Ռուսներն շտապում են մեղքը գցել մահացած վարորդի վրա

Ռուսներն շտապում են մեղքը գցել մահացած վարորդի վրա

Հյուսիսային Օսեթիայի իրավապահ մարմինները Բեսլանի մոտակայքում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած վթարից անմիջապես հետո տեղեկատվական արտահոսք «թույլ տվեցին», որից հետեւում է, որ կատարվածի համար մեղավոր է եղել ավտոբուսի հայ վարորդը՝ հանգուցյալ Յուրա Պողոսյանը։ Նա, իբր, քնել է ղեկին, ինչի հետեւանքով ավտոբուսը բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված ավտոփոխադրող քարշակին։ «Չոր սեզոնին, լուսավորված մայրուղու վրա բախումը տեղի էր ունեցել կանգնած բեռնատարի հետ, որն ավտոմեքենաներ էր տեղափոխում,- ասել է «Ինտերֆաքս» գործակալության իրավապահ աղբյուրը,- վարորդը, ամենայն հավանականությամբ, քնել է, ուղեւորների մեծ մասը եւս քնած է եղել եւ չի էլ հասկացել, թե ինչ է կատարվել»։



Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են նաեւ, որ ավտոբուսը չի ունեցել ուղեւորափոխադրումների թույլտվություն, գրանցված չի եղել տրանսպորտի նախարարությունում, եւ սա մատուցվում է որպես արտառոց դեպք, հավանաբար, տեղյակ չլինելով, որ մեզանում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ընդունված երեւույթ են, եւ որ Հայաստանի տրանսպորտի նախարարությունը չի ցանկացել կանոնակարգել դրանք։ Ոստիկանները նաեւ շրջանառության մեջ են դրել այն փաստը, որ հայկական ավտոբուսի երկու վարորդներն էլ վերջերս տուգանվել են տարբեր խախտումների համար՝ մեկը բռնվել է առանց ամրագոտին ամրացնելու երթեւեկելիս, մյուսն էլ Երեւան-Մոսկվա ավտոմայրուղու վրա գերազանցել է արագությունը։ Այսպիսով, բոլոր հիմքերը կան սպասելու, որ այս անգամ էլ կատարվածի ողջ մեղքը կգցեն հայկական կողմի վրա, ինչպես եղավ մեկ տարի առաջ՝ Տուլայի մոտ տեղի ունեցած վթարից հետո, որը 9 մարդու կյանք խլեց։ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի մասին էլ ասացին, որ քնել է ղեկին, հետո պարզվեց, որ մեքենայի անսաքությունն է վթարի պատճառ դարձել։ Հայաստանի ներկայացուցիչները դեպքի վայրում չեղան, քննություններին չմասնակցեցին։ Մեր հայրենակիցը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման։ Մասնագետները, սակայն, ուսումնասիրելով Բեսլանի ողբերգության վայրից արված լուսանկարները, վաստահեցնում են՝ չի բացառվում, որ այն տեղի է ունեցել ավտոփոխադրող քարշակի վարորդի մեղքով։ Այդ ահռելի բեռնատարը կանգնած է եղել մայրուղու բանուկ մասում եւ մեծ տարածք է զբաղեցրել։ Հայկական ավտոբուսը բախվել է դրա հետնամասին, բայց արդյո՞ք բեռնատարի վարորդն իրավունք ուներ մեքենան մայրուղու բանուկ մասում այսկերպ կայանելու։ Բեսլանի վթարի հարցում ամեն ինչ պարզ չէ։ Եթե բեռնատարը, որին բախվել է ավտոբուսը, անսարք է եղել, ապա այն պետք է լույսերը վառած կանգներ։ Եթե անսարք չէր, ապա ինչո՞ւ էր կայանել մայրուղու վրա, ոչ թե կայանատեղիում։ Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, ուսումնասիրելով վթարի վայրից արված տեսանյութերը, կարծում է, որ եթե բեռնատարը կանգնել է, ապա պետք է դուրս գար երթեւեկելի մասից։ Բայց դատելուց առաջ հանգամանքները մանրամասնորեն պետք է ուսումնասիրվեն։ «Սակայն թողնել այդ գործը միայն Օսեթիայի իրավապահների վրա, չի կարելի»,- ասում է նա։ Էդուարդ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ ավիավթարների դեպքում, օրինակ, քննությանը մասնակցում են երկու երկրների ներկայացուցիչները։ «Ես ինքս, որ նախկինում ավիացիայում եմ աշխատել, մասնակցել եմ նման քննությունների՝ որպես ներկայացուցիչ։ Կարծում եմ՝ միջպետական ուղեւորափոխադրումների դեպքում էլ Հայաստանի տրանսպորտի տեսչությունը պետք է ներկայացուցիչ ուղարկի վթարի վայր։ Ո՞ւր են մեր իրավապահները, կամ թող ՃՈ-ից գնան։ Փաստը մնում է փաստ, որ մեզ մոտ այդպես էլ չկարգավորվեցին միջքաղաքային ավտոբուսները, արդեն ասում են՝ կարգը պատրաստ է, միայն մնում է ընդունել։ Այդպիսի բաներն արագ են անում, ոչ թե սպասում են, որ դեպք լինի, նոր ընդունեն։ Եվ հետո՝ վերլուծություններ չեն արվում, հանրությունը չի իմանում, թե վերջապես ինչ է տեղի ունեցել։ Օրինակ՝ Տուլայում ի՞նչ է եղել, մեկն ուսումնասիրե՞լ է, զբաղվե՞լ է։ Ունենք այն, ինչ ունենք»,- արձագանքում է «Աքիլեսի» ղեկավարը։ Ճանապարհային ոստիկանությանը միջպետական ուղեւորափոխադրումների ժամանակ տեղազննությանը կամ այլ քննություններին ներգրավելու պրակտիկա մեզանում չկա։ Իսկ տրանսպորտի տեսչությանը նման գործերում ներգրավելու կարգ եղել է 2001-2006 թվականներին։ Վերջին տասնամյակում այն այլեւս չի գործում։ Տրանսպորտի տեսչությունը հիմնականում ներքին հարցերով է զբաղվում։ Մենք փորձեցինք պարզել, թե արդյոք տրանսպորտի նախարարությունը մասնակցո՞ւմ է Բեսլանի մոտակայքում տեղի ունեցած վթարի կապակցությամբ տարվող քննությանը։ Սակայն այստեղ աշխատում են հին ձեւով, չնայած նոր մամուլի քարտուղար կա՝ Անահիտ Առաքելյան։ Ողջ օրվա ընթացքում այս միակ հարցին, որն այս օրերին շատ ակտուալ է, սույն քարտուղարը պատասխան չկարողացավ գտնել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ