Ղարաբաղում չեն վախենում «տղաների» մեջքին կանգնել

Ղարաբաղում չեն վախենում «տղաների» մեջքին կանգնել

Երեւանի Խորենացի փողոցի դեպքերի մասին Ղարաբաղում իմացան շատ ուշ։ Տեղի հեռուստատեսությունը հուլիսի 17-ին ոչինչ չէր հաղորդում, եւ նրանք, ովքեր ինտերնետին չէին հետեւում, միայն հաջորդ օրը տեղեկացան, որ մի խումբ ապստամբներ Երեւանում ոստիկանական ստորաբաժանում են գրավել, պատանդներ վերցրել, անգամ զոհ կա։ Հասարակ ժողովրդի համակրանքն ապստամբների կողմն է, մանավանդ, որ նրանք Արցախի համար արյուն թափողներից են։ «Պավլիկը կամ ես՝ ո՞ւմ համար ենք կռվել։ Մեր զավակներն ո՞ւմ համար են ծառայել։ Պավլիկի տղան լավագույն զինվորն է եղել, բայց էսօր՝ տես, մարդն ինչ իրավիճակի է հասել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հողագործությամբ զբաղվող նախկին ազատամարտիկը։ «Պավլիկենց պատժելիս կառաջնորդվեն իրենց կատաղության չափով»,- ասաց մյուսը։



ԼՂՀ քաղաքական գործիչները, անշուշտ, ավելի ինֆորմացված են եւ, ի տարբերություն հայաստանյան գործիչների, ավելի անվարան են պաշտպանում ապստամբներին։ Հուլիսի 18-ին «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որն առավոտվա 6-ից հետեւել էր իրադարձություններին եւ հեռախոսակապի մեջ էր ապստամբների հետ, հանգուցալուծման հետեւյալ սխեման առաջարկեց․ «Սերժ Սարգսյանն ստորագրում է հրամանագիր Վոլոդյա Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին եւ ընկերներին, Հայկ Կյուրեղյանին, Գեւորգ Սաֆարյանին ներում շնորհելու մասին: Զինված խումբը վայր է դնում զենքերը եւ հանձնվում, պատժվում օրենքով նախատեսված կարգով: Հակառակ դեպքում արյունահեղությունն անխուսափելի է, տասնյակ զոհերն անխուսափելի են: Ես խմբի անդամներին լավ եմ ճանաչում, հակառակ դեպքում նրանք ընտրելու են արժանապատիվ մահը»։ Այլ մեկնաբանություններ անելուց նա հրաժարվեց։ Հարցին, թե որքանով է այս գրոհը կապված հողերի հանձնման մասին տարածվող խոսակցությունների հետ, Հայկ Խանումյանը պատասխանեց․ «Այստեղից ակտիվ աշխատում են, որպեսզի անարյուն հանգուցալուծում լինի, համենայնդեպս, այլեւս արյուն չլինի: Կարծում եմ, որ եթե հայաստանյան իշխանություններն ընդունեն որոշ հեղինակավոր արցախցիների միջնորդությունը, կարելի է հարցին արագ լուծում գտնել»:



Իսկ ո՞ւմ նկատի ունի՝ ասելով «հեղինակավոր արցախցիներ»։ Խանումյանը մութ պատասխան տվեց․ «Կան այդպիսիք, անուններ չտամ, որովհետեւ լիազորված չեմ»։ Երեկ «հեղինակավոր արցախցիներից» մեկը՝ Սամվել Բաբայանը, իր «հավատարիմ լրատվամիջոցին» տված հարցազրույցում ընդամենը արձանագրեց, որ պատային իրավիճակ է ստեղծվել, եւ պաշտպանեց «տղաներին»․ «Համոզված եմ, որ տղաների նպատակը ոստիկան սպանելը չէր։ Մեր պետությունը լուրջ հիվանդ է, եւ այդ հիվանդությունն այս անգամ այդ ձեւով է արտահայտվել։ Մեր պետական օրգանիզմը գոռում է եւ ահազանգում։ Սրա մասին մտածեք»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ