«Բարեւ Երեւան» խմբակցության կոչը՝ Երեւանի ավագանու անդամներին

«Բարեւ Երեւան» խմբակցության կոչը՝ Երեւանի ավագանու անդամներին

Երեւանի ավագանում «Բարեւ Երեւան» խմբակցությունը հանդես է եկել կոչով.



«2016թ. հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի եւ «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավեցին մայրաքաղաքի հիմնական ոստիկանական բազաներից մեկը` ՊՊԾ գունդը՝ վերջնագիր ներկայացնելով ՀՀ նախագահին` ազատել Ժիրայր Սեֆիլյանին եւ Հայաստանի մյուս քաղբանտարկյալներին, ներկայացնել սեփական հրաժարականը: Սա ունեցավ հասարակական լայն արձագանք. կազմակերպվեցին բազմահազարանոց խաղաղ ցույցեր եւ երթեր՝ ի աջակցություն «Սասնա Ծռեր» խմբավորման:



Այս իրադարձությունների հանդեպ անտարբեր չէին կարող մնալ երեւանցիների կողմից ընտրված ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, ովքեր այս ամբողջ ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին՝ զսպելու եւ կանխելու հասարակության ու ոստիկանության միջեւ բախումը: Սանասարյանը նաեւ «Հակաճգնաժամային խորհուրդ» նախաձեռնության անդամ էր, իսկ նախաձեռնության հիմնական նպատակը խաղաղ ցույցեր կազմակերպելն էր` հանդիսանալով որպես միջնորդ երկու կողմերի միջեւ` խուսափելու բախումներից եւ արյունահեղությունից: Օրեր առաջ զանգվածային անկարգություններ կազմակերպելու անհիմն մեղադրանքով ձերբակալվեցին եւ կալանավորվեցին Երեւանի ավագանու այս երկու անդամները:



«Բարեւ Երեւան» խմբակցությունը դատապարտում է այս իրողությունը՝ հիմք ընդունելով փաստաբանների հայտարարությունն առ այն, որ նրանց կալանավորումը շինծու է, քաղաքական հետապնդում է իրականացվում:



Խմբակցությունը անընդունելի է համարում նաեւ Երեւանի ավագանու անդամների անտարբերությունը մայրաքաղաքում ծավալված վերջին իրադարձությունների հանդեպ՝ կոչ անելով միանալ «Բարեւ Երեւան» խմբակցության պահանջին՝ անհապաղ ազատ արձակել Երեւանի ավագանու անդամներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին:



Խմբակցությունը նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունն է հրավիրում եւ ակնկալում նրա դիրքորոշումը ավագանու անդամների ձերբակալման առնչությամբ:



Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը եւ Դավիթ Սանասարյանը մեղադրվում են քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասին հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը: