Դատապարտյալներ կան, որոնց պրոբացիան աշխատանքի է տեղավորել

Դատապարտյալներ կան, որոնց պրոբացիան աշխատանքի է տեղավորել

Ազգային ժողովն անցյալ տարվա մայիսին ընդունեց «Պրոբացիայի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիշեցնենք, որ այդ օրենքը պետք է ընդունվեր 2014-ին, բայց անընդհատ ձգձգվում էր։ Նշենք, որ պրոբացիոն ծառայությունը պատժի կրման այլընտրանքային մեխանիզմ է ենթադրում, որով դատապարտյալները կարող են իրենց պատիժը կրել բանտից դուրս՝ հատուկ հսկողության ներքո։ Այդ պայմաններում հատուկ մասնագետները կաշխատեն ազատազրկված անձանց հետ, այսպես ասած՝ «դարձի բերելով», վերասոցիալիզացնելով նրանց։ Սրանով նպատակ ունեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները։



Սուրեն Քրմոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով նախատեսվածից մոտ երկու տարի ուշացումով այս օրենքի ընդունմանը, ասաց․ «Ուշացումով չընդունվեց, այլ ուղղակի քննարկումները բավականաչափ երկար էին, եւ այդ քննարկումները թույլ տվեցին վեր հանել բոլոր խնդիրները եւ ռիսկերը, որոնք հաշվի առնվեցին նախագծում»։ Ապա տեղեկացրեց, որ անցյալ տարվա մայիսին օրենքի ընդունումից հետո, սեպտեմբերին ստեղծեցին Պրոբացիայի պետական ծառայությունը, որն արդեն գործում է եւ գտնվում է Արշակունյաց պողոտայում։ «Գործող օրենսդրության համաձայն, ներկայում պրոբացիայի ծառայությունն իրականացնում է հիմնականում այլընտրանքային պատիժներ, նաեւ, որպես նոր լիազորություն, նախատեսում է, որ պայմանական վաղակետ ազատման հետ կապված գործընթացում պետք է այլընտրանքային զեկույցներ տրամադրի։ Բայց, որպես նոր գործառույթ, այն զբաղվում է նաեւ դատապարտված անձանց վերասոցիալականացմամբ, վերաինտեգրման, աշխատանքի տեղավորման գործառույթներով»։ Հարցին՝ մենք ունե՞նք արդեն պրոբացիայի ծառայության շահառուներ, պարոն Քրմոյանն ասաց․ «Մենք ունենք շահառուներ, շահառուներն արդեն իսկ աշխատում են պրոբացիայի ծառայության հետ, մենք ունենք դեպքեր, երբ որ պրոբացիան աշխատանքի է տեղավորել, ես վիճակագրությունն առանձին կարող եմ տրամադրել»։



Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցների ներդրմանը, Քրմոյանն ասաց, որ իրենք այս պահին մոտ 650 միլիոն դրամ են առաջարկել, որը նախատեսված է բյուջեի ծրագրով, իսկ տարեկան նախատեսված ծախսը շուրջ 350 մլն․ դրամ է։ «Բայց դա նույն ծախսն է, որը նախատեսված էր քրեակատարողական ծառայության՝ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման համար։ Մեկ դրամ չի ավելացել»,-ասաց նա։



Արդյոք քրեակատարողական հիմնարկներում բեռնաթափում նկատվո՞ւմ է արդեն այս ծառայության գործարկմամբ, թե՞ ոչ, Քրմոյանն ասաց․ «Մենք հիմնավորման մեջ գրել էինք, որ ակնկալում ենք, որ բեռնաթափում կլինի, բայց ծառայության գործարկման մեկ-երկու տարի հետո»։ Սակայն ասաց, որ ծառայության գործարկումը նախնական շրջանում իրեն արդարացնում է․ «Որովհետեւ դատապարտյալների կողմից գոհունակություն կա, մենք դեպքեր ենք տեսնում, երբ որ աշխատանքի են տեղավորել, երբ կրթական, մշակութային միջոցառումների են մասնակցել, ըստ այդմ՝ վերասոցիալականացվել են, բայց գլխավոր խնդիրն այն է, որ ակնկալում ենք՝ փուլ առ փուլ այդ անձանց կրկնահանցագործությունը կնվազի»։



Նշենք, որ պրոբացիայի ծառայությունը ենթադրում է նաեւ հատուկ չիպերի, թեւնոցների կամ նմանատիպ այլ իրերի կիրառում, որոնք ամրացվելու են դատապարտյալների վրա։ Դրանցով իրավապահները հսկողություն են սահմանելու դատապարտված անձանց նկատմամբ, որ չլքեն երկիրը, չանհետանան։ Քրմոյանն ասաց, որ այդ սարքերն արդեն բերել են, օրենսդրությունը մշակվել է, որը դեռ պետք է ընդունվի, այս պահին տեխնիկապես են փորձարկվում, մոտ ժամանակներս պրակտիկ կկիրառվեն։



Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ այդ սարքերն իրենք դրամաշնորհային միջոցներով վարձակալել են որոշակի ժամանակով, երբ որ ծառայությունը գործարկվի, կորոշեն՝ գնե՞ն, թե՞ վարձակալեն։ Իսկ առայժմ էլեկտրոնային հսկողությանը փոխարինում է, օրինակ, ստորագրությունը՝ երկրից չբացակայելու վերաբերյալ, կամ աշխատողների հսկողությունը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ