Դպրոցի կողքին կառուցված «ապօրինի» շինությունում հրդեհ է բռնկվել,այրել պատուհանները. ֆոտոներ

Դպրոցի կողքին կառուցված «ապօրինի» շինությունում հրդեհ է բռնկվել,այրել պատուհանները. ֆոտոներ

Մասիս քաղաքի ավագ դպրոցի կողքին կառուցվել է մեծ շինություն, ինչը խանգարում է դպրոցի առաջին հարկի լուսավորությանը և ստեղծում է անհարմարություն: Այս մասին մեզ ահազանգեցին դպրոցի ծնողներից մի քանիսը: Նրանք նշում են, որ դպրոցի հարևանությամբ իրավունք չկա նման շինություն կառուցելու, ուսումնական տարածքի մոտ ապօրինի շինություն են սարքում: 



Ծնողների փոխանցմամբ՝ 2 օր առաջ դպրոցի և շինության մեջտեղում գտնվող կրպակը գիշերը այրվել է՝ վնաս պատճառելով դպրոցին, այլ մանրամասների տեղյակ չեն: Մեր այն հարցին, թե այս խնդրով ո՞ւմ են դիմել, գո՞ւցե տնօրենին կամ քաղաքապետարան, պատասխանեցին, որ չեն ուզում լարված հարաբերություններ ունենալ, իրենց երեխաները սովորում են այդ դպրոցում:



Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Ալինա Ազնավուրյանը նշեց, որ կոնկրետ դպրոցի լուսավորությանը կառույցը  չի խանգարում, այդ թեմայով էլ զբաղվում է քաղաքապետարանը, թույլտվություն ունե՞ն, թե՞ ոչ, չի կարող ասել. «Այդ շինությունը չի խանգարում, որովհետև բուֆետի կողմն է ընկնում, իսկ հրդեհից վնասվել են դպրոցի երեք պատուհաններ, դրանք այրվել են, երեկ եկան ուսումնասիրեցին, որպեսզի փոխհատուցվի»:Տնօրենն այդ հարցով ոչ ոքի չի դիմել, միայն լսել է, որ այդ շինությունը անօրինական է, թույլտվություն չունեն:



Hraparak.am-ի հետ զրույցում Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը նշեց, որ չափազանցված է ներկայացված ամեն ինչ, տարածություն կա շինության եւ դպրոցի միջեւ: «Ուրիշ մարդ էլ կար, որ այդ տարածքում շինություն ուներ, բայց դպրոցը կառուցվեց, այսինքն՝ այդ սեփականատերն էլ կարող է նույն բողոքը ներկայացնել, որ ինքը շինություն է ունեցել ու կառուցվել է դպրոցը: Դուրս է գալիս, որ այդ սեփականատերն էլ կարա բողոքի, ասի, որ դպրոցն էլ իր լուսավորությունն ա ծածկել»:
Քաղաքապետի խոսքերով՝ կառուցվել է սննդի խանութ, այդ շինությունը կարելի է ասել՝ դպրոցի հետ համատեղ է կառուցվել, մարդիկ աշխատատեղ են բացում, այդ աշխատատեղերի՞ն էլ խնդիրներ առաջացնենք:



Անդրադառնալով բռնկված հրդեհի հարցին՝ Հակոբյանը նշեց, որ պատճառը չի կարող ասել, ամենայն հավանականությամբ, հոսանքն էր. «Էդ հրդեհը հիմնականում վնաս ա տվել «Բուտկայի» տիրոջը, չափազանցնում են, ուղղակի պատուհանները մի փոքր ծխից դեղնել են»: