«Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը կմեկնարկի լեգենդար ջութակահար Ցուկերմանի ելույթով

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը կմեկնարկի լեգենդար ջութակահար Ցուկերմանի ելույթով

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա 2017թ-ի մարտի 26-ին: Տարվա իրադարձային համերգների շարքը սկիզբ կառնի լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով:



Երաժիշտը փառատոնի շրջանակներում Երևանում հանդես է եկել «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբով և «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ: Փառատոնը ջանք չի խնայել գերաստղին Հայաստանի հետ ընկերացնելու համար:
Այս անգամ Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:



Ծրագրում կհնչեն` Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան:
«Հեռանկարների» շրջանակներում այս տարի Երևան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությմբ, 8 անգամ գրեմմի մրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակը, այլ նշանակալից միջոցառումների շրջանակներում: Փառատոնային տարին կեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը: Տեղի կունենան վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում և համերգներ մարզերում:



«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է Եվրոպայի մեկ տասնյակ լավագույն փառատոներից մեկը, որը շարունակաբար գրանցում է մեծ նվաճումներ` ի շահ մեր երկրի մշակութային, կրթական, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտների: