական հանցագործությունների դեմ այնքան էլ գործուն չէ։ Մյուսների կարծիքով, Առաքելյանը փայլուն մասնագետ է, լավ ռեկտոր կլինի՝ թարմ մոտեցումներով, եւ նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող իրավաբաններն են նրան ընդունում։ Ի դեպ, ասում են, Սերգեյ Առաքելյանը բավականին մոտ է Կարեն Դեմիրճյանի ընտանիքին, պատմում են Ստեփան Դեմիրճյանի հետ նրա ջերմ հարաբերությունների մասին։ Նա նաեւ ՀՀ նախագահի օգնական, նրա նախկին ռեֆերենտ Հրայր Ղուկասյանի մտերիմներից է, որը նույն տեսակի պաշտոնյաներից է, ստաժավոր «անկախ փորձագետների» դասից։ Նույն սերնդի եւ շրջանակի իրավաբան է նախկին սոցապնախարար Գեւորգ Պետրոսյանը, որը երեկ համացանցում շնորհավորել էր Առաքելյանի նշանակումը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ