Բանակի նոր հայեցակարգը թոզ փչելու համար է

Բանակի նոր հայեցակարգը թոզ փչելու համար է

Վիգեն Սարգսյանը կայծակնային արագությամբ իրագործում է բանակի վերափոխման ծրագիրը։ Հազիվ էինք մարսել «1000 դրամները», հիմա էլ «Ես եմ»-ն ու «Պատիվ ունեմ» նախագծերն ալեկոծեցին հանրային ուղեղները։ Երկու ծրագրերն էլ ամսագրային անվանումներ ունեն՝ մեկը ոստիկանական կրթահամալիրի նոր պարբերականի անունն է նմանակում, «Ես եմ»-ն էլ՝ բուլվարային ամսագրի։ Ինչի՞ մասին են ծրագրերը։



Բովանդակությունը՝ մի քանի բառով



«Ես եմ»-ն առաջնագծում ծառայելու ցանկություն ունեցողների համար է։ Նախարարը նոր տերմին է գտել՝ «ժամկետային պայմանագրային», որը կտեւի 3 տարի, որից 7 ամիսն արձակուրդ է լինելու․ մեկ շաբաթ արձակուրդ, մեկ շաբաթ՝ զորամասում, երկու շաբաթ՝ դիրքում։ Զինծառայողները 7 օրվա համար փոքրիկ գումար կստանան «արձակուրդային» շաբաթներից առաջ, իսկ ծառայության վերջում՝ շուրջ 5 մլն․ ՀՀ դրամ, որով կկարողանան կամ «մատչելի բնակարան», կամ «մինի-ֆերմա» պետական ծրագրերից օգտվել, կամ էլ ուսման վարձը տալ։ «Պատիվ ունեմ»-ն ուսանողների համար է։ 2-4-րդ կուրսերի առաջին եռամսյակը ներառյալ, շաբաթ օրերին նրանք դասեր կանցնեն ռազմական ուսումնարանում եւ 4 տարի անց լեյտենանտի սպայական կոչում կստանան ու երեք տարի կծառայեն առաջնագծում՝ ամիսը 260 հազար դրամ աշխատավարձով։ Այս օրերին զինվորականները, ռազմական ոլորտի մասնագետները հաշվարկներ են անում։ Փորձառու զինվորական, գնդապետ Հ․-ն, որը չցանկացավ անունը հրապարակել, քանի որ պետական համակարգում է աշխատում, հաշվիչը ձեռքում կարդացել է ծրագրերը եւ համոզված է, որ դրանք մեծ նորույթներ չեն։ «Ներկայում էլ լիցենզավորված բուհերի ուսանողները կարող են սպայի կոչում ստանալ։ Մի տարի սովորում են, հետո կոչում են ստանում ու նվազագույնը երեք տարով պայմանագիր են կնքում բանակի հետ։ Տարբերությունը ո՞րն է։ Այն, որ ոչ թե շաբաթը մեկ են գնում սովորելու, այլ մեկ տարի՞, շաբաթ-կիրակի օրերն ազատ են։ Եթե հաշվեք, համարյա նույն կուրսն է ստացվում»,- ասում է նա։



Զինվորականությունն այլ բան է սպասում նախարարից



- Նախարարը հույս ունի սրանով «հմուտ ու մեծաքանակ» պահեստազոր ունենալ։



- Պաշտոնական թիվ եմ ասում՝ պահեստազորի 90 տոկոսը երկիրը լքում է, կարող եք հրապարակել։



- «Ես եմ»-ի մասին ի՞նչ կասեք։ Առաջնագիծը ֆինանսապես ավելի հրապուրի՞չ է դառնալու։



- Ոչ, նույնն է գալիս։ 3 տարի որ ծառայում են, 7 օր տանն են լինում, 7 օր՝ զորանոցում, 14 օր՝ առաջնապահ զորքերում։ Իսկ գործող կարգով, առաջնագծում ծառայող պայմանագրայինը 15 օր տանն է, 15 օր՝ դիրքում ու ամիսը ստանում է 140-150 հազար դրամ։ Ներկայիս տապալված համակարգում ծառայությունը 24 ամիս է, այդ ծրագրով դառնալու է 36 ամիս։ 140-150 բազմապատկում ենք 36-ով, դառնում է 5 մլն․, բայց էլի նույնը ստանում է։ Այս համակարգը տապալված է, որովհետեւ մենք չունենք բավարար թվով պայմանագրային զինծառայողներ, եւ հիմա էլ չի լինելու։ Նրանից, որ դա հայտարարում են ազգ-բանակ, գրավչությունը բարձրանո՞ւմ է։ Ամենագլխավորը չասվեց, որ բոլորը պետք է ծառայեն։ Այսօր զինվորականությունը երեք բան է սպասում ղեկավարությունից՝ որ պետական մարմիններում, մանավանդ ՊՆ-ում, ղեկավար պաշտոններ զբաղեցնեն բանակում ծառայած, իրենց սահմանադրական պարտքը կատարած անձինք, որ վերագնահատվի սպայի աշխատուժի արժեքը, եւ որ բանակում վերականգնվի սոցիալական արդարության սկզբունքը։ Իսկ սա շինծու կոնցեպցիա է, որը ոչ մեկին էլ պետք չէ։



- Նորությունը ֆինանսական բոնուսն է՝ ուսման տարիների ուսման վարձի չափով, եւ մագիստրոսական կրթության փոխհատուցումը։



- Լավ գաղափար է, բայց որտեղի՞ց է նախարարը գումար վերցնելու այդ նպատակների համար։



- Նախատեսվում է նաեւ աշխարհի առաջատար բուհերի շրջանավարտներին բանակում աշխատանք առաջարկել հատուկ պայմաններով ու 5 տարով։ Սրա մասի՞ն ինչ կասեք։



- Էլի լավ գաղափար է, բայց Հայաստանում հազվադեպ է լինում, որ միջին վիճակագրական ընտանիքի զավակները կարողանան դրսում ուսում ստանալ։ Դա հասանելի է միայն մեծահարուստ խավի երեխաներին, որոնք երբեք չեն գնա հայկական բանակ, ոչ մի գումարով։ Այն պարզ պատճառով, որ նրանք գումարի կարիք չունեն։



«100 հոգուց առաջնագիծ էին գնում 15-ը։ Ուզում ես՝ միլիոն տուր, չեն գնա»



Արցախյան պատերազմի հրամանատար, Մարտական խաչի ասպետ, նախկին պատգամավոր Վահան Բադասյանը եւս քննադատում է ՊՆ նոր հայեցակարգերը։ «Վազգեն Սարգսյանի ռազմական ուսումնարանը լրիվ դատարկ է։ Սպայի պակաս շատ կա, փողոցից սպա են հավաքում, թոզ են փչում մարդկանց աչքը։ Այս ամենն արվում է, որ բուհերի ուսանողներին տակտիկ կերպով ներգրավելով, քարշ տան բանակ եւ սպայի կոչում տան։ Աբսուրդային վիճակ։ Սա թոզ փչել է մեծ եւ անհաջող լարախաղից հետո»,- ասում է նա։ Վիգեն Սարգսյանին նա «ուսյալ, բայց անփորձ տղա» է համարում, որը «շեղում է ուշադրությունը ՀՀԿ-ի այս ընտրական պոռնոգրաֆիայից»։ «Բոլորն սպասում են, որ ինքը մի հատ խելոք բան պետք է ասի։ Հազար դրամը «հորով-մորով» է արել, հիմա անցել է սրան։ Այսինքն՝ ամեն ինչ արվի, որ ծառայությունը լավ լինի, զինվորներն զգոն լինեն, բայց Մոսին, թիմը, Բաղմանյանը, Խաչատուրովը մնան գող-ավազակ, Շարմազանովն էլ՝ պատգամավոր։ Ասում է՝ առաջնագծում պետք է տարբերվեն։ Սա նրա համար է, որ Աշոտյանի տղան, Վիգենի տղան, Սերժի թոռը որ չծառայեն, ասեն՝ էն ա, ով որ փողի կարիք ունի, փողն առնում՝ գնում է ծառայության, ով չունի կարիք, չի գնում։ Այսինքն՝ հավասարություն, արդարությունը դնում է մի կողմ, հիմքը դարձնում է փողը։ Բայց Հայաստանի պարագայում դա չլինող բան է։ Երկիրը պետք է բոլորս պահենք»։ Ինչո՞ւ, վա՞տ է, որ ժամկետային զինծառայողները գնան ծառայելու, համ էլ փող ստանան։ «Չեմ ասում վատ է, բայց, ենթադրենք, առաջնագծում պետք է 1000 մարդ, բայց կամավոր դու 200 հոգի ես գտնելու, էն 800-ը որտեղի՞ց ես տանելու։ Չի՞ կարելի հիմա ոնց որ կա, էդպես թողնել, բայց արդարություն պահել։ Այսինքն, որ հարուստների տղերքը չգնան ՊՎՕ-ում անունները գրեն, գնան տուն։ Բոլորը հավասար գնան առաջնագիծ, հետո՝ ըստ մասնագիտությունների․ որը՝ արտիլերիա, որը՝ ՊՎՕ, որը՝ տուն, որը՝ զուգարան։ Նաեւ սրան զուգահեռ, ովքեր ցանկություն ունեն պայմանագրային ծառայելու, նրանք ծառայեն։ Ինչպեսեւ հիմա կա։ Ինքը թազա բան չի հնարում։ Պարտադիր ժամկետայինի կողքին նրանք էլ կան, ամիսը 250 հազար հիմա էլ ստանում են, բայց նրանք քիչ են»։ Բադասյանը հիշեց իր հրամանատարության փորձը, երբ 100 հոգուց կամավոր հիմքով առաջնագիծ էր գնում 15-ը։ «Մնացածին ինչքան ուզում ես փող տուր, ուզում ես՝ տեղում խփի, չի գնալու»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ