Միհրան Մովսիսյանի դատը հետաձգվում է

Միհրան Մովսիսյանի դատը հետաձգվում է

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլին ուրանի մաքսանենգության համար կալանավորված Միհրան Մովսիսյանի գործով, որը հանրությանը հայտնի է որպես Ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդի։ Վրաստանի ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի գլխավոր քննչական վարչությունն ավարտել է ուրանի արտահանման եւ իրացման փաստով վարույթը եւ գործն ուղարկել դատարան։ Սակայն դատավարությունը ոչ մի կերպ չի սկսվում։ Մի քանի անգամ նիստերը հետաձգվել են։ Ըստ վրաց իրավապահների, Միհրան Մովսիսյանն ու եւս 5 անձ փորձել են վաճառել մոտ 200 մլն. դոլարի ռադիոակտիվ ուրան, սակայն իրացման պահին բռնվել են «հանցավոր խմբի» անդամներից մեկի բնակարանում։ Քրեական գործը հարուցվել էր Վրաստանի Քրօր. «Միջուկային նյութերի եւ սարքավորումների, ռադիոակտիվ թափոնների, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության» հոդվածով, որը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում։



Քննությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ Միհրան Մովսիսյանի դեմ ապացույցներ չկան։ Նա ձերբակալվել է իր թբիլիսյան ծանոթներից մեկի բնակարանում, երբ նրան հյուր է գնացած եղել, իսկ ուրանը, որը հայտնաբերել են, իր հետ ոչ մի կապ չունի։ Կարծիք կա, որ Միհրան Մովսիսյանի ձերբակալությունն աշխարհաքաղաքական իրավիճակի կոնտեքստում է, որ սա հակառուսական քայլ էր, քանի որ Միհրան Մովսիսյանը կապեր ուներ ռուսական բիզնես-աշխարհում։ Մեր իրավապահները եւ պաշտոնական ատյաններն այս գործի վերաբերյալ լիակատար լռություն են պահպանում։ Մինչդեռ մեր պետական այրերը եւ հատկապես նրանք, ովքեր նստած են ԱԱԾ-ում, վաղուց պետք է անհանգստանային։ Միհրան Մովսիսյանը սովորական հայ մարդ չէ կամ ՀՀ քաղաքացի։ Նա ԱԱԾ գեներալ է, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։



Ստացվում է՝ Պերմյակով մարդասպանին մենք պահանջում ենք, որ ինքներս դատենք, պահանջում ենք, որ խոշոր վթարի մեջ մեղավոր ավտոբուսի վարորդին, որն անարգվել է Ռուսաստանի իրավապահների կողմից, Հայաստանում դատեն, բայց ՀՀ ԱԱԾ գեներալ են ձերբակալում, եւ մենք ու առաջին հերթին պետական բարձրագույն մարմինների ղեկավարները մեզ այնպես ենք պահում, կարծես ոչինչ չի կատարվել, կարծես նման մարդ չի էլ եղել, եւ ոչ ոք ոչ մի պահանջ չունի Վրաստանի պետությունից։ Ի վերջո, եթե անգամ համապատասխանում է ճշմարտությանը 200 մլն. դոլար արժողության ուրանի պատմությունը, բա մի հարցնող չկա՞, թե որտեղից է այդ «գռուզը» եւ ինչու հայտնվեց Վրաստանում։ Ի վերջո, սա նաեւ Հայաստանի պետական անվտանգության հարցն է։ Ի դեպ, վրացական ԶԼՄ-ներն այս գործի մասին լռում են։



Միակ հրապարակային աղբյուրը Վրաստանի անվտանգության ծառայության քննիչ Սավլե Մոտիաշվիլին է, որն այդ մասին հայտարարություն արեց բրիֆինգի ժամանակ։ Կարծում ենք՝ եթե նախաքննության արդյունքում իրոք ապացույցներ ձեռք բերված լինեին, այս մասին վրացական մամուլը վաղուց գրած կլիներ։ Իսկ թե ում էր վաճառվելու ուրանը, եւ որտեղից են մաքսանենգներն այն ձեռք բերել, վրացական հատուկ ծառայությունները չեն հայտնում։ Մեր տեղեկություններով, ուրանի խմբաքանակի գնորդները թուրքեր են եղել։ Ինչ հոդվածով են մեղադրանք առաջադրել մերոնց, հայտնի չէ։ Ըստ մեր աղբյուրի, սակայն, այդ հոդվածը ենթադրում է 12 տարվա ազատազրկում։ Թե մաքսանենգների ձերբակալության օրերին, թե այսօր Հայաստանի ոչ հատուկ, ոչ էլ որեւէ այլ պետական ծառայություններ, ներառյալ ԱԳՆ-ն, չարձագանքեցին այս իրադարձությանը, ինչը, համաձայնեք, տարօրինակ է, կարծես խոսքը ոչ թե ռադիոակտիվ նյութի, այլ կարտոֆիլի գողության մասին է։ Աղմուկը բարձրացավ միայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ Միհրան Մովսիսյանը ձերբակալվածների թվում է։ Միհրան Մովսիսյանի մասին հակասական տեղեկություններ կան՝ Արցախի ազատամարտին հերոսաբար մասնակցելուց մինչեւ դիակապտություն՝ զինվորների թալան։ Երկար տարիներ նա ՀՀ հատուկ ծառայությունների հետ է համագործակցել։ Ավելի ստույգ՝ աշխատել է այդ ծառայություններում 1994-1999 թվականներին, զբաղեցնելով մաքսային վարչության պետի տեղակալի պաշտոնն անվտանգության գծով։ Նրա ծառայակիցները պատմում են, որ Միհրան Մովսիսյանը հատուկ ուշադրություն էր դարձնում մաքսանենգության գործերի վրա։ Նա ունի բարձր զինվորական կոչում, եւ այս հանգամանքը, եւ Միհրան Մովսիսյանի կապը հայկական հատուկ ծառայությունների հետ նոր երանգ են հաղորդում այս գործին։ Փաստորեն ստացվում է, որ ՀՀ հատուկ ծառայությունների աշխատակիցը թուրքերին ուրան է վաճառել։ Միհրան Մովսիսյանին ճանաչողներն այնքան էլ չեն հավատում այս վարկածին՝ ասելով․ չի բացառվում, որ Վրաստանի հատուկ ծառայությունները քաղաքական պրովոկացիաներ են անում հօգուտ թուրքերի։ Նախ՝ ապացուցելու համար, որ Հայաստանը միջուկային զենքի պոտենցիալ արտադրող է, երկրորդը՝ անվանարկելու կռվածներին։ Մյուս կողմից՝ հայկական ուրանի մաքսանենգությունը հին թեմա է, պարբերաբար արծարծվող՝ դեռեւս 90-ականների սկզբից։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ