«Բարեփոխիչ» վարչապետին այնքան էլ չեն հավատում

«Բարեփոխիչ» վարչապետին այնքան էլ չեն հավատում

Մեկ-երկու օրից կմեկնարկի խաղողի բերքահավաքը: Եթե տարիներ առաջ այդ փաստն ուրախացնում էր խաղող արտադրողներին, ապա հիմա՝ ճիշտ հակառակը: Մարդիկ ներդրումներ են արել, ահռելի ռեսուրսներ ծախսել՝ առատ բերք են աճեցրել ու կրակն ընկել իրենց աճեցրած խաղողի ձեռքը: 



Մթերող ընկերությունները կարծես թե խաղող գնելու մտադրություն չունեն: Արտադրողներն այդ վտանգը զգացել են դեռեւս ամիսներ առաջ, երբ գործընկեր կազմակերպությունները հրաժարվել են պայմանագիր կնքել նրանց հետ: Ու հիմա՝ դռնեդուռ ընկած, խաղող արտադրողներն իրենց բերքը «նաղդելու» ճանապարհներ են փնտրում:



«Թե էդ Հովիկ Աբրահամյա՞նն էս նեղ մաջալին ինչի դիմում գրեց-գնաց»,-անկեղծորեն զարմացած հարցրեց 80-ամյա Աղանուր Ինջուղուլյանը: Արմավիրցի տարեց այգեգործի կարծիքով՝ արտադրող-մթերող քանդվող շղթայի հեղինակը նախկին վարչապետն է: «Եթե ինքը ճիշտ կազմակերպիչ լիներ, մենք էս վիճակին չէինք հասնի: Բա կարելի՞ է, որ պետությունը քաշվի մի կողմ ու կողքից հետեւի արտադրող-մթերող խզվող հարաբերություններին»:



Վիճակն այնքան է լրջացել, որ այգեգործները նույնիսկ շահույթի մասին չեն մտածում: Ասում են՝ ծախսածածկին էլ ենք համաձայն, միայն թե բերքը «ոտի տակ չկորչի»:
Նոր վարչապետի հետ այգեգործները հույսեր չեն կապում: «Ոնց նախկինները, էնպես էլ ինքը. ոչ մեկը մեր մատից փուշ հանող չէ»,-ասացին: Թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերին այգեգործները ծանոթ չեն ու չգիտեն՝ ինչին հավատան, ինչին՝ ոչ, բայց «եթե ստանձնի մթերումն անթերի իրականացնելու գործը՝ որպես վարչապետի պաշտոնում առաջին լուրջ աշխատանք, կարող է հավատանք իրեն ու իր գործին: Լավ էլ ժամանակ է պաշտոն ստացել. թող ազդեցության լծակները գործի դնի, որ մեր բերքն ընդունեն»,-ասաց Աղանուր Ինջուղուլյանը:



Իսկ Հրայր Ավետիսյանի համար «բարեփոխիչ» վարչապետը հավատ չի ընծայում: ««Գազպրոմում» աշխատած ժամանակ ի՞նչ արեց, որ հիմա ինչ անի: Գազը թանկացրեց՝ հերիք չէ, միլիոնների պարտքն էլ վզներիս դրեց ու գնաց: Չնայած ես իրեն չեմ հավատում, բայց եթե մի բան անի, որ մեր խաղողը մթերեն, կարող է հավատամ: Թե չէ՝ չեկած, արդեն խնամի-խնամի ու քավոր-սանիկ է խաղում... Էլ ի՞նչ սպասելիքների մասին է խոսքը...»։



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ