Վարչապետին տրվել է նախաձեռնողականության իրավունք

Վարչապետին տրվել է նախաձեռնողականության իրավունք

ՀՀԿ-ի վարչապետափոխության հայտնի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքական գործիչների մի մասը ողջունում է՝ դրանում նոր որակ ու նոր խոսք տեսնելով, մյուս մասը հիշեցնում է նրա հին ու չիրականացրած խոստումները եւ թերահավատորեն վերաբերվում դրանց։



ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը Սերժ Սարգսյանի ելույթից տպավորություն ունի, որ նոր վարչապետին լիակատար ազատություն է տրվելու, ի տարբերություն նախորդի, եւ որոշումներն էլ չեն թելադրվելու մեկ՝ հայտնի կենտրոնից։ Տնտեսագետի խոսքով, հավանաբար, երկրի նախագահը տեսնում է, որ կոլեգիալության ապահովումն անհրաժեշտություն է, եւ դրա համար նոր տեղաշարժեր ու փոփոխություններ է սկսել. «Ելույթից ես հասկացա, որ վարչապետի հետ բարձր մակարդակ է լինելու, եւ այդ մակարդակում ենթադրվելու է նախաձեռնողականության իրավունք։ Չեմ կարող հիմա ասել՝ այդ նախաձեռնողականության իրավունքը շատ մեծ կամ փո՞քր է լինելու, բայց, բոլոր դեպքերում, սա կարելի է ճեղքում որակել, որ, ի տարբերություն նախորդ մոնոկառավարման, հիմա կարծես թե ընձեռվում է հնարավորություն»։



ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով էլ արտաքին ու ներքին մարտահրավերները, որոնք ծառացած են ժողովրդի առջեւ, թույլ չեն տալիս սպասել մինչեւ 2017թ. ԱԺ ընտրությունները, եւ խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցնելու համար ճիշտ է, որ այսօրվանից սկսվեն փոփոխությունները: Ռուստամյանի խոսքով` դա նաեւ հնարավորություն է տալու ՀՅԴ-ին աշխատելու նոր կառավարության ծրագրի վրա, որ համահունչ լինի այն քաղաքական համագործակցության համաձայնագրի հետ, որը կնքվել է ՀՀԿ-ի հետ: «Մեր հասարակության մի զգալի մասը չունի այդ համբերությունը եւ չի պատկերացնում, որ 2017թ. բարեփոխումները կբերեն այն նպատակների իրականացմանը, որոնք շատերը մտքում այսօր ունեն: Մենք համոզում ունեինք, որ ոչինչ չի խանգարում մեզ փոփոխություններն սկսել այսօր: Պետք է նոր սկզբի հիմքեր դնել, մարդկանց մոտ հույսեր արթնացնել: Այդ համատեքստում ես գնահատում եմ Հովիկ Աբրահամյանի քայլը՝ հրաժարականը, եւ հույս ունեմ, որ նոր վարչապետը, որը բանիմաց, պարկեշտ, կիրթ, իր գործը լավ իմացող անձնավորություն է, ունի ժամանակակից մտածելակերպ եւ կարող է առաջնորդել փոփոխությունները»,- ասել է Արմեն Ռուստամյանը:



«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը չի հավատում Սերժ Սարգսյանի խոստումներին, հիշեցնում է, որ անցյալում էլ բազում խոստումներ է տվել, բայց չի կատարել։ «2008-ի մարտի 1-ի գնդակոծությամբ Բաղրամյան 26-ը գրաված մարդն այդպիսի շատ ելույթներ է ունեցել, «պատ» է քանդել, «ատկատներ» է վերացրել եւ այլն, այս բոլորը լսելուց հետո ո՞վ լուրջ կվերաբերվի իր ելույթին։ Ինչ է՝ հին Սահմանադրությունն ասում էր թալանի, աղքատացրո՞ւ բոլոր ընտանիքներին, արտագա՞ղթ կազմակերպի»,- հարցնում է Մակեյանը։ Նրա կարծիքով, այս վարչապետափոխությամբ իրականում մի քանի խնդիր է լուծվում. «Առաջին նպատակն է՝ գոլորշի բաց թողնել հասարակության մեջ, տպավորություն ստեղծել, որ ինչ-որ բան է փոխվում, երկրորդը՝ գերտերություններին հաճոյանալու հարց լուծվեց, եւ երրորդ՝ ամենակարեւորը, զորիբալայանական կլանն այս նշանակումով ամբողջական իշխանությունը վերցրեց»։ Ի՞նչ է «զորիբալայանական կլան»-ը։ «Դուք չգիտե՞ք, որ այդպիսի պալիտբյուրո կա, գաղտնիքներ կան, որ չեմ ուզում ասել, թե ապրիլյան պատերազմից ու ՊՊԾ գնդից հետո հավաքվել ու ինչ են խոսել»,- ասաց նա։ Մակեյանը կտրուկ բացառեց, որ մասնակցություն կունենա ազգային համաձայնության կառավարությանը, որի ձեւավորման մասին ավելի վաղ հայտնել է Սերժ Սարգսյանը։ Ի դեպ, նա առաջարկ ստացել է եւ Քոչարյանի կողմից՝ 2000 թվականին, եւ Հովիկ Աբրահամյանի վարչապետության ընթացքում, բայց երկու դեպքում էլ մերժել է։ Հովիկ Աբրահամյանը չէր մտնում զորիբալայանական կլանի մեջ, նա, ըստ Մակեյանի, իշխանության ներսում «հանգուցային» գործիչ էր, ունակ ինքնուրույն որոշումներ ընդունելու, ինչն անընդունելի էր «իշխանության բանդայի» համար։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ