Մեր ժամանակների հերոսը

Մեր ժամանակների հերոսը

Ցավալի լուրը երեկ ցնցեց բոլորին՝ եւ նրանց, ովքեր ճանաչում էին Հաց բերողին, եւ նրանց, ովքեր միայն լսել էին նրա մասին։ Այս մարդն իր արարքով եւ իր կերպարով միանգամից սիրվեց հասարակության կողմից, դարձավ մեր ժամանակների Հերոսը, իր մեջ ամփոփելով մեր ազգի ողջ բարությունը, հացի հանդեպ հարգանքը, ազատության-մարդկայնության նկատմամբ սերը, սեփական անձը հանուն գաղափարի զոհելու ունակությունը։ Այդ սերն ու հարգանքն այնքան անկեղծ էր ու հանկարծահաս, որ մահվան լուրը թեւաթափ արեց բոլորիս։ Կարծես զրկված լինեինք մեր ամենամոտ հարազատից, հույսից-հավատից, պայքարելու եւ հաջողության հասնելու երազանքից։ Արթուր Սարգսյանն այդ բոլորի մարմնացումն էր։ Մեր խիղճը, վերապրելու, մաքառելու մեր կամքը։ Դժվար է առանց այդ կամքի, այդ զգացողությունների ապրել։ Եվ պատահական չէր, որ մարդիկ անձրեւի տակ ելան փողոց՝ հիշելու Հաց բերողին եւ պահանջելու պատժել նրանց, ում մեղքով մեզնից հեռացավ նա։ Նրանց, ովքեր գիտակցված կերպով, դաժանաբար խոշտանգեցին նրան՝ բերդում պահելով անգամ այն ժամանակ, երբ նա երկարաժամկետ հացադուլի մեջ էր։ Անգամ երբ բազում մարդիկ՝ պատգամավորներ, մտավորականներ, պահանջում էին ազատ արձակել Հաց բերողին, ում միակ մեղքը քաղցած մարդկանց ուտելիք հասցնելն էր։ Նրա մահը մեզ ավելի հեռացրեց իշխող էլիտայից, որի համար միակ ու ամենաթանկ բանն իր իշխանությունն է, հանուն որի կարող են անցնել անգամ մարդկանց դիակների վրայով։ Կարող են նվաստացնել ու կոտրել պայքարող մարտիկների կամքը։ Փոքրիկ զանցանքների համար բանտարկել օտարներին, սակայն ներել մեծ հանցանքներ գործած յուրայիններին։ Բայց այսպիսի ողբերգական պատահարներն անհետեւանք չեն անցնում՝ դրանք կրթում, հասունացնում են հանրությանը։ Հաց բերողն իր մահով էլ օգտակար եղավ մեզ։