Իմ օրն սկսվում է Աստծուն փառք տալով, որ նա Փարաջանովին ուղարկեց երկիր

Իմ օրն սկսվում է Աստծուն փառք տալով, որ նա Փարաջանովին ուղարկեց երկիր

«Վրաստանի մասին գեղեցիկ լուսանկարներով շատ գրքեր են լույս տեսել, բայց սա տուրիստական Վրաստանը չէ, իմ ներկայացրած լուսանկարները Վրաստանի մի փոքր այլ կողմն են ցույց տալիս՝ իր ծանր ժառանգությամբ, խնդիրներով, բայց լավ մարդկանցով, որոնց աչքերում շարունակում ես այդ տխրությունը տեսնել։ Սա իմ Վրաստանն է»,- ասում է Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովն ու ներկայացնում նախօրեին Մոսկվայի տանը բացված իր «Վրաստան․ կրկնակի էջեր» ցուցահանդեսը, որը Հայաստանում ցուցադրվելուց հետո կցուցադրվի նաեւ Մոսկվայում, Ղազախստանում, Նյու Յորքում:



Ցուցահանդեսում ներկայացված սեւ-սպիտակ լուսանկարները Յուրի Մեչիտովի՝ Վրաստանի մասին պատմող մեծ պրոյեկտի մի մասն են, որ ստեղծվել են Վրաստանում՝ վերջին 40 տարվա ընթացքում։ Հեղինակն արտացոլել է իրեն հուզող իրականությունը, ցուցադրել իր կյանքի ճանապարհին հանդիպած մարդկանց դիմանկարները, ստեղծել ժամանակաշրջանի ինքնատիպ վկայագիրը։ Յուրաքանչյուր ստեղծագործություն բաղկացած է երկու նկարից, որոնք ստեղծվել են տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր վայրերում։ Փաստացի, այս գործերը դեռեւս չհրապարակված գրքերի էջաբացվածքներ են։ Հեղինակի տեսանկյունով՝ դրանց փոխազդեցությունը հարստացնում է ընկալումը, ֆոտոզույգերը փոխկապակցված են երբեմն տրամաբանորեն, հաճախ՝ զգայականորեն։



«Ես ուզում եմ ցույց տալ իմ երկիրը, իսկ այն մի փոքր սեւ ու սպիտակ է՝ գունավոր չէ։ Սա կոչվում է երկակի էջեր, որովհետեւ այդ երկու էջերում կան փոքր գեղարվեստական հնարքներ, որոնք դրամատիզմ են հաղորդում, ինչի արդյունքում այդ լուսանկարներն ինչ-որ ձեւով սկսում են խոսել միմյանց հետ, եւ դա ինձ հետաքրքիր թվաց»,- պատմում է Մեչիտովն ու ընդգծում, որ նախընտրում է դիմանկարի ժանրը, քանի որ սիրում է մարդկանց լուսանկարել, իսկ լուսանկարչությունից դուրս. «Իմ սիրած ուղղվածությունը կյանքն է, որովհետեւ շատ եմ սիրում կյանքը ու չնայած 67 տարեկան եմ արդեն, բայց փորձում եմ կյանքի հետ լեզու գտնել»։



Լուսանկարչի սիրած ֆոտոտեխնիկան «Պենտաքսն» է, նրա առաջին լուսանկարչական ապարատն էլ «Պենտաքս» էր։ Նա կատակով հավելում է, որ հավատարիմ է թե իր ֆոտոտեխնիկային, թե ընկերներին եւ թե կանանց։ «Ես սիրում եմ էժան ապարատներ, ինչո՞ւ, որովհետեւ նրանց հետ աշխատելու ժամանակ ես չպետք է մտածեմ, որ այն հանկարծ կջարդվի»։



Հայաստանում վրացի լուսանկարչի առաջին ֆոտոցուցահանդեսը եղել է 98-ին, որն էրոտիկ բնույթ էր կրում. «Ճիշտ է՝ քիչ մարդ եկավ, որովհետեւ վախենում էին դրա մասին միմյանց պատմել, իսկ Վրաստանում առաջին էրոտիկ ցուցահանդեսն արեցի դրանից մի փոքր շուտ։ Դա այն ժամանակ էր, երբ ինձնից հեռանում էր իմ երիտասարդությունը, եւ մոտենում էր ծերությունը։ Այդ ընթացքում ես մերկացրեցի մի 30 աղջկա եւ մի 10 տղայի ու արեցի մի շատ հետաքրքիր ցուցահանդես»։



Մեչիտովին հարցնում են իր ամենահայտնի լուսանկարի մասին՝ Թբիլիսիի փողոցներից մեկում թռչող Փարաջանովի մասին, որի լուսանկարը հիմք հանդիսացավ Թբիլիսիի Հին քաղաքի կենտրոնում տեղադրված Փարաջանովի արձանի համար. «Դա իմ լավագույն ու ամենահայտնի լուսանկարներից մեկն է, մյուս հայտնի լուսանկարը նվիրված է 89թ․ ապրիլի 9-ի զոհերի հիշատակին, երբ ցուցարարներ սպանվեցին ցույցը ցրելու ժամանակ։Դա արտահայտություն գտավ նաեւ իմ լուսանկարներում»։



Մեչիտովը հիշում է, որ Փարաջանովն ուղղակի պաշտում էր լուսանկարվել, եւ նրան նվիրված իր գրքում միայն 2 հազար լուսանկար է ներառել Փարաջանովից. «Իմ օրն սկսվում է Աստծուն փառք տալով, որ նա Փարաջանովին ուղարկեց երկիր, եւ, կարծում եմ, ինչքան էլ որ հայերն ու ուկրաինացիները փորձեն սեփականաշնորհել նրան, բայց Փարաջանովը նախեւառաջ թբիլիսյան ֆենոմեն էր, որովհետեւ այն բակը, որտեղ նա մեծացել է, դա լրիվ թատերական մի բակ էր, որտեղ թատրոնը մշտապես ներկա էր։ Բայցեւայնպես, իմ արվեստը կապված չէ միայն Փարաջանովի հետ, ես նրան շատ եմ սիրում, համարում եմ իմ ուսուցիչը շատ հարցերում, շատ շնորհակալ եմ նրան եւ արել եմ ամեն հնարավորը նրա անունը անմահացնելու համար»։



Այսօր Յուրի Մեչիտովը լուսանկարչությունից բացի զբաղվում է դիզայնով, գրքեր է ձեւավորում, իսկ վերջին տարիներին նաեւ գրում է, ինչպես ինքն ասաց՝ զբաղված է գրականությամբ. «Հիմա վերջացնում եմ մի հետաքրքիր գիրք՝ կյանքից հեռացած իմ ընկերների մասին։ Երբ դառնում ես 67 տարեկան, ստացվում է այնպես, որ շատ սիրելի մարդիկ արդեն քո կողքին չեն, ես գրում եմ նրանց մասին ակնարկներ, բայց լուսանկարներով։ Այսինքն՝ այդ մարդկանց լուսանկարներն ակնարկների միջոցով կապրեն։ Իմ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ Գուգլում նրանցից շատերի մասին ոչինչ չես գտնի, բայց նրանք կենդանի են առանց այդ գուգլների ու ժամանակակից տեխնոլոգիայի։ Իսկ այդ գուգլներն ինձ հաստատ չեն թողնի մեռնել»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ