Նախ ձեւակերպել խնդիրը՝ ի՞նչ կինո ենք ուզում նկարել

Նախ ձեւակերպել խնդիրը՝ ի՞նչ կինո ենք ուզում նկարել

Երեկ մշակույթի նախարարությունում նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ եւ հայաստանյան մի շարք կինոգործիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Կինոյի մասին» օրենքի նախագծի քննարկում։ Ինչպես նշված է նախարարության հաղորդագրության մեջ, քննարկումն անցել է բուռն ու տեւել է բավականին երկար։ «Օրենքի ընդունումը հրատապ է ոչ միայն նրանով, որ տարիներ շարունակ ոլորտը կարգավորող բազմաթիվ խնդիրներ բաց են մնացել, այլեւ նրանով, որ նախագիծն առաջարկում է օտարերկրյա կինոներդրողին 20 տոկոսի չափով ազատել ավելացված արժեքի հարկից, իսկ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ արտադրության պայմանավորվածություններ կան արդեն: Այս հարցով անհրաժեշտ է նաեւ ֆինանսների նախարարության եզրակացությունը»,-նշված է հաղորդագրության մեջ, որից տեղեկանում ենք նաեւ, որ եւս մեկ հանդիպման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նախագիծը վերջնական տեսքով կառավարության հաստատմանը ներկայացնելու համար, որից հետո այն կուղարկվի Ազգային ժողով: 



Ի դեպ, օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում Արմեն Ամիրյանն ասել էր, որ կինոարտադրությունը սոսկալի վիճակում է, ինչը չես ասի հարեւան Վրաստանի կինոարտադրության դեպքում, ուստի հիմա ուսումնասիրում են նաեւ վրացական փորձը։ Նախարարի նկատառումներից մեկն էլ այն էր եղել, որ նախեւառաջ պետք է ձեւավորել խնդիրներն ու նպատակները, այլ կերպ ասած՝ թե ինչ կինո ենք ուզում նկարել։ Ամիրյանի ուշադրությունից դուրս չէին մնացել նաեւ հեռուստաֆիլմերը, այդ առումով նա ընդգծել էր, որ առաջիկայում ծրագրում է հանդիպումներ ունենալ նաեւ հեռուստաընկերությունների տնօրենների հետ։



Դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանից, որը նույնպես մասնակցել էր քննարկմանը, հետաքրքրվեցինք, թե գո՞հ է «Կինոյի մասին» օրենքի նախագծի այն տեսքից, որ հիմա կա, ի՞նչ կտա օրենքը ֆիլմարտադրողներին եւ ինչքանո՞վ կնպաստի, որ այսուհետ լավ ֆիլմեր նկարահանվեն։ «Մեծ հաշվով՝ լավ ֆիլմերն այդ օրենքների հետ ոչ մի կապ չունեն, որովհետեւ լավ կինոն նկարում է ստեղծագործողը՝ բոլոր օրենքներին հակառակ եւ բոլոր օրենքներից դուրս։ Իսկ օրենքի շուրջ բոլոր պրպտումները, իհարկե, իրենց արդյունքը կունենան։ Հատկապես Արմեն Ամիրյանը ոգեւորված ուզում է բավականին բաներ փոխել եւ իր առաջին քայլերն ուզում է հստակեցնել նաեւ կինոյի ոլորտում։ Բոլորս տրամադրված ենք նրան, որ ստեղծենք մի օրենք, որը կնպաստի այս ամեն ինչի բարելավմանը, որովհետեւ իրոք խղճուկ վիճակ է, մշակույթը մինչեւ հիմա հետմղված էր։ Եթե կարելի է շախմատիստներին շատ մեծ ուշադրություն դարձնել եւ արդյունքում չեմպիոններ ունենալ, նույնը կարելի է անել մշակութային ոլորտում։ Ես լավատեսորեն եմ նայում այս ամենին ու պատրաստ եմ իմ բոլոր ուժերը ներդնել, որ կարողանանք ինչ-որ բան փոխել դեպի լավը»։



Թե օրենքի մեջ, այնուամենայնիվ, ինչ ճանապարհներ են նախանշվում կինոյի ոլորտի զարգացման համար, ապա դրանք, ըստ Պողոսյանի, շատ են՝ սկսած տեխնիկական խնդիրներից, երբ, օրինակ, դրսից ֆիլմարտադրողներն ուզում են տեխնիկա բերել ու մեծ դժվարությունների են բախվում։ Սրանք խնդիրներ են, որ ավելորդ բարդացնում են ողջ գործընթացը. «Եթե դրսից ներդրողն ուզում է այստեղ մի բան ստեղծել, կոպիտ օրենքների է դեմ առնում եւ արդյունքում փոշմանում է իր նախաձեռնածի համար, որովհետեւ չկան համապատասխան օրենքներ։ Հիմնականում այն մարդիկ են շահագրգռված, որ այդ օրենքները լինեն, որոնք կոնկրետ արտադրություններով են զբաղված, որպեսզի արդյունքում ինչ-որ մի ձեւ թեթեւացվի առանց այն էլ բարդ մեր գործը, որովհետեւ այսօր կինո նկարելը հեշտ բան չէ, եւ բավականին ներդրումներ են պետք, հատկապես՝ եթե ուզում ես որակյալ մի բան ստեղծել»։



Թե որքանով է Պողոսյանը համակարծիք Ամիրյանի այն մտքին, որ կինոյում էլ պետք է վերաձեւակերպենք մեր խնդիրներն ու հասկանանք, թե ինչ կինո ենք ուզում, ապա. «Մշակույթի նախարարությունը պետք է ընդհանրապես ռազմավարություն ունենա, թե, օրինակ, ինչու է այս ֆիլմին կամ այս ռեժիսորին առավելություն տալիս, ինչու են այս կամ այն թեմատիկայով ֆիլմեր նկարվում եւ չեն նկարվում։ Իսկ ընդհանրապես շուկան ազատ է, ով ինչ ֆիլմ ուզում՝ նկարահանում է, եւ դրանով դաստիարակվում է մեր այսօրվա հանդիսատեսը։ Այստեղ ամենակարեւոր խնդիրն այն է, որ մշակույթի նախարարությունը դիրքորոշում ունենա, եւ պետական աջակցությունն էլ լինի կոնկրետ թեմաներով ֆիլմերին»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ