Հրաչ Սահակյանի եւ մյուսների դեմ սկանդալային դատավճիռ կայացնողն Իշխան Բարսեղյանն է եղել

Հրաչ Սահակյանի եւ մյուսների դեմ սկանդալային դատավճիռ կայացնողն Իշխան Բարսեղյանն է եղել

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանն իր շահերը պաշտպանող փաստաբաններին արգելել է գործով ելույթ ունենալ մամուլում։ Այս մասին մեզ հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ «Նա մեզ զգուշացրել է որեւէ մեկնաբանություն, հայտարարություն, որեւէ վերլուծություն չանել իր վերաբերյալ»։ Իսկ տարածված տեսանյութի՞։ «Տեսանյութի վերաբերյալ՝ եւս»։ 



Իշխան Բարսեղյանը կալանավորված է եւ մեղադրվում է 1000 դոլար կաշառք ստանալու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ «կաշառք ստանալը դատավորի կողմից»։ Մինչ ՀՔԾ-ն զբաղվում է այս վարույթով, մասնագիտական շրջանակներում քննարկում են դատավորի մասնակցությամբ այս միջադեպը, որը միանշանակ չի ընկալվել։ «Դատավորներից որին էլ հետեւեին, մի բան կգտնեին»,- ասում են Բարսեղյանի համակիրները։ Լուրեր են տարածվում, որ Իշխան Բարսեղյանը վերջին շրջանում փողի նեղություն ուներ, մեծ պարտքեր էր կուտակել, շատերից էր գումարներ ուզել՝ դատավարության կողմերից, փաստաբաններից։ Այս թեման արդիական է նաեւ կալանավայրերում, ներկա եւ նախկին դատապարտյալների շրջանում։ Նրանք թվարկում են դատավորի «մեղքերը», վերլուծում նրա կայացրած դատական ակտերը։ Դրանցից թերեւս ամենասկանդալային եւ անարդար դատավճիռը 2005թ. օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը Երեւանի Չեխովի փողոցում սպանված 19-ամյա Մեսրոպ Մաքոյանի գործով էր կայացվել։ Նրա սպանության համար մեղադրվեցին եւ դատապարտվեցին 4 երիտասարդներ․ Հրաչ Սահակյանը եւ Զավեն Մկրտչյանը՝ 15 տարվա, Վլադիմիր Մկրտչյանը՝ 11, Սերոբ Տեր-Մելիքսեթյանը՝ 10 տարվա ազատազրկման: Մի անգամ այս գործը դատարանը հետ էր ուղարկել՝ կրկին քննելու, քանի որ դատարանում բացահայտվել էր մեղադրանքի անհիմն լինելը։ Երկրորդ անգամ դատախազության ճնշման տակ մեղադրական դատավճիռներ արձակվեցին, եւ այդ դատավճիռն արձակեց Իշխան Բարսեղյանը։



Դատապարտված երիտասարդները մինչ օրս պնդում են, որ մարդ չեն սպանել։ Դատապարտվածների հարազատներն ու փաստաբաններն ասում են, որ Մաքոյանին սպանել են, հետո են միայն դիակը բերել-գցել Չեխովի փողոցում: Նրանց կապն սպանության վայրի, միմյանց եւ սպանվածի հետ չէր ապացուցվում։ Մեղադրական եզրակացության մեջ այս տղաների հետ տուժողի կապը հիմնավորվում էր վկաների կեղծ ցուցմունքներով, որոնք քննիչներն ստացել էին բռնություններով, խոշտանգումներով, բարոյահոգեբանական ճնշումներով: Հետագայում այդ վկաները բաց նամակով հայտնել էին, որ իրենց առեւանգել ու ստիպել են ոստիկանության բաժնում գրել ինչ որ պետք է, բայց այս նամակի վրա ոչ մի ատյան ուշադրություն չի դարձրել։ Գործում այլ աղաղակող փաստեր եւս կան։



Վկաներից մի աղջիկ, որի պատճառով, իբր, ըստ պաշտոնական վարկածի, տեղի էր ունեցել սպանությունը, նույնիսկ փախել է քննիչներից, փոխել է բնակության վայրը, բայց դատախազությունը նրան փոխարինել է մեկ այլ աղջնակով՝ այլ անուն-ազգանունով։ Դանակի 7 հարվածից սպանված տուժող Մ. Մաքոյանի դիակի` կրծքավանդակի վրա ընկած է եղել բջջային հեռախոսը, որի վրա, որպես իրեղեն ապացույց, եթե պահպանված լինեին մատնահետքերը, մատնահետքաբանական փորձաքննություն կատարելու արդյունքում թերեւս հնարավոր լիներ գտնել իրական սպանողին, մինչդեռ դրանք գոյություն չունեին: Շենգավիթի ոստիկանության ՔՀԲ օպերլիազոր Կարեն Սարգսյանը դատարանում վկայություն է տվել, որ դեպքի վայրում դիակի վրայից վերցրել է հեռախոսը, լվացել, քանի որ այն արյունոտ է եղել:



2009 թվականի մայիսի 11-ին դատապարտված երիտասարդները վերաքննիչ դատարանում, որը դատավճիռը թողեց անփոփոխ, ի նշան բողոքի, հրաժարվել էին մտնել նիստերի դահլիճ, նրանց հարազատները ջարդել էին դատարանի աթոռները, դատավճիռը հրապարակվելուց հետո անեծքներ էին տեղացել դատավորների հասցեին, իսկ մեղադրող դատախազները փախել էին դահլիճից: 4 երիտասարդի ծնողները դիմել են Եվրադատարան եւ սպասում են արդարացի վճռի: Նրանք 10 տարուց ավելի է՝ տարբեր դռներ են թակում, ապարդյուն: Հայաստանում նրանց լսող չկա: Ծնողների առողջությունն արդեն քայքայվել է, նույնիսկ այն աստիճան, որ հոգեկան խնդիրներ ունեն, նրանցից ոմանք համալրել են կառավարության առաջ նիստերի օրը ցույց անող անձանց շարքերը: Ահա այս գործով առաջին դատավճիռ կայացնողը եղել է հենց դատավոր Իշխան Բարսեղյանը։ Ժամանակին նա դատական նիստերը լուսաբանող լրագրողներին խոստովանել էր, որ գործը հում է, ապացույցները՝ ոչ բավարար, եւ որ դատավճիռը երիտասարդների դեմ ինքը կայացնում է դատախազության աննախադեպ ճնշման ներքո։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ