Նամակագրին չեն գտել, բայց հաշտվել են

Նամակագրին չեն գտել, բայց հաշտվել են

Նախօրեին մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված «Համահայկական նվագախումբն այլեւս իրողություն է-2» վերտառությամբ լուսանկարն անակնկալի բերեց շատերին, մի սեղանի շուրջ նստած են մշտապես հակառակ ճամբարներում գտնվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ֆիլհարմոնիկի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը եւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ընթրիքի նախաձեռնությունն իրենն է եղել։ 



Նախարարից հետաքրքրվեցինք՝ դա հաշտեցման ընթրի՞ք էր, թե՞ համագործակցության նոր մեկնարկ։ «Դուք երկուսն էլ արդեն ասացիք»։ Ի վերջո, գտա՞ն այդ անանուն հեղինակին՝ Դավիթ Հարությունյանին (հիշեցնենք, որ օրեր առաջ ոմն Դավիթ Հարությունյան բաց նամակ էր հղել Ամիրյանին, որտեղ մեղադրել էր Թոփչյանին իր աշխատանքային կենսագրությունը կեղծելու մեջ, ֆիլհարմոնիկից էլ չէին բացառել, որ արվում է հակառակ՝ Սմբատյանների թիմից՝ Թոփչյանին վարկաբեկելու միտումով)։ «Գիտեք, հեչ կարեւոր չէ նրան գտնել, կարծում եմ՝ կարեւորն այն է, որ մենք կարողանանք նայել առաջ եւ ոչ թե հետ, եւ այն բաժանարար գիծը, որ մենք կարողացանք գծել... իսկ ես ընդհանրապես հակված եմ բաժանարար գծեր գծելուն, որը դառնում է հիմք մեր ապագա ստեղծագործական աշխատանքները կարգավորելու համար։ Կարծում եմ՝ համահայկական նվագախմբի ստեղծման ծրագրերը հենց այդ հաշտեցման եւ համերաշխության միտումն ունեն ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ համայն աշխարհում սփռված հայությանը միավորելու։ Ապագայում ոչ միայն համահայկական սիմֆոնիկ նվագախումբն է իրականություն դառնալու, այլ նաեւ ստեղծելու ենք տարբեր մշակութային հարթակներ՝ միասնականությունն ապահովելու համար»,-նշեց նախարարը, ով, փաստորեն, մշակութային դաշտում նաեւ խաղաղարարի դեր է ստանձնել։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ