Հաղթողներին չեն քննադատում. ԲՀԿ-ական պարտված թեկնածու

Հաղթողներին չեն քննադատում. ԲՀԿ-ական պարտված թեկնածու

Աշտարակում երեկվա ընտրություններում չորս թեկնածուներից քաղաքապետ է ընտրվել 27-ամյա գործարար, անկուսակցական Թովմաս Շահվերդյանը։ Նրա հետ պայքարում էր նաև 27-ամյա մեկ այլ գործարար՝ Արշալույս Մեժլումյանը, ով առաջադրվել էր ԲՀԿ-ի կողմից։ Վերջինս ձայների քանակով գրավել է չորրորդ տեղը։



Ա. Մեժլումյանը, սակայն, ասաց, որ ինքը մեկնաբանություն չունի ընտրությունների ընթացքի և իր պարտության վերաբերյալ։



-Արդա՞ր պայքարում հաղթեց Թովմաս Շահվերդյանը։



-Հաղթողներին, ոնց որ ասում են, չեն քննադատում։ Արդար ու անարդար չկա։



-Ասում են՝ ընտրախախտումներ են եղել, փող են բաժանել, Դուք նման դեպքերից տեղյա՞կ եք։



-Խախտումներ եղել են, բայց չգիտեմ՝ ով ա արել, ով ա բաժանել։ Ընդհանուր առմամբ՝ նորմալ էր։



-Հասցրե՞լ եք զրուցել նորընտիր քաղաքապետի հետ կամ շնորհավորել նրան։



-Դեռ ոչ։



-Իսկ պատրաստվու՞մ եք։



-Իհարկե։



-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը Աշտարակում, այս պարտությունը որևէ կերպ կազդի՞ Ձեր գործունեության վրա։



-Ոչ, ես իմ գործերն ունեմ, իմ բիզնեսներն ունեմ, զբաղվելու եմ դրանով։



-Ի՞նչ տվեցին Ձեզ այս ընտրությունները, առաջին անգամ էիք մտնում նման պայքարի մեջ, ի՞նչ շահեցիք, ի՞նչ ստացաք դրանից։



-Ծանոթացա ընտրությունների մեխանիզմին, արդեն ոնց որ տեղյակ լինեմ գործից, հաջորդ անգամ ավելի լավ ձևով կմասնակցեմ ընտրություններին, եթե մանսակցելու ցանկություն առաջանա։



-Իսկ կուսակցությանն ինչ-որ բան տվե՞ց, քանզի խոսակցություն կար, որ Ձեր այս մասնակցությունն ավելի շատ ԲՀԿ-ի համար փորձնական քայլ էր՝ 2017-ի ընտրություններից առաջ։ Ձեր հավաքած ձայներն ի՞նչ պատկեր ապահովեց Ձեր և կուսակցության համար։



-Ինձ համար պատկեր ստացվեց, որ ես ճանաչեցի շահախնդիր և անշահախնդիր մարդկանց, ու հիմնականում հաջորդ ընտրություններին արդեն, եթե մասնակցեմ, ես գիտեմ՝ ինչպես պիտի պայքար մղվի։



-Եվ ինչպե՞ս պիտի մղվի, որտե՞ղ թերացաք այս անգամ։



-Թերանալու խնդիր չկար, ես հենց ուզում էի իմանալ՝ ճիշտ ընտրությունների դեպքում ինչքա՞ն ձայնի քանակ ունեմ Աշտարակում։



-Այդ ձայներն ավելի շատ ԲՀԿ-ի՞ն տրված ձայներ էին, թե՞ Ձեր անձին։



-Այ էդ չեմ կարող ասել։ Էդ ավելի շատ հետո կերևա։ Բայց ընդհանուր ես դժգոհ եմ իմ արդյունքներից, ավելի մեծ արդյունքներ էի սպասում իմ մասով, բայց նորմալ ա, էլի...



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ