Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը չհաղթել մի երկրում, որտեղ ամեն ինչ տապալված է

Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը չհաղթել մի երկրում, որտեղ ամեն ինչ տապալված է

Հարցազրույց կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի հետ․



- Պարոն Չաուշյան, խորհրդարանական ընտրություններն արդեն ավարտվել են, արդյունքներն էլ՝ հրապարակվել, Ձեր կողմից ձայն ստացած կուսակցությունը կամ դաշինքն անցե՞լ է խորհրդարան։



- Իմ քվեարկած կուսակցությունը չի անցել Ազգային ժողով, եւ դա արդեն կարեւոր էլ չէ։ Եթե հաշվի առնենք վերջին 8 տարվա պաշտոնական տվյալները, ապա մեր երկրում աղքատությունն էլ ավելի խորացավ՝ հասնելով չքավորության մակարդակի, մասնավորապես՝ գյուղերում։ Այս տարիների ընթացքում արտագաղթը բավականին մեծ թափ առավ, երկրի արտաքին պարտքը հասավ ուղղակի եզրագծին, եւ այդ ֆոնին մեր ժողովրդի կայացրած որոշումն ինչ-որ տեղ մազոխիզմի նշան է։ Ուրիշ բացատրություն դժվար է գտնել, մարդկանց տրված էր հնարավորություն՝ ինչ-որ բաներ ձեւափոխելու, բայց մարդիկ չփոխեցին։ Իհարկե, խոսակցություններ եղան կաշառքների մասին, կարծում եմ՝ հանցագործություն է եւ կաշառք տալը, եւ վերցնելը, դրանք հավասար են իրար։ Ամեն մարդ պետք է ունենա արժանապատվություն, մերն այսքան էր։ Բոլոր դեպքերում, ընտրությունը կայացել է, բայց մի վերապահումով, մոտակա տարիներին մեր ժողովուրդն այլեւս բարոյական իրավունք չունի դժգոհելու եւ փնովելու, նրանք ընտրել են սա։ Շատ հիասթափված եմ ոչ իշխանական կուսակցություններից, ես ուշադիր նայել եմ այն, ինչ ցուցադրվել է հեռուստացույցով, ինտերնետով, եւ զգացել եմ մի բան, որ ընդդիմությունը կարող էր հաղթել միայն մի դեպքում, եթե համախմբվեր, բայց ի՞նչ համախմբվել, եթե նրանց մեծ մասի ջանքերը գնում էին իրար փնովելու վրա, որն ուղղակի զարմանք է առաջացնում։ Եթե դուք նպատակ ունեիք ինչ-որ բան փոխել, ապա պարտավոր էիք միասնական լինել։



- Որոշ կուսակցություններ կազմեցին դաշինքներ, բայց կարծես արդյունքը մեծ չէր։



- Դաշինքը պետք է լիներ ընդհանուր, դա միակ տարբերակն էր հաղթելու։ Այս բանը տեղի չունեցավ, եւ տեղի ունեցավ այն, ինչ եղել է հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում։



- Մենք տեսանք նաեւ, որ ՀՀԿ-ի դեպքում՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, աշխատեց խոստումների մեխանիզմը, գուցե պայմանավորված իր անձնական հմայքով։



- Ես հիշում եմ նախորդ վարչապետերի խոստումները, որոնք ոչ մի բանով պակաս չէին, գուցե արտաքնապես զիջում էին, չեմ վիճում, բայց ժողովրդի իմաստությունն էլ նրանում է, որ տարբերի արտաքինը ներքինից։ Տրամաբանությունը սա է՝ մարդուն գնահատել գործերով, ոչ թե խոստումներով։ Ես ոչ մի բան չունեմ Կարապետյանի դեմ, բայց դեռ չեմ տեսել նրա աշխատանքը, Աստված տա՝ լինի այդ հրաշքը։



- Աղքատության 40 տոկոսի եւ արտագաղթի նման պայմաններում ինչպե՞ս է հնարավոր, որ 771 հազար մարդ գնար ու ՀՀԿ-ին ձայն տար։



- Չգիտեմ, դժվարանում եմ ասել՝ ոնց էր հնարավոր, բայց փաստը մնում է փաստ։ Հիշում եմ հեռուստատեսային մի քանի կադրեր, երբ գյուղերում մարդիկ ասում էին՝ ով շատ փող տա, նրան էլ ձայն կտանք։ Դա բարոյական անկման երեւի ամենավերջին աստիճանն է, բայց հասել ենք դրան։ Չեմ ուզում կասկածի տակ դնել ընտրության թվերը, գուցե եղել են ինչ-որ բաներ, բայց փաստը մնում է փաստ, որ ժողովրդի մեծամասնությունը քվեարկել է, ինչպես ուզում ես՝ մոտեցիր այս հարցին։ Ամեն օր հեռուստատեսային հոլովակների մեջ տեսնում էի, որ ասում են՝ եթե անգամ փող են տալիս, վերցրեք, բայց քվեարկեք ձեր ձեւով։ Նման բան հայտարարելը նույնպես անբարոյականություն եմ համարում։ Եթե ծախվում ես, այն էլ այսպիսի գլոբալ հարցերում, ուրեմն մարդ չես։ Մի խոսքով, ստացանք այն, ինչ ունենք։ Փոքր երկրների ճակատագրերը նման են իրար, նրանք հարցեր չեն լուծում համաշխարհային քաղաքականության մեջ, նրանք միայն ենթարկվում են։ Մյուս կողմից էլ՝ ունենք Իսրայելի օրինակը, որն իր տարածքով զիջում է մեզ համարյա 2 անգամ, բայց բնակչության թիվը 3 անգամ ավել է։ Իմ կարծիքով՝ սրա միակ բացատրությունն այն է, որ Իսրայելում կա ժողովրդավարություն։ Դա միակ ձեւն է, որ կարող ես մարդկանց ձգել դեպի քեզ։ Իսկ Իսրայելն ստեղծվել է մի տարածքում, որ շրջապատված է գիշատիչ ազգերով, ոչ պակաս, քան մեր շրջապատը։ Եթե Իսրայելում լիներ կոռուպցիա, կաշառակերություն, թալան, ապա այդ երկիրը վաղուց չէր լինի աշխարհի երեսին, բայց այսօր տեսնում ենք հզորագույն մի երկիր՝ հզոր բանակով, գիտական պոտենցիալով եւ առողջապահությամբ։ Այսօր ավելի մեծ վտանգ մեր երկրի համար, քան արտագաղթն է, ես չեմ տեսնում, ոչ մի պատերազմ այդ վտանգը չունի, քան արտագաղթը։



- Ընտրությունների եւ դրան հաջորդած հիասթափությունների ֆոնին հնարավոր համարո՞ւմ եք արտագաղթի նոր ալիք։



- Թերեւս՝ այո։ Հիմա բոլորիս գլխավոր նպատակն է պահպանել մեր պետությունը, մենք շատ մեծ վտանգի առաջ ենք կանգնած։ Թե ինչ ձեւով կարող ենք պահպանել, դրա ձեւը մի հատ է․ ամեն մարդ իր տեղում, իր բնագավառում պետք է լիարժեք եւ ազնվորեն աշխատի հանուն իր հայրենիքի, ուրիշ ճանապարհ չեմ տեսնում։ Հետո՝ մեր ժողովուրդն ապստամբող ժողովուրդ չէ, մենք համոզվել ենք դրանում, ապստամբել՝ չի նշանակում հազար հոգի դուրս գա փողոց, դա նշանակում է առնվազն 200, 300 հազարի մասնակցություն։



- Այսինքն՝ կարծում եք հետընտրական զարգացումներ չե՞ն լինի։



- Կարծում եմ՝ ոչ։ Մեր ժողովուրդը կորցրել է իր արժանապատվության զգացումը, դա ամենաահավոր բանն է, մարդիկ ամեն ինչի հետ համակերպված են եւ ուզում են միայն մի փոքր օգուտ ունենալ։ Բնական է, որ հիմա կլինեն թանկացումներ, որովհետեւ այդ օլիգարխներն ավելի մեծ իրավունքներ ստացան, ԱԺ-ում նույն օդիոզ ֆիգուրները կլինեն, որոնք դատապարտված են ժողովրդի կողմից, բայց ժողովուրդը նրանց ձայն է տվել։ Սա է փաստը, թե ինչ ձեւով է տվել, դա արդեն այլ բան է։ Եթե տված չլիներ, հիմա բոլորը փողոցում կլինեին։ Մենք պետք է ոչ հույսներս կորցնենք, ոչ էլ Աստծո վրա հույսներս դնենք, մեր ազգը մինչեւ համախմբվածության տարրը չունենա, ոչ մի բանի չի հասնի։ Չկա այդ համախմբվածությունը՝ ի տարբերություն իշխանական ուժի, որը շատ պրոֆեսիոնալ համախմբվածություն ցուցաբերեց։ Ամենաբարդ իրավիճակներում Սերժ Սարգսյանը գտնում է շատ նուրբ եւ ճշգրիտ քայլեր։ Անհասկանալի է, թե ինչպես կարող է ընդդիմությունը չհաղթել մի երկրում, որտեղ ամեն ինչ տապալված է, ամեն դեպքում՝ տրամաբանությունը դա է ասում։



- Արցախի թեման գրեթե բոլոր կուսակցությունների ծրագրերի առանցքում էր, հատկապես Կոնգրես-ՀԺԿ-ի, ի՞նչ կասեք դրա մասին։



- Ինձ վրա ահավոր տպավորություն թողեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերը, դա պարտվողական մտածելակերպ է, իհարկե, խաղաղություն բոլորս էլ ուզում ենք, բայց ինչպիսի՞ խաղաղություն։ Ես զարմացած եմ, որ իր հետ վերջին հարցազրույցներում ոչ մեկն իրեն հարց չտվեց, եթե ասում եք՝ անցման շրջան պետք է լինի, հողերը պիտի հանձնենք, հետո խաղաղարար ուժերը պետք է գան, այդ ընթացքում Ղարաբաղն ո՞ւմ է պատկանելու, պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի կազմում պետք է լիներ, իսկ դա նշանակում է հանձնել ամեն ինչ։ Ինչ վերաբերում է ԱԺ անցած 2-րդ ուժին՝ «Ծառուկյան դաշինքին», ապա նրա գործունեությունը՝ իբրեւ բարերարի, ունի երկար տարիների պատմություն, եւ մի քիչ զարմացած եմ հավաքած ցածր տոկոսի վրա, քանի որ նրա հանրահավաքներին ժողովուրդը գնում էր ինքնաբուխ։ «Ելքի» մասին կարող եմ ասել, որ բավականին ակտիվ ու ճկուն ներկայացան, բայց պետք է նշեմ, որ նրանք ոչ մի գլոբալ հարց չէին բարձրացնում, ասում էին՝ ելք կա, բայց ինչի՞ մեջ է այդ ելքը։ Չկա այդ ելքը։



- «Ծառուկյան դաշինքը» խորհրդարանում կկարողանա՞ եղանակ փոխել։



- Նա ասում էր՝ եթե հաղթի, իր 15 կետը կիրականացնի, եւ երեւի կիրականացներ, բայց այդ բանը տեղի չունեցավ։ Հիմա իր դերը խորհրդարանում ես ուղղակի չեմ պատկերացնում՝ կոալիցիա մտնել, նշանակում է ջնջել ինքդ քեզ, դառնաս ընդդիմություն, մեկ է, ոչ մի լծակ չունես ընդդիմություն լինելու համար։



- Ի՞նչ կարծիքի եք ԱԺ չանցած կուսակցությունների մասին։



- Օրինակ, «Ազատ դեմոկրատների» ասածները շատ տրամաբանական էին, պրոֆեսիոնալ մտածելակերպով, բայց ինչպե՞ս կարելի է խոսել արեւմտամետ լինելու մասին, երբ ամբողջ երկիրդ վաճառված է ռուսներին, եթե երկաթգիծը, ատոմային էլեկտրակայանը, ամբողջ էլեկտրացանցերը, հեռախոսացանցը նրանցն են, ու սահմանապահն էլ իրենք են։ Այստեղ 2 տարբերակ կա՝ կամ սոցիալիստական հեղափոխություն ես անում, կամ պատերազմ ես հայտարարում Ռուսաստանին ու հաղթում․ 2-ն էլ ուտոպիայի բնագավառից են։ Այնպես որ, դրա մասին այսօր խոսելը կամ վաղ է, կամ էլ արդեն ուշ։ Մի բան եւս՝ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում չկար ուշադրություն մշակույթի զարգացմանը։ Ընդհանրական էին ու հիշեցնում էին Սովետական Միության կոչերը, այսինքն՝ ոչ մեկը չի համարում, որ մշակույթն ու գիտությունը Հայաստանի ամենաստրատեգիկ ուղղություններից են։ Մենաշնորհն արդեն մեզ մոտ որոշիչ է, եւ գիտենք շատ հստակ, որ երաժշտական աշխարհում էլ այն կա, որովհետեւ մեր երկրի ուղղվածությունը դեպի մենաշնորհ է տանում։ Թեեւ մարդը միշտ հակված է փաստին հավատալուն եւ ոչ թե խոստումներին, բայց հանրապետականները կարողացան հակառակն անել Կարեն Կարապետյանի շնորհիվ, չնայած որ նրան էլ տրվում էին հարցեր, որոնց նա շատ անգամ չէր կարողանում կոնկրետ պատասխանել, բայց ժողովուրդը դա չէր նկատում եւ չէր հասկանում։ Ինձ համար որոշիչ է ու կարեւոր մեր երկրի զարգացումը։



- Ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցավ մի բան, որ ցնցեց բոլորիս։ Դա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահն էր, որը, թվում է, վերջնականապես պետք է սթափեցներ եւ բացեր ՀՀ քաղաքացու աչքերը։



- Ի դեպ, դա սարսափելի հարված էր Հանրապետականին, մենք տեսանք, որ բոլորը դրա մասին էին խոսում, արտահայտվում, բայց շատ շուտ մոռացվեց այդ հանգամանքը։ Հանրապետականի տեղը լինեի, ես այդ մարդուն շքանշան կտայի ու կանեի դա կյանքի օրոք, ոչ թե մահից հետո, որովհետեւ ինքն արել էր միայն քրիստոնյային բնորոշ քայլ, ինքը չէր մասնակցել ՊՊԾ գնդի գրավմանը, ելույթներ չէր ունեցել, ուղղակի արել էր մարդկային քայլ՝ սոված մարդկանց հաց էր հասցրել։ Եթե տային շքանշան, երեւի կարժանացնեին նաեւ Եռաբլուրում հուղարկավորելուն, բայց մեր ղեկավարությունը որոշեց, որ չի կարելի նման բան անել, չնայած այդ քայլով շատ կշահեր, դրանում կասկած չկա։ Այդ մարդու լուսավոր կերպարը մնաց բոլորիս հիշողության մեջ, բայց ժողովրդի այս վերաբերմունքը ջնջեց այդ ամենը, որովհետեւ ժողովուրդը ցույց տվեց իր անկարող վիճակը։ Վերջապես՝ կարելի էր չգնալ ընտրության, հազար ձեւ կա, երեւի մենք դեռ չենք հասունացել, բայց մեզ շատ ժամանակ տրված չէ։ Կարեւոր է, որ մենք բոլորս հիշենք մեծ հայրենասեր ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Հայերի խնդիրը չի կայանում նրանում, որ աշխարհում կան թուրքեր, հայերի խնդիրը նրանում է, որ կան թուրքացած հայեր»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ