Սիրիահայ ինքնասպանի մարմինը Երևանից տեղափոխելու են Դամասկոս

Սիրիահայ ինքնասպանի մարմինը Երևանից տեղափոխելու են Դամասկոս

Օրերս Երեւանի կենտրոնում շենքի 8-րդ հարկից իրեն ցած էր նետել Սիրիայի 40-ամյա քաղաքացի Գաբրիել Ժան Բաշարյանը: Նրա երկու եղբայրները չեն ցանկանում Հայաստանում հուղարկավորել հանգուցյալին, ուզում են տանել հայրենի քաղաք՝ Դամասկոս, եւ այնտեղ հանձնել հողին։ Բայց ինչպե՞ս մարմինը հասցնեն Սիրիա։ Ուղիղ չվերթ չկա։ Կարելի է թռչել Լիբանան, Բեյրութ։ Շաբաթը մեկ Երեւանից օդանավերը թռչում են Բեյրութ։ Այնտեղից Սիրիա կարելի է հասնել ավտոմեքենայով։ Բայց ընտանիքը չունի բավարար միջոցներ եւ այժմ հաշվարկներ է անում, թե որ ճանապարհով տուն տանեն հարազատի մարմինը։



Սիրիահային դեպորտ են արել Շվեդիայից



Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ասում է, որ վերադարձի մեծ ցանկությունը նկատելի է, բայց առայժմ սիրիահայերը հետ չեն գնում։ «Եթե անգամ խաղաղությունը վերջնականապես հաստատվի, սիրիահայերն իրենց ընտանիքների մեծ մասը կթողնեն Հայաստանում, իրենք կգնան այնտեղ, բիզնես կդնեն, բայց երեխաներն արդեն սովորել են Հայաստանին, խոսում են արեւելահայերեն ու չեն ուզում հետ գնալ»։ Շարունակվում է սիրիահայերի ներհոսքը։ Այն օրերին, երբ հայկական բնակավայրերը ռմբակոծում են, ներհոսքն ավելանում է։ Անցյալ ուրբաթ Բեյրութ-Երեւան չվերթով 13 հոգի է եկել՝ 3 ընտանիք։ «Այս ուրբաթ նորից սպասում ենք,- ասում է Զաքարյանը,- մենք դիմավորում ենք, տեղավորում ենք»։ Կան դեպքեր, երբ սիրիահայերն այլ երկրներից են գալիս։ Վերջերս մի տղամարդու դեպորտ էին արել Շվեդիայից, եւ նա ստիպված էր տեղավորվել Հայաստանում։ Շվեդիայի միգրացիոն ծառայության աշխատողները միայն նրան են «բացահայտել» եւ ուղարկել Հայաստան։ Ընտանիքը մնացել է Շվեդիայում։



Թուրքաբնակ գյուղի տեղում ամբարտակ են կառուցում



Սիրիայում այս պահին ճանապարհներ, մայրուղիներ, օդանավակայաններ են վերականգնվում։ Ասադի կառավարությունը գումարներ է հատկացնում խաղաղ կյանքի անցնելու համար։ Դեկտեմբերի 13-ին մոտ 10 մլն․ դոլար հատկացվեց Լաթաքիայի օդանավակայանի ընդարձակման եւ բարեկարգման համար։ Այն պետք է ավարտվի 6 ամսում։ Օդանավակայանն այս վերջին տարիներին միայն ռազմական նպատակներով էր օգտագործվում։ Մեկ այլ նախագծով Քեսաբից ոչ հեռու ամբարտակ է կառուցվելու։ Այս նպատակի համար կառավարությունը հատկացրել է 7 մլն․ դոլար եւ երեք տարվա ժամկետ է սահմանել։ Ամբարտակի կառուցումը հնարավորություն կտա 1 մլն․ 800 հազար խորանարդ մետր ջրի պաշար ունենալ։ Քեսաբի հայ բնակչությանը հատկապես ոգեւորել է այն հանգամանքը, որ ամբարտակը կառուցվելու է երբեմնի թուրքաբնակ Ֆաքիհ Հասան գյուղի տարածքում, իսկ հարեւանությամբ գտնվող հայաբնակ գյուղը՝ Պաղճաղազը, պահպանվել է։ Թուրքական գյուղը Քեսաբից դեպի ծովափ ընկած ճանապարհին էր։ Այն օրերին, երբ Թուրքիան սատարում էր նախագահ Ասադի տապալմանը, բնակիչները միացել էին ապստամբներին։ Ներկայումս գյուղը հողին է հավասարեցված, իսկ բնակիչ չի մնացել։ Ամբարտակի կառուցմամբ Սիրիայի կառավարությունը հույս ունի լրացնել Քեսաբի շրջանի ջրի պահանջը։ Պատերազմից առաջ Միջերկրականի ափին գտնվող այս քաղաքը Սիրիայի ամենահայտնի զբոսաշրջության կենտրոններից էր։ Այս քայլերը միտված են վերականգնելու հայաբնակ քաղաքի երբեմնի համբավը։



Ի՞նչ մտածում Հայաստանի «ջոջերը»



Նախեն աձեռնումներին նպաստել են Քեսաբի հայերը, մասնավորապես «Հայ-արաբական միջազգային իրավական խորհուրդը», որի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը նոյեմբերից բանակցություններ էր վարում Սիրիայի Արաբական Հանրապետության տրանսպորտի եւ զբոսաշրջության ընկերության եւ քաղաքացիական ավիացիայի պատասխանատուների հետ։ Նա վստահեցնում է, որ Լաթաքիայի օդանավակայանի բարեկարգումն ու ամբարտակի կառուցումը շատ կարեւոր են քեսաբցիների համար։ «Պետական ռեսուրսները տվյալ դեպքում ծառայում են մեր շահերին, նկատի ունիմ Քեսաբը եւ դրա մոտակայքում գտնվող հայկական գյուղերը, որտեղ պետք է պահպանել մեր հայերի ներկայությունը, իսկ Քեսաբը 250 քմ վարչական տարածք ունի»։ Բայց գլխավոր հարցը Հայաստանի հետ օդային ուղիղ հաղորդակցության վերականգնումն է, որը դեռ չի հաջողվում լուծել։ Կիրակի օրվանից Հալեպի օդանավակայանը, որը նախկինում զինյալների կողմից պաշարման մեջ էր, քաղաքացիական օդանավեր է ընդունում։ Սիրիական քաղավիացիայի ղեկավարությունը խոստանում է, որ շուտով Լաթաքիայի օդանավակայանից ուղիղ չվերթներ են իրականացվելու Երեւան։ Ժամկետը ստույգ հայտնի չէ։ «Այս քայլերն օգուտ կլինեն երկու երկրների միջեւ տուրիզմի զարգացմանը,- ասում է Վահե Մահշիկյանը,- Հայաստանը պիտի լինի կենտրոն, ընդունելով զբոսաշրջիկների տարբեր երկիրներից։ Նույնը՝ Սիրիան պետք է Հայաստան գնալ ցանկացողների համար որպես կենտրոն ծառայի։ Հիմա բանակցում ենք դեպի Երեւան նոր չվերթ բացելու ուղղությամբ։ Այս գործերը պետք է, որ Հայաստանի իշխանություններին հետաքրքրեն։ Բայց ի՞նչ են մտածում Հայաստանի ջոջերը, չեմ հասկանում»։



ՀԳ․ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Զաքարյանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունն անցյալ ամիս պահուստային ֆոնդից 233 մլն. դրամ գումար հատկացրեց չորս տարում ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման եւ կուտակված տուգանքները վճարելու համար, եւ ավտոմեքենա ունեցողներն այլեւս ազատորեն կարող են տնօրինել փոխադրամիջոցը։ Ասենք՝ նստել գնալ Սիրիա, եթե պետք է։ Օդային հաղորդակցության վերականգնման ծրագրերի վերաբերյալ ընդամենը ասացին, որ տեղյակ են դրանցից։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ