Իմ 2 տարվա ազատազրկումը ես կնվիրեմ Ռոբերտ Քոչարյանին, եթե ինքը նպաստի իշխանափոխությանը

Իմ 2 տարվա ազատազրկումը ես կնվիրեմ Ռոբերտ Քոչարյանին, եթե ինքը նպաստի իշխանափոխությանը

Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի ձեւավորած թիմը՝ «Միասնական Արմենիան», առաջիկա ընտրություններում աջակցելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ձեւավորած դաշինքին։ Ալեքսանյանի թիմից է նաեւ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նա եւ Ալեքսանյանը 2016-ի ամռանը ոչ պաշտոնական հանդիպում էին ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Նախընտրական այս ֆոնին հետաքրքրվեցինք Ազատ Արշակյանից՝ ո՞րն էր նախագահական գնալու նպատակը, գուցե գնացել էին ընտրություններին ընդառաջ «դաբրո» ստանալո՞ւ։ «Նպատակն Ազգային ժողովում երկրորդ պալատ ստեղծելու մեր ծրագիրն էր։ Այդ հարցով մենք եղել ենք նաեւ Բակո Սահակյանի մոտ։ Սերժ Սարգսյանին մենք ասացինք, որ գիտեինք՝ Դուք էլ եք նման ծրագիր ունեցել, հիմա ուզում ենք, որ մեզ օգնեք։ Ինքն էլ ասաց, որ ծրագրին ծանոթ է, մենք առաջինը չենք, որ բարձրաձայնում ենք այդ մասին, ինքը մեզ չի օգնի, բայց եթե ստացվի, կողջունի։ Մենք ընդամենը այդ մասին տեղյակ պահեցինք նրան, ձեռք սեղմեցինք ու հեռացանք։ Քաղաքական խնդիրներ չենք քննարկել»,-ասաց պարոն Արշակյանը։



- Պարոն Արշակյան, Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու վերաբերյալ երկու իրարամերժ կարծիք կա․ մեկը, որ Օհանյանն իր դաշինքով Սերժ Սարգսյանի պրոյեկտն է։



- Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի պրոյեկտը չէ։ Ես շատ կուզենայի, որ դա լիներ Սերժ Սարգսյանի պրոյեկտը։ Սերժ Սարգսյանն ինքը պետք է Հայաստանը տաներ արմատական բարեփոխումների՝ վերեւից։ Ու մենք բոլորս, ես սիրով կմտնեի այդ պրոյեկտի մեջ՝ արմատական բարեփոխումներ իրականացնելու Հայաստանում։



- Բայց Սերժ Սարգսյանի պրոյեկտը լինելն այդքան էլ պատվաբեր բան չէ քաղաքական դաշտում, վտանգ կա, որ կդառնաք Արտաշես Գեղամյան, ով ընտրություններից առաջ ակտիվորեն քննադատում էր Սարգսյանին, ընտրություններից հետո դարձավ «Սերժ Ազատիչ ջանի» գլխավոր պաշտպանը։



- Կա նման վտանգ, բայց շնորհակալություն Ձեր համեմատության համար (ծիծաղում է)։ Մենք շատ տարբեր ենք պարոն Գեղամյանի հետ, ինքն էլ է սկզբունքային՝ իր տեսակի մեջ, ես էլ սկզբունքային եմ իմ տեսակի մեջ։ Ես պատրաստ եմ ծառայել հայրենիքին՝ ով ուզում է պրոյեկտը կազմի։ Եթե դա իմ հայրենիքը բարեփոխող, հզորացնող ծրագիր է, ես համաձայն եմ լինել Սերժ Սարգսյանի պրոյեկտը։ Եվ եթե այդպես լիներ, մենք արդեն շատ բաներ վերակառուցած կլինեինք։



- Պրոյեկտի մասով․ երկրորդ կարծիք կա, որ դուք՝ ի դեմս Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի, Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտն եք ու վերջում, անցնելով խորհրդարան, քաղաքակիրթ իշխանափոխություն եք կատարելու՝ միավորվելով Ծառուկյանի դաշինքի հետ։



- Ես Տեր-Պետրոսյանի պրոյեկտն էլ եմ (կրկին ծիծաղում է)։ Դավադրության մասը հանենք, որովհետեւ մենք չենք կարող էդտեղ լինել, որովհետեւ մեզ չեն հրավիրի, մենք լավ դավադիր չենք, մենք նյարդային ենք։ Լեւոնը մի հատ լավ բառ էր ասել, է՝ ջղաձգվողներ։ Այ, ես ջղաձգվող եմ։ Ես Ձեզ ասեմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանն իշխանափոխությանը նպաստելու է, դա իր գործի մեջ կգրվի որպես մեղմացնող հանգամանք, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի դեմ ահագին հարցեր կան, հասարակությունն ունի հարցեր, ես՝ անձամբ, անձնական հարց ունեմ իրեն։ Ինքն ինձ ապօրինի, իր հրամանով, այսինքն՝ շինծու ինձ ազատազրկել են։ Դա քրեական գործ է։ Այ, եթե նա նպաստի իշխանափոխությանը, ինձ նման շատերն ամունիստիա կհայտարարեն, ես իմ անձնական հարցը կհանեմ։



- Ստացվում է՝ Սերժ Սարգսյանին ընդդիմանալը նախկին ենթադրյալ մեղսագործների համար ինդուլգենցիա՞ կարող է ապահովել։



- Սերժ Սարգսյանին ընդդիմանալ՝ բարեփոխումների նպատակով, դա կլինի մեղքերի թողություն։ Այո, շատ լավ կլինի, որ Ռոբերտը մտնի դրա մեջ։ Իմ էդ երկու տարվա ազատազրկումը ես կնվիրեմ Ռոբերտ Քոչարյանին, եթե ինքը կնպաստի իշխանափոխությանն ու բարեփոխումներին։



- Ենթադրենք, այսօր մեկը հանցանք է գործել՝ կրակել է մարդկանց վրա, արդյունքում, օրինակ, 10 մարդ է զոհվել, հալածել ու հարստահարել է բազմաթիվ մարդկանց, անմեղ մարդիկ են բանտարկվել եւ այլն։ Արժե՞ այդ ամենը ներել ընդամենը Սերժ Սարգսյանին դեմ դուրս գալու համար։



- Այստեղ համարժեքության խնդիր կա։ Ես իմ բաժին մեղադրանքներից կհրաժարվեմ, բայց մեր օրենքը, իրավունքը նրա հետ պետք է գործ ունենա։ Պարզապես իմ հրաժարվելը կմեղմացնի նրա վիճակը։ Էդ զոհերը, թալանը, հարստահարումը, դրանք բոլորը կան եւ, իհարկե, դրանք պետք է օրենքով լուծվեն։



- Տեղեկություն կար, որ Օհանյանն ու Քոչարյանը հանդիպել են, ինչը գոնե չհերքվեց։ Դուք տեղյա՞կ եք՝ հանդիպե՞լ են, եւ եթե այո, ապա ի՞նչ նպատակով։



- Տեղյակ չեմ, բայց կողմ եմ, որ հանդիպեն։ Ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը պետք է հանդիպի բոլոր նրանց հետ, ովքեր ազդեցություն ունեն մեր քաղաքական, տնտեսական կյանքի վրա։



- Եթե կայացել է այդ հանդիպումը, այստեղ արդյոք Ձեր ասած դավադրությունների տեսությունը չի՞ զարգանում։



- Եթե դավադրությունն օգնում է, որ Հայաստանը դուրս գա ճգնաժամից, ես դա դավադրություն չեմ համարում։ Ես դա համարում եմ խորհրդավոր ընթրիք կամ ճաշ։ Եթե որեւէ մեկը նպաստում է Հայաստանի ազատագրմանը, բարեկեցությանը, բարեփոխումներին, ես նրանց դավադիր չեմ համարում։



- Ո՞վ է այդ ճգնաժամի, երկիրն այս վիճակին հասցնելու մեղավորը, արդյոք դա Բաղրամյան 26-ում նստող այն մա՞րդն է, ում մոտ գնացել էիք ամռանը։



- Այո, 2013 թ․ սեպտեմբերի 3-ին Հայաստանը Մաքսային միություն մտցնող մարդու մոտ էի գնացել ես։ Եվ հիմա ասում եմ՝ շատ եմ ափսոսում, որ դա արել է ինքը։



- Սեյրան Օհանյա՞նն էլ է պատրաստ Սերժ Սարգսյանի անունը, ինչպես Դուք, այդպես ուղիղ կերպով հրապարակավ հնչեցնել՝ որպես երկրում ստեղծված ծանր վիճակի պատճառ կամ մեղավոր։



- Հսկայական տարբերություն կա իմ եւ Սեյրան Օհանյանի մեջ․ ես սովետական բանակի եֆրեյտոր եմ, իսկ նա հայկական բանակի գեներալ-գնդապետ։ Նրա պատասխանատվությունը, նրա կենսագրությունն այլ է, իմը՝ այլ։



- Այսինքն՝ նա կաշկանդվա՞ծ է Սերժ Սարգսյանի անունը նշված կոնտեքստում ուղիղ տալուց։



- Չգիտեմ։ Չէ, ոչ թե դրանով, այլ նրա ուղին, նրա պատասխանատվությունը, նրա ազատությունները բոլորովին այլ են, նրա իրավունքներն այլ են, իմը բոլորովին այլ է։ Իմ կենսագրությունն ինձ թույլ է տալիս ասել, որ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի ինքնիշխանությունը։



- Իսկ եթե Սեյրան Օհանյանը դրա համարձակությունը չունենա կամ կաշկանդված լինի հասցեական տալ Սերժ Սարգսյանի անունը, ինչպե՞ս եք համոզելու ժողովրդին, որ Սեյրան Օհանյանն այն ազնիվ ընդդիմադիրն է, որը ոչ թե որեւէ մեկի պրոյեկտն է, այլ գնում է իսկապես իշխանափոխության։



- Ես չեմ համոզելու։ Էդ դեպքում ես իր հետ չեմ գնա։ Եթե ինքը չհամարձակվի ասել, նա պետք է անի։ Ես ասում եմ՝ ինքը պետք է բարեփոխումներն անի։ Դրա համար ենք մենք իրեն պաշտպանում։ Եթե ինքը բարեփոխիչ չէ, այլ պահպանելու է գոյություն ունեցած ստատուս քվոն, էդ դեպքում ի՞նչ բարեփոխում, ի՞նչ պայքար, ի՞նչ ազատություն։



- Վերջին հարցը․ պաշտոնապես կարո՞ղ եք խոստանալ, վստահեցնել ձեր դաշինքի անունից, որ եթե որեւէ կերպ անցնեք խորհրդարան, ցանկացած պարագայում դուք ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեք կազմի։



- Ես՝ ոչ։ Դաշինքի անունից չեմ կարող ասել, ես էնտեղ պաշտոն չունեմ։ Բայց ես դուրս կգամ դաշինքից, եթե նրանք համագործակցեն, եւ էս նոր ճակատն ստեղծելն էլ զուր աշխատանք է, եթե պետք է համագործակցեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ