Ծառուկյանի թիմում հստակեցնում են մոտեցումները

Ծառուկյանի թիմում հստակեցնում են մոտեցումները

Գագիկ Ծառուկյանի կողմից ձեւավորվող դաշինքում դեռեւս հստակություն չկա, թե ովքեր կզբաղեցնեն ցուցակի պատվավոր կամ անցողիկ հորիզոնականները, ովքեր պարզապես կընդգրկվեն ցուցակում եւ ովքեր կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով։ Թեեւ արդեն բավականին անուններ հայտնի են՝ Իշխան Զաքարյան, Խաչատուր Սուքիասյան, նրա երեք փեսաները, Ստեփան Դեմիրճյան, ՌԱԿ-ը՝ հանձին Հակոբ Ավետիքյանի, բանակցություններ են գնում Արարատ Զուրաբյանի, Ալիկ Արզումանյանի, Հովհաննես Մանուկյանի հետ, «Հայազն», «Առաքելություն» կուսակցությունները եւ այլն։ Ծառուկյանին է միացել նաեւ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ իր հինավուրց կուսակցությամբ։ Նրան, մեր տեղեկություններով, դաշինքում ծանրակշիռ դերակատարում կվստահեն՝ թույլ տալով օգտագործել իր պոտենցիալը՝ որպես երիտասարդ կադր։ Չի բացառվում, որ նա նաեւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվի Գեղարքունիքի մարզն ընդգրկող տարածքում։ Թե ինչ ռեյտինգ ունի Նարեկ Գալստյանը եւ որքանով կկարողանա դաշինքին ձայներ բերել, դժվար է ասել։ Այս ֆոնին գրեթե հստակ է մի բան․ ՎՍԴՀԿ-ն՝ իր ատենապետ Լյուդմիլա Սարգսյանով, կարելի է ասել, դուրս է մնացել Ծառուկյանի դաշինքից, որքան էլ որ նա շատ էր ցանկանում դա։ Մեզ պատմեցին, որ Գագիկ Ծառուկյանը համաձայնել է տանել «հնչակներից միայն մեկին», եւ ընտրել են ավելի երիտասարդին։



Դրական ընթացք ունեն Արարատ Զուրաբյանի ղեկավարած ՀՀՇ-ի՝ Ծառուկյանի դաշինքին միանալու բանակցությունները։ Դրանով ինքնըստինքյան կլուծվի նաեւ անորոշության մեջ հայտնված Ալիկ Արզումանյանի հարցը։ Թեպետ Արզումանյանն այս օրերին իր քաղաքական ապագայի մասին հարցազրույցներում նախընտրում է հանդես գալ միայն մամուլի հասցեին կշտամբանքներ տեղալով, հայտարարելով, որ ոչինչ որոշված չէ, եւ մամուլը հորինում է այդ լուրերը, բայց Հայաստանը փոքր երկիր է, եւ ցանկացած հանդիպում, բանակցություն, քննարկում դուրս չի մնում մամուլի ուշադրությունից։ Մի քիչ սառեցվել է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի՝ Ծառուկյանին միանալու գործընթացը։ Մանուկյանը երկմտանքի մեջ է՝ մտնե՞լ այս խաղի մեջ, թե՞ գլուխը դինջ՝ մի գործ գտնել՝ առանց քաղաքական գլխացավանքների։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում էին, որ նրան Վրաստանում ինչ-որ աշխատանք են առաջարկել, եւ հնարավոր է՝ քաղաքականություն մտնելու փոխարեն նա Թբիլիսի մեկնի։



Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից հեռացածներին կամ պոտենցիալ հեռացողներին Ծառուկյանի դաշինքում ընդգրկելուն, ապա այստեղ գրկաբաց չեն ընդունում եւ վերապահումներ ունեն այդ մասով։ Առանց այն էլ Գագիկ Ծառուկյանն ու իր դաշինքը խնդիրներ ունեն իշխանության հետ, առավել սրել իրավիճակը եւ տարբեր «աբիժնիկների», «առնետների», «ճամբարափոխների» ընդունել, կնշանակի բացահայտ առճակատման գնալ Սերժ Սարգսյանի հետ, ինչը Ծառուկյանի ոճը չէ։ Առայժմ Ծառուկյանի թիմում հետեւյալ մոտեցումը կա՝ ընդունել նրանց, ովքեր հնարավորինս դրական կարող են ընկալվել հանրության կողմից եւ օգուտ կտան ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլեւ հետո։ Հետեւաբար, օդիոզ դեմքերից նախընտրում են հեռու մնալ։ Օրինակ՝ հիմա հարց է դրված, եթե անցնեն խորհրդարան եւ անգամ մեծամասնություն ձեւավորեն, ովքե՞ր են լինելու ԱԺ մշտական հանձնաժողովների անդամներն ու նախագահները։ Ասենք, ԱԺ արտաքին հարաբերությունների, իրավական, տնտեսական եւ մյուս հանձնաժողովներում աշխատելու փորձ ունեցող պատգամավորներ կունենա՞ն, որ պատշաճ ներկայացնեն իրենց դաշինքը։ Բայց դա չի նշանակում, որ միայն ինտելեկտուալներ կընդգրկվեն Ծառուկյանի դաշինքում, քանզի դրա համար իրենց նախ խորհրդարան անցնել է պետք։ Իսկ դրա համար ձայն բերողներ էլ են պետք։ Այստեղ արդեն կարիք կլինի վերցնել ֆինանսական ռեսուրս եւ իրենց տարածքներում որոշակի հեղինակություն ունեցողների, որոնք կկարողանան ձայն բերել դաշինքին եւ կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով։ Ծառուկյանը որոշել է, որ բոլորն էլ պետք է դնեն ռեյտինգայինով եւ փորձեն իրենց ուժերը՝ հասկանալու համար, թե ով որքան ձայն՝ «կշիռ» ունի իր տարածքում։



Բավականին բարդ է ԲՀԿ-ական ներկայիս պատգամավորների հարցը։ Մասնավորապես նրանց, ովքեր ԱԺ-ում ակտիվ են եղել՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան եւ այլք, բայց մի փոքր կասկածելի է ռեյտինգայինով ձայն բերելու նրանց կարողությունը։ Տարածքներում առաջադրվելը կարող է ռիսկային լինել նրանց համար, իսկ եթե հանկարծ քիչ ձայն հավաքե՞ն։ Ուստի նրանց օգտակարության գործակիցը լրիվ այլ կերպ է չափվելու, եւ նրանց՝ ԱԺ անցնելը կախված է լինելու բացառապես մի մարդուց՝ Ծառուկյանից։ Անորոշ է նաեւ Հովիկ Աբրահամյանի, Մհեր Սեդրակյանի որդու միացումը Ծառուկյանի դաշինքին, ինչի մասին այս օրերին գրվում է մամուլում։ Մեր աղբյուրներն ասացին, որ հստակ որոշում դեռ չի եղել նրանց մասով։ Ի դեպ, շատ գրվեց նաեւ, որ ՀՀԿ-ի ցուցակով Կոտայքի մարզում առաջադրվելու է նաեւ Ծառուկյանի մյուս փեսան՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին։ Բայց վերջին իրադարձություններից հետո հայտնի դարձավ, որ փեսաներն առաջադրվելու են Ծառուկյանի դաշինքի կողմից։ Ցուցակի վերջնական հստակեցումները կավարտվեն մինչեւ այս շաբաթվա վերջ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ