Նախարարը կատակ է արել

Նախարարը կատակ է արել

Այս տարվա մայիսին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով իրենց ոլորտում կրճատումների թեմային, ասել էր. «Եթե անտառապահները չլինեն, ապօրինի անտառահատումների դեպքերը ավելի քիչ կլինեն»։



«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն այսօր Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի նախարարի այս խոսքը ու դրանից հետո արդյոք անտառապահների կրճատե՞լ են, ասաց. «Երբ միայն խոսքն ես լսում, լրիվ ուրիշ տպավորություն է, բայց երբ տեսանյութով լսես, զգացվում է, որ նախարարը կատակով ասաց, որ անտառապահները եթե չլինեն, ավելի քիչ կկտրեն անտառը»։ Հետո նշեց, որ նախարարը, իհարկե, օդից չի ասել դա, քանզի լինում են ապօրինի ծառահատման դեպքեր, որոնց մասնակից է լինում նաև անտառապահը։



Ըստ Մաթևոսյանի՝ վերջին մեկ շաբաթն իրենք կրճատումներով են զբաղված, և այս պահի դրությամբ նախատեսված է կրճատել «Հայանտառի» 30-35 աշխատակից՝ ընդհանուր 976 աշխատակցից։ Այդ աշխատակիցների մեջ անտառապահներ չկան, փոխարենը կան անտառապետեր, այլ աշխատակիցներ, օրինակ՝ անտառտնտեսության տնօրենի տեղակալ, անտառկուլտուրաների ինժեներ, տեխնիկ և այլն։ Մաթևոսյանի կարծիքով՝ պետք չէ մտածել, թե անտառապահը կարող է կանխարգելել ամեն ինչ, պետք է այդ ապօրինության ծնող պատճառները վերացնել։



Այսինքն՝ նախարարի ասածը որևէ հետևանք չունեցա՞վ, պարոն Մաթևոսյանն ասաց.«Դե դա նախարարը կատակով էր ասում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ