Գործարար Ռազմիկ Վանցյանը «քցված» է, թ՞ե զրպարտիչ

Գործարար Ռազմիկ Վանցյանը «քցված» է, թ՞ե զրպարտիչ

Ռազմիկ Վանյանցը գործարար է եւ բնակվում է Մոսկվայում։ 2011 թվականին նա պատկառելի գումար է ներդրել Հայաստանում ՝ մոտ 400 հազար դոլար, եւ, ինչպես ինքն է վստահեցնում, «քցվել» է։ Նրա պատմությունը բավաար է, հասկանալու համար, թե ինչու են Հայաստանում վերջին 5 տարում կտրուկ կրճատվել օտարերկրյա ներդրումները, եւ բավական է, որ այստեղ ոչ մի օտարերկրյա գործարար այսուհետ ոչ մի կոպեկ չներդնի։ 2011 թվականին նա գործընկեր է գտել Հայաստանում՝ «Ելգավա» ՍՊԸ-ն, եւ Կանադայից Հայաստան կոնտեյներով պահածոներ է ուղարկել։ Եկամուտն ամբողջությամբ չի ստացել եւ վստահեցնում է, որ գործընկերներն իրեն խաբել են։ Ասել են, որ ՊՆ-ից համաձայնություն ունեն՝ գնելու պահածոները։ Մարդն էլ պարտաճանաչ ձեւով կատարել է իր պարտավորությունը, սակայն մնացել է եկամտին սպասող։ Երկու տարի սպասելուց հետո նա բողոքել է իրավապահներին՝ հայտնել է, որ ՍՊԸ-ի տնօրեն Արա Գրիգորյանը, իր վստահությունը չարաշահելով, իրենից ահռելի գումարներ է հափշտակել։ Արա Գրիգորյանը, հակառակը՝ վստահեցնում է, որ Վանյանցն ամբողջությամբ ստացել է իրեն հասանելիք գումարը, և չի ցանկացել իր բաժինը տալ, դրա համար էլ բողոքում է իրավապահներին։ «Նա զրպարտիչ է, ինձ զրպարտում է, ես ոչ մի կոպեկ նրանից չեմ վերցրել, և դա ապացուցել են քննիչները»։ 



Խարդախության հոդվածով գործ են հարուցել եւ երկու տարի անց կարճել են։ Վանյանցը կարճման որոշումը բողոքարկել է դատարանում, հայցը չի բավարարվել, այնուհետեւ դիմել է վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանը գործի նյութերով հաստատված է համարել, որ «Ելգավա» ընկերության տնօրեն Արա Գրիգորյանը, ունենալով ընդամենը 10 տոկոս բաժնեմաս, եկամուտների եւ ծախսումների մասին տեղյակ չի պահել 55 տոկոս բաժնեմաս ունեցող Վանյանցին եւ ամեն կերպ թալանել է նրան։ Օրինակ, չարաշահելով տնօրենի իր դիրքը, ընկերության միջոցների հաշվին հոգացել է իր երեխաների ուսման եւ բնակարանի վարձերի ծախսը։ Գրիգորյանը վստահեցնում է, որ սա բացահայտ սուտ է, որ ինքը իր երեխայի կարիքները հոգացել է զուտ իր շինարարական բիզնեսի հաշվին։ Ինչևէ, վերաքննիչ դատարանը մայիսին բավարարել է գործարարի բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Վերաքննիչ դատարանը տասնյակ թերթից ավելի ծավալով որոշմամբ պատճառաբանել է, որ քննիչը թերի է աշխատել, արձանագրել է Վանյանցի իրավունքների բազմաթիվ խախտումներ,- պատմում է գործարարի շահերը ներկայացնող փաստաբան Գագիկ Ավետիսյանը, - դատախազը, վերաքննիչի որոշման համաձայն, պետք է վերացնի կարճման որոշումը, քանի ամիս է անցել, բայց ոչ մի տեսանելի շարժ չկա։ Օգոստոսի 26-ին Վանյանցը ցուցմունք է տվել, բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, բայց մեր ոչ մի միջնորդություն չի բավարարվում»։ Այժմ Ռազմիկ Վանյանցը Մոսկվայից, որտեղ բնակվում է, ուշադիր հետեւել է ձեռնարկատիրության խրախուսմանը վերաբերող նախագահի եւ վարչապետի բոլոր ելույթներին եւ փորձում է նրանց միջամտությամբ հասնել արդարության։ 



«Ձեր քաղաքականությունը տապալում են հետաքննության եւ դատախազության առանձին անբարեխիղճ աշխատակիցներ։ Անձնական շահից ելնելով, նրանք, ի օգուտ հանցագործների, որոնք ինձ խաբեցին, որոշումներ են ընդունում», - գրում է սփյուռքահայը ՀՀ նախագահին, հայցելով նրա միջամտությունը։ Արա Գրիգորյանն էլ վստահեցնում է, որ Վանյանցը «կլյաուզնիկ» է ու ստախոս, որ դատարանի որոշման հիման վրա կրկին քննություն է կատարվել, բայց հանցակազմ կրկին չի բացահայտվել։ 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ