Մասոնական «աչք»՝ Ծիծեռնակաբերդում

Մասոնական «աչք»՝ Ծիծեռնակաբերդում

Ապրիլի 24-ի կապակցությամբ Երեւանում է գտնվում Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասը։ Ֆրանսիայում նա ճանաչված գործիչ է։ Նրա ղեկավարած օթյակը հիմնվել է 18-րդ դարի վերջին եւ 53 հազար անդամ ունի։ «Մեծ Արեւելքը» նաեւ 1250 դուստր օթյակներ ունի եւ ամենամեծն է համարվում Եվրոպայում։ «Մեծ Արեւելքի» անդամները պարբերաբար այցելում են Հայաստան եւ գալիս են Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու։ Օթյակի Մեծ վարպետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եղավ ապրիլի 25-ին եւ մասոնական խորհրդանիշի՝ մեծ աչքի տեսքով ծաղկեփունջ դրեց հուշահամալիրի պատին։ «Հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանությունն էր, որի արդյունքում մի ամբողջ ազգ մորթեցին, եւ որը 20-րդ դարի այլ բարբարոսությունների սկիզբը դարձավ։ Իրավամբ կարելի է ասել, որ այս ցեղասպանությունն ազդարարեց 20-րդ դարի սկիզբը, չնայած ժամանակակից նորությունների, դեմոկրատիայի ողջ փիլիսոփայությանը, այն հետագայում ծնեց նոր գենոցիդներ՝ հրեաների, Ռուանդայի։ Հայերի ցեղասպանության հիշատակը բացառիկ է, եւ այն հարգելը բոլոր ազգերի համար օգտակար կլինի՝ պաշտպանվելու գենոցիդներից, անելու այնպես, որ նման երեւույթներն այլեւս չկրկնվեն»,- ասել է նա իրեն դիմավորող լրագրողներին։ 



Քրիստոֆ Հաբբասը չի թաքցրել, որ հյուրընկալվել է Ֆրանսիական համալսարանում, խոսել ուսանողների հետ։ «Ես տեսնում եմ, որ սա մեծ կամքի տեր ազգ է՝ ապագային միտված, որը միաժամանակ եւ ժամանակակից է, եւ պահպանում է իր ավանդույթները։ Կարծում եմ, որ Հայաստանն ու Ֆրանսիան միշտ միասին են լինելու, որովհետեւ ընդհանուր արժեքներ են կրում»։ Քրիստոֆ Հաբբասը մտադիր է Հայաստանում մասոնական օթյակ հիմնել, սակայն հստակ ժամկետ չի հայտնում։ Մասոններին համարում են փակ, դժվար է անդամագրվել այս կազմակերպությանը, ովքե՞ր են նրանք։ Այս հարցին Մեծ վարպետը պատասխանել է․ «Ֆրանկմասոնությունը գաղտնի միություն չէ, բայց համեստ է, իր արժեքները պահպանող է, երբ գալիս է պահը, գործում է բաց։ Մեր ուղերձը երիտասարդներին բաց հրապարակային հանդիպումների ժամանակ մտքի, ինտելեկտի ազատության քարոզն է, պատմական հիշողությունը, անցյալի հերոսների նկատմամբ հարգանքը։ Մենք ունենք մտքի դպրոց, որը, կարելի է ասել, ամբողջ աշխարհին է ծառայում»։ «Մեծ Արեւելք» օթյակին ոմանք Ֆրանսիայում թշնամաբար են վերաբերվում։ Քրիստոֆ Հաբբասի վրա մի քանի անգամ հարձակում են գործել։ Վերջին նման դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին։ Նա հայտնի է որպես ազգերի միջեւ հանդուրժողականություն քարոզող գործիչ։ Մուրճով զինված մի արաբ կին հարձակվել էր նրա վրա, գոռալով՝ հրեա։ Հավանաբար, դա կապված է եղել Հաբբասի այցելության հետ Իսրայել, որը լայնորեն լուսաբանեց ֆրանսիական մամուլը։ Նրա ղեկավարած կազմակերպությունը Հայաստանում անդամներ ունի, ըստ որոշ գնահատականների՝ մոտ 20-40 հոգի։ Սակայն նրանց անունները չեն հրապարակվում։ «Մեծ Արեւելքի» մեկ այլ Վարպետ՝ Գի Արսիզեն, եւս պարբերաբար այցելում է Հայաստան։ 2011 թվականին այցելելով Երեւան՝ նա ասել էր, որ հայ հանրությունը վատ է վերաբերվում «մասոնություն» հասկացությանը՝ ինչպես աղանդի, ուստի, որպես օթյակ, մասոններն այստեղ չեն կարողանում բնականոն զարգանալ։ «Քանի դեռ հանրությունը չի փոխել իր մտածողությունը, օթյակը չի կարող զարգանալ»,- ասել էր Գի Արսիզեն։ Հավանաբար, օթյակի անդամներն թվում է, թե այժմ բացասական ընկալումը վերացել է, եթե որոշել են «Մեծ Արեւելքի» հայկական դուստր-օթյակ հիմնել։ Ըստ որոշ գնահատականների, մասոնական կազմակերպություն մեզանում արդեն գործում է, եւ Գի Արսիզեն հաստատել էր դա։



Հիշեցնենք, որ Ֆրանսիական համալսարանի հիմնադիր Արթուր Բաղդասարյանի մասին հաճախ են գրում, որ նա առնչվում է մասոնների հետ, սակայն չի սիրում պատասխանել նման հարցադրումների։ Իսկ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը չի թաքցնում, որ ինքն անդամակցում է մասոնական կազմակերպությանը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ