Իսկ ի՞նչ էր անում օպերատորը ՊՊԾ գնդում

Իսկ ի՞նչ էր անում օպերատորը ՊՊԾ գնդում

Ոստիկանության եւ «Սասնա ծռերի» միջեւ զինված բախման արդյունքում վիրավորվեց «02»-ի օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ Նրա ղեկավարը՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը վստահեցնում է, որ ոչ մի զարմանալի բան չկա այդտեղ․ «Մեր աշխատակիցները միշտ էլ նկարահանումներ են իրականացնում։ Տարօրինակ ոչինչ չկա։ Ընդ որում՝ նա մենակ չէր»։ Բայց, հաշվի առնելով ՊՊԾ գնդի հետ հուլիսի 17-ի լույս 18-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերի շուրջ ինֆորմացիայի սղությունը, օպերատորի հարցն օրինաչափ է։



Ի՞նչ նպատակով է ՊՊԾ գնդում հայտնվել օպերատորը հատուկ օպերացիայի ժամանակ։ Այս հարցը երեկ բարձրացրեց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ մի խումբ փաստաբանների հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Ունենք տեղեկություն, որ այս խմբի կողմից ՊՊԾ տարածքը վերցնելուց հետո ոստիկանությունը կազմակերպել է գրոհ, որի արդյունքում եւ որի ընթացքում է վիրավորվել օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ Անհասկանալի է, թե ինչու էր նա մասնակցում հատուկ գործողությանը, ով էր թույլատրել նրա մասնակցությունը եւ ի՞նչ նպատակով, արդյո՞ք սա հետագայում ցուցադրություններ կազմակերպելու համար չէր։ Կարծում եմ՝ չափազանց խնդրահարույց է եղել գրոհ իրականացնելու այդ որոշումը, եւ արդյունավետ քննությունը պետք է բացահայտի նաեւ այդ որոշման պատասխանատուներին»։ Եթե եղել է գրոհ, ապա կենսունակ է իրավական շրջանակներում տարածվող մի վարկած, որը բացատրում է նաեւ ոստիկանապետի առերես պասիվությունն այս օրերին։ Ըստ այդ վարկածի, «Սասնա ծռերը» ՊՊԾ գունդը գրավել են առանց մի կրակոցի։ Հետագայում հրահանգ է եղել «գրոհել գրոհայիններին» եւ հնարավորինս արագ հետ բերել կորցրածը։ Եթե գրոհը հաջողվեր, առավոտյան մենք մի նոր կինո էինք նայելու այն մասին, թե ինչպես գիշերով ոստիկանությունը վնասազերծեց հանցավոր խմբավորմանը։ Բայց «կինոն» չստացվեց։ Ոստիկանությունը գրոհ է ձեռնարկել այն բանից հետո, երբ ՊՊԾ գունդն արդեն վերցրել էին։ Սա ճի՞շտ է։ Ոստիկանության մամուլի պատասխանատուն կարճ պատասխան է տալիս․ «Ոչ»։ Նաեւ հիշեցնում է, որ զինյալներն իրենք էին պատմում, թե ինչպես են կրակել։ Մասնավորապես, Հիմնադիր խորհրդարանի Շիրակի մարզի պատասխանատու Արամ Հակոբյանը ներկայացրել էր, որ ոստիկաններից մեկը՝ խոսքը գնդապետ Արթուր Վանոյանի մասին է, սկսեց կրակել․ «Ատրճանակում 9 փամփուշտ ուներ, 9-ն էլ կրակեց, վիրավորեց մեր ընկերներից մեկին, մերոնք էլ ստիպված ինքնապաշտպանության համար կրակեցին: Մյուսները բացարձակապես չդիմադրեցին, ու ոչ մեկին ոչինչ չեղավ: Ես չեմ կարող ասել՝ մեզանից ով է իրեն պատասխան տվել, բայց ինքն էր առաջինը»։ Պետք է ընդունել, որ «Սասնա ծռերի» այս եւ մյուս շարադրանքներից չի երեւում ոստիկանների քայլերի հերթականությունն ու հիմնավորվածությունը։ Եթե դա գրոհ էր, ուրեմն, դրան ծանրակշիռ վերլուծություն պետք է նախորդեր, հաշվարկ, թե ինչպիսի վտանգ է այն ստեղծում այլ անձանց համար, ինչն այս դեպքում ուղղակի չի արվել։



Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանին խնդրեցինք ներկայացնել, թե որ ժամին է շտապօգնությունն ահազանգ ստացել, որ ՊՊԾ տարածքում վիրավորներ կան, հույսով, որ, համադրելով ահազանգի ժամը եւ ապստամբների ՖԲ գրառումները, կկարողանանք տեսնել, թե արդյոք գնդի գրավումից հետո՞ են եղել վիրավորումները, թե՞ ավելի շուտ։ Սակայն նա մեզ հրաժարվեց տեղեկություն տրամադրել։ «Մենք գնացինք դեպքի վայր, բայց ես չեմ կարող պատասխանել։ Այս պահին ձեռքիս տակ չեն տվյալները։ Կլինի՞, որ ես Ձեզ ինֆորմացիա չտամ։ Ես չեմ կարող այդ դեպքերի մասին որեւէ ինֆորմացիա տալ»,- ասաց Թագուհի Ստեփանյանը՝ ակամայից հաստատելով փաստաբանների կասկածները։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ