Մի նիստով չորս ԾԻԳ փակեց և 200 մլն դրամ տնտեսվեց

Մի նիստով չորս ԾԻԳ փակեց և 200 մլն դրամ տնտեսվեց

Կառավարության այսօրվա նիստում մի շարք հիմնարկներ փակելու մասին որոշումներ ընդունվեցին։ Նախարարները մեկը մյուսի հետևից ելույթ էին ունենում իրենց ոլորտում փակվող ԾԻԳ-երի մասին։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, որ դադարեցվում է արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» հիմնարկի գործունեությունը, որի արդյունքում տնտեսվում է շուրջ 61 մլն դրամ։ «Շատ լավ, դուր է գալիս ինձ այս որոշումը», - ասաց Կարեն Կարապետյանը, ինչը հասկանալի է։ Որոշման հիմքը իր հանձնարարականն է։ Լիկվիդացիոն գործընթացը կտևի երկու ամիս։ ԾԻԳ-երի պարտքերն ու գույքը կփոխանցվեն ԱԻՆ-ին, իսկ 15 մլն դրամը, որը ԾԻԳ-ն չէր հասցրել այս տարի ծախսել, ուղղվելու է բյուջե։ Այս ԾԻԳ-ը 22 հաստիք ուներ։ Հաջորդ զեկուցողը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մշակույթի ոլորտում գործող ԾԻԳ-ի դադարեցման մասին որոշումն էր բերել։ 66 ու կես մլն էլ սրանով է տնտեսվում։ Երրորդը, ով լուծարվող գրասենյակի մասին ազդարարեց, սպորտի և երիտասարդության նախարար Հրաչ Ռոստոմյանն էր, որը ծիծաղից փռթկալով կարդաց այն։ Լուծարվող ԾԻԳ-երի հայտարարությունների շարքն, իրոք, զավեշտալի էր։ Մնում էր մեկն ասեր՝ ո՞վ ավելի կտնտեսի։ Մի 60 մլն-ից ավելի էլ սպորտի ԾԻԳ-ից տնտեսվեց։ Լուծարվեց նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը, պայմանավորված «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման աշխատանքների կատարման ժամկետի ավարտով։ 



Փաստորեն, կառավարության մեկ նիստով մոտ 200 մլն դրամ տնտեսվեց հարկատուների գումարներից։ Բայց ԾԻԳ-երի հարցը երկրորդ կողմ ունի։ Ստացվում է՝ սրանք հիմնարկներ էին, որոնք կարող էին և չլինել։