Ծիծաղելի մեղադրանք են առաջադրել. Հովսեփ Խուրշուդյանի ծնողներ

Ծիծաղելի մեղադրանք են առաջադրել. Հովսեփ Խուրշուդյանի ծնողներ

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանին կալանավորել են հուլիսի 29-ին։ Նրան մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը)։



Հովսեփի տարեց ծնողները՝ Էդմոն Խուրշուդյանն ու Ստելլա Մանուկյանն այդ մասին իմացել են մի քիչ ուշացումով, անսպասելի, քանի որ այդ ժամանակ հանգստանալիս են եղել Աղվերանում։ «Երբ մենք հետ էինք գալիս, ինքը պետք է գար եւ մեզ դիմավորեր, աղջիկս եկավ ու հայտնեց, որ իրեն կալանավորել են»,- ասում է Հովսեփի մայրը՝ տիկին Ստելլան։ Այժմ Հովսեփ Խուրշուդյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։



«Տարբեր ժամանակ երկու միլիցիաներ ցուցմունք են տվել, որ իբր Հովսեփը քար է նետել ոստիկանի վրա։ Ծիծաղելի բան է պարզապես։ Բայց հետո փաստաբանն ասաց, որ ինչ-որ բան էին պայթեցրել, մի աղջկա ոտքն այրվել էր, այդ աղջկա հետ մտել են ինչ-որ տուն, զանգել են «Շտապ օգնություն», այնտեղից եկել, այդ աղջկան տարել են, հետո ոստիկանությունն է ներս մտել, էդ ոստիկանների ղեկավարն ասել է՝ սրան էլ բռնեք, բռնել-տարել են։ Իսկ քար նետելու մասին տեքստը նույնությամբ ասում էին»,- պատմում է հայրը։ Սակայն հետո, ըստ Հովսեփի ծնողների, աղջիկը հրաժարվել է որեւէ ցուցմունք տալ։



Հովսեփի՝ մասնագիտությամբ ինժեներ ծնողները ծիծաղելի են համարում այն մեղադրանքը, որ առաջադրվել է իրենց որդուն։ Հայրն ասում է, որ այդկերպ փորձում են հեղինակազրկել իր որդուն, որովհետեւ նա քաղաքական գործիչ է։ «Ճիշտ է, ծնող ենք, ցավում ենք, բայց դե ինքը քաղաքական գործիչ է, ամեն ինչ էլ կպատահի։ Սա էլ փորձություն է։ Եթե քաղաքական գործունեության մեջ է մտնում մարդ, ինչ կեղտոտություն ասես՝ կանեն մարդու նկատմամբ։ Ես էլ ջահել ժամանակ մասնակցել եմ նման բաների»,- ասաց Էդմոն Խուրշուդյանը։



Տիկին Ստելլան էլ մեզ հետ զրույցի վերջում ասում է, որ անկախ ամեն ինչից, պետք է շարունակել պայքարը, չվհատվել։ Թեեւ իր փոքր որդին՝ Մուշեղը, տարիներ առաջ է մեկնել Հայաստանից՝ ասելով, որ ինքը չի կարող ապրել եւ աշխատել այս միջավայրում։
«Երիտասարդ սերունդը պայքարող է, կարծում եմ, որ նա չի հանդուրժի այն բարքերը, որոնք տիրում են Հայաստանում»,- ասաց տիկին Ստելլան։



Թագուհի Հակոբյան