«Վերեւները» միջամտում են Վանաձորի թատրոնի տնօրենի նշանակմանը

«Վերեւները» միջամտում են Վանաձորի թատրոնի տնօրենի նշանակմանը

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում լուրջ կոնֆլիկտ է հասունացել, պատճառը տնօրենի թափուր պաշտոնն է, որի հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվում է այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իսկ մրցույթը նշանակված է դեկտեմբերի 23-ին։ Նախօրեին «Հրապարակն» իր էլեկտրոնային հասցեին նամակ էր ստացել, որտեղ մանրամասնորեն ներկայացված էին այն խմորումները, որ ընթացել են վերջին 2 ամիսներին։ Չառաջնորդվելով միայն մեզ ուղարկված նամակով, մեզ հաջողվեց պարզել հետեւյալը. նախկին տնօրեն Հովիկ Չախմախչյանին նոյեմբերի 1-ից փոխարինել է Հանրային հեռուստաընկերության լրագրող, «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, որն այս պահին իրականացնում է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները։ Պապինյանին թատրոնի կոլեկտիվը շատ ջերմ է ընդունել, ավելին՝ ծափահարություններով, նաեւ համոզել են մասնակցել մրցույթին։ Այդ ընթացքում թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Վահե Շավերդյանը բարձրաձայնել է իր մտադրությունների եւ այն մասին, որ տնօրենի պաշտոնում տեսնում է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանին, որի մոր՝ Սունդուկյան թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանի հետ վաղեմի բարեկամներ են։ Ըստ շրջանառվող խոսակցությունների, Շահվերդյանն այս հարցում օգտագործել է իր բոլոր լծակները՝ Ագնեսայի համար բարեխոսելով մինչեւ անգամ առաջին տիկնոջ մոտ։ Թատրոնի կոլեկտիվը դեմ է Ագնեսայի թեկնածությանը եւ նախեւառաջ ոչ այն պատճառով, որ նա ոչ մի թատրոնում երկար չի աշխատել, չունի անհրաժեշտ ստաժը, հմտությունը, անգամ մանկական թատերական խմբակ չի ղեկավարել, այլ այն պատճառով, որ Ագնեսան լինելու է դրածո, եւ իրականում թատրոնը ղեկավարելու է Վահե Շահվերդյանը։ Ինչ վերաբերում է Հովիկ Չախմախչյանին, ապա նրա թեկնածուն էլ տնօրենի պաշտոնի համար եղել է թատրոնի փոխտնօրեն Նաիրա Ջուլհակյանը։ Հենց այստեղ էլ բախվել են Շահվերդյանի ու Չախմախչյանի շահերը՝ կրկնակի սրելով նրանց հարաբերությունները։ Թատրոնին մոտ կանգնած մարդիկ ցավալիորեն փաստեցին, որ Վանաձորի թատրոնում, ինչպես Գյումրու թատրոնում, ընդդիմություն չկա, եւ դժվար թե նրանք միասնական ճակատով հանդես գան։



Հասկացրել են, որ ճիշտ կլինի չմասնակցի մրցույթին



Թատրոնի տնօրենի ԺՊ Հրաչյա Պապինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ հանդիպել է նախարարին, ցանկացել է դիմում գրել եւ հեռանալ թատրոնից. «Ինձ մի տեսակ գործիքի դերում էի զգում»։ Պատճառն այն է, որ այն մարդիկ, ովքեր կուզեին առաջադրվել, չեն առաջադրվել՝ կանգնելով իր կողքին. «Փաստորեն ստացվեց, որ գործիք դարձա այդ մարդկանց ճանապարհը փակելու, նրանք մինչեւ վերջին պահը սպասեցին՝ մտածելով, որ ես մրցույթին կմասնակցեմ։ Սակայն այնպիսի պայմաններ եղան, որ ես չեմ կարող մասնակցել, իսկ այդ մարդիկ մրցույթից դուրս մնացին։ Երկրորդ․ թատրոնը 2017-ին որոշակի փոփոխությունների կարիք ունի՝ ֆինանսական, բյուջետավորման, կարգապահական։ Հիմա ինձ լուրեր են հասնում, որ այդ մարդկանց արդեն ասում են՝ եթե հաջորդ տարի տեսնեք աշխատավարձերի փոփոխություն, դրա մեղավորը լինելու է Հրաչյան, քանի որ մյուս տարվա բյուջետային նախահաշիվները հիմա են կազմում»,-ասում է Պապինյանն ու ընդգծում, որ չի ուզում հանիրավի այս ամենի մեղավորը դառնալ, ուստի չի մասնակցի մրցույթին։ Ինչ վերաբերում է իր ազատման դիմումին, նախարարը չի ընդունել այն եւ համոզել է եւս 25 օր դիմանալ, մինչեւ մրցույթի անցկացումը։



Թատրոնի գերակշիռ մեծամասնության աջակցությունը բավարար չէ՞ր, որ ինքը հայտ ներկայացներ մրցույթի համար։ Պապինյանն ասաց. «Նույնիսկ այսպիսի բառերով են դիմել՝ աղաչում ենք, մնա...։ Վահե Շահվերդյանն ինձ ասաց, որ շատ վերեւներից ասված է Ագնեսայի համար, ու ես էլ նկատում եմ, որ իրականում ասված է, որովհետեւ որոշակի հանդիպումներ եմ ունեցել պաշտոնատար մարդկանց հետ... գիտե՞ք իմ մտահոգությունն ինչն է, որ, այնուամենայնիվ, այդ վերեւների ասածն անցնի, ու այդ մարդիկ իմ պատճառով պատժվեն։ Այս մեկ ամսվա ընթացքում 100 հատ տեղեկանք եմ պեչատել բանկերի համար, բոլորը բանկերին պարտք են, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ես գնամ ու չանցնեմ, մարդիկ, բանկերի պարտքերի տակ, հիմա էլ դառնան գործազուրկ։ Այն մարդիկ, որոնք բացահայտ կանգնեն իմ կողքը, պատժվելու են, նոր եկած տնօրենը բոլորին ազատելու է, պատժելու են՝ դեր չեն տալու։ Դրա համար չեմ գնում մրցույթի, մանավանդ, որ ինձ քաղաքավարի հասկացվել է՝ ճիշտ կլինի, որ չմասնակցեմ։ Իհարկե, ես անուն չեմ տալիս, թե որտեղից են հասկացրել, այդ մասին նախարարը չասաց, սակայն 3-րդ, 4-րդ մարդկանց միջոցով ինձ ասվել է, որ խնդիր կա, եւ այդ խնդրին ես կխանգարեմ իմ մասնակցությամբ»։



Պապինյանը նկատում է, որ կոլեկտիվը վախենում է ոչ թե Շահվերդյանից, այլ այն բարձր հովանավորից, որն ի վերջո կհասնի իր նպատակին, եւ Շահվերդյանը կմնա իր տեղում, իսկ ավելի ճիշտ՝ կգա այն տնօրենը, որի համար «բարձր տեղերից» միջնորդել են։ Նա չգիտի, թե այդ «բարձրն» ինչքան բարձր է։ Առաջին տիկնո՞ջ մասին է խոսքը։ «Չեմ կարող ասել՝ իրականում ամենաբարձրը նա է, թե ոչ, բայց որ ինչ-որ մի տեղ գնացել են եւ փորձ են արել՝ չի ստացվել, հետո ամենաբարձրին են հասել, ու այնտեղից միջամտություն է եղել, փաստ է»։ Ըստ տնօրենի ԺՊ-ի, այս ընթացքում կոլեկտիվը ցանկություն է հայտնել ստորագրահավաք անել՝ երաշխավորելով, որ 110 հոգուց առնվազն 100-ը կստորագրի, բայց դարձյալ թույլ չի տվել՝ հորդորելով վտանգի տակ չդնել իրենց աշխատանքը. «Ես աշխատանք ունեմ, եւ ինձ համար մեկ չէ, որ այդ մարդիկ վաղը սոված կմնան, ու պատճառն այն կլինի, որ ես ուզում եմ աշխատել տնօրեն»։ Մյուս կողմից էլ, մտահոգվելով աշխատակիցների վաղվա օրով եւ ոչինչ չձեռնարկելով, դա, ի վերջո, կհանգեցնի նրան, որ վաղն արդեն կվտանգվի ամբողջ թատրոնի ճակատագիրը։ Պապինյանը չի առարկում, միայն նկատում է, որ եթե փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվի, վստահ է, որ այլ դիմողներ կլինեն, եւ գուցե այդ ժամանակ պահպանվի թափանցիկությունը, հատկապես, եթե մամուլն էլ հարցն իր ուշադրության կենտրոնում պահի։



Հրաչյա Պապինյանը հավատում է վարչապետի՝ երկրում փոփոխություններ անելու անկեղծ մտադրությանը, բայց դառնացած է, որ լոռեցու միամտությամբ 55 տարեկան մարդը հերթական հեքիաթին հավատաց. «Եթե ես տնօրեն աշխատեի, իմ ապրած կենսագրությամբ էի գնալու, եւ ոչ մեկը չէր կարող ասել, թե ես չեմ վաստակել այդ պաշտոնը, ու իմ վիրավորանքը հիմա դրանից է, թե ինչու պետք է այդպես լինի, բա լավ փոփոխությունը ո՞րն է, թող լինի մաքուր, արդար մրցույթ, ով հաղթի, նա էլ ղեկավարի, տեսնենք կարո՞ղ ենք այս փոքր հիմնարկի, այս փոքր պաշտոնի դեպքում ասել, որ փոփոխություններն ազդեցին»։



Օգնեք, որ թատրոնն ազատվի «այդպիսի մարդկանցից»



Թատրոնի նախկին տնօրեն Հովիկ Չախմախչյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ Շահվերդյանի հետ ունեցած հակասություններն են իր՝ աշխատանքից ազատման պատճառը։ «Թատրոնը պետք է ազատվի նման տիպի մարդկանցից... ում անունը որ տվեցիք...»։ Շահվերդյանի՞։ «Այո, նա արդեն ավարտված անձնավորություն է, ու, իմ կարծիքով, դեռ մի քանի տարի առաջ, ուղղակի Սունդուկյանից հետո ես փորձեցի նախկին նախարարի հետ նրան վերակենդանացնել, բայց չստացվեց»։ Չախմախչյանն ասում է, որ իրենց թատրոնը մեծ ավանդույթներ ունի, իսկ «այդպիսի մարդիկ» թատրոնում խանգարում են թե ստեղծագործական, թե կառավարման առումով։ Շահվերդյանն իրեն խանգարե՞լ է թատրոնը կառավարելու հարցում։ «Ինքը չի կարող ինձ խանգարել, որովհետեւ թույլ մարդ է»։



Նախկին տնօրենը չգիտի, թե ովքեր են հավակնում տնօրենի պաշտոնին, չի էլ հետաքրքրվում։ Ասում են, թե իր թեկնածուն փոխտնօրեն Նաիրա Ջուլհակյանն էր, հանգամանք, որի պատճառով էլ լարվել են հարաբերությունները Շահվերդյանի հետ։ «Այո, Լոռու մարզում միակ արժանի թեկնածուն Պապինյանն էր եւ Ջուլհակյանը։ Այդ թատրոնը կյանքի կկոչվի նորից՝ իր վերջին 10 տարվա լավ ցուցանիշներով, միայն Նաիրա Ջուլհակյանի ու Պապինյան Հրաչի շնորհիվ։ Նրանք լավագույններից լավագույնն են, ու ափսոսում եմ, որ չեն մասնակցում։ Կարելի է այդ մրցույթը հետաձգել թեկուզ մեկ ամսով եւ փնտրել լավագույն թեկնածուներին, իսկ այդ Նելլի, Ագնեսա... ես նրանց բացարձակ չեմ ճանաչում, եւ մշակույթի բնագավառում անծանոթ մարդիկ են»,- նշեց նա։ Չախմախչյանը դիմում է մամուլին, որպեսզի, բարձրաձայնելով առկա խնդիրները, օգնեն թատրոնին՝ ազատվելու «այդպիսի չար մարդկանցից»։



Փոխտնօրեն Նաիրա Ջուլհակյանը հայտ չի ներկայացրել, քանի որ վստահ էր, որ Հրաչյա Պապինյանը կմասնակցի եւ կհաղթի։ Ասում է՝ եթե հույս ունենար, որ մրցույթն արդար է անցնելու, կմասնակցեր, բայց այդպիսի խոսակցություններ դեռ ամիսներ առաջ է լսել. «Ի՞նչ է նշանակում՝ որեւէ մեկին արգելել մրցույթին մասնակցել»։



Ես առաջին տիկնոջը չէի կարող դիմել



Վահե Շահվերդյանը, հանդիպման ժամանակ մի քանի անգամ լսելով հարցադրումները, ակնհայտ դժգոհությամբ նշեց, որ որեւէ խմորում չի զգացել թատրոնում. «Իսկ այն, որ Պապինյանը ժամանակավոր է նշանակված եւ ինքը գիտի դրա մասին, եւ, անկեղծ ասած, մենք մի քանի անգամ զրուցել ենք, եւ ես հարցրել եմ իրեն՝ գուցե կուզենա՞ս մնաս, գուցե մենք առա՞ջ տանենք քո թեկնածությունը, ինքն ասել է՝ ոչ, որովհետեւ ինքն այնպիսի գործունեություն է ծավալում, որը մի շարք հարցերում ավելի գերադասելի է իր համար, քան դա»։



Ինչ վերաբերում է իր թեկնածու Ագնեսա Շահնազարյանին, որի համար բարեխոսել է անգամ առաջին տիկնոջ մոտ, Շահվերդյանը զարմացավ. «Ե՞ս... ես առաջին տիկնոջ հետ այդպիսի հարց չէի կարող բարձրաձայնել կամ խնդրել, որովհետեւ բաներ կան... ես ինչո՞ւ պիտի նրան դիմեմ, առավել եւս գրավոր ոչ մի բան չեմ գրել, այդ բոլորը երեւակայության ոլորտում է։ Երեւի մարդիկ կան, որոնք բանսարկություններ են ուզում սարքել։ Ինչ վերաբերում է Ագնեսա Շահնազարյանին, նրան գիտեմ, որովհետեւ իմ ներկայացումներում զբաղված է եղել, հենց այս թատրոնում՝ նույնպես։ Բացի հրաշալի դերասանուհի լինելուց, նա ունի գործնական, նույնիսկ կասեի՝ հզոր կարողություններ»։ Այնքան հզոր, որ տեսնում է տնօրենի պաշտոնո՞ւմ։ «Այո, եթե դա ստացվի՝ սիրով»։ Շահվերդյանը հերքում է նախկին տնօրեն Չախմախչյանի հետ ունեցած լարվածությունը՝ այդ խոսակցությունները համարելով միֆ։



Նամակում կոլեկտիվը նաեւ սպառնում է՝ եթե Ագնեսա Շահնազարյանի թեկնածությունն առաջ տարվի, գործադուլ են անելու եւ չեն խաղալու ամանորյա ներկայացումները, սակայն Շահվերդյանը վստահ է, որ նամակի հեղինակը կոլեկտիվի հետ կապ չունի, ըստ նրա, դա կոլեկտիվից դուրս անձ է. «Նույնիսկ կարողանում եմ կռահել, թե ով է դա արել»։ Գուցե մե՞զ էլ հուշի։ «Պետք չէ, դրա կարիքը չկա»։ Ապա հավելում է. «Եթե կան այդպիսի մարդիկ, որ համաձայն չեն, թող իրենք իրենց թեկնածուն առաջադրեն, ինչո՞ւ չեն առաջադրում»։



ՀԳ. Ի պատասխան մեր հարցմանը, մշակույթի նախարարությունից շատ դժկամորեն պատասխանեցին, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիմել է 2 հոգի, որոնց անունները չեն կարող հրապարակել, միայն կարող են ասել, որ 2 հայտերն էլ համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին։ Մինչ մշակույթի նախարարությունը շարունակում է աշխատել գեստապոյական մեթոդներով, խոսակցություններ են շրջանառվում, թե 2-րդ անձը նախարարության թեկնածուն է, որը նախ կապահովի մրցույթի անցկացումը, հակառակ դեպքում մեկ անձի պարագայում նախարարությունն ստիպված կլինի չեղյալ համարել մրցույթը, եւ հետո կվավերականացնի մրցույթի «օրինական» արդյունքները։ Ինչ վերաբերում է մյուս թեկնածուին, ապա նա Ագնեսա Շահնազարյանն է։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ