Դպրոցների խորհուրդները չեն կատարում իրենց դերը

Դպրոցների խորհուրդները չեն կատարում իրենց դերը

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Դանիել Իոաննիսյանի կողմից դպրոցների տնօրենների նախընտրական ձայնագրությունների հրապարակումից հետո հանձնախումբ է ստեղծել, որն ուսումնասիրում է դեպքը։ Երեկ նախարարից տեղեկացանք, որ ուսումնասիրությունները չեն ավարտվել։ Պարոն Մկրտչյանին հիշեցրինք նրա իսկ մտադրությունը՝ հետ պահել մանկավարժներին քաղաքական պրոցեսներից։



- Երբ նոր էիք նշանակվել նախարար, Դուք ասում էիք, որ քայլեր եք ձեռնարկելու, որ մանկավարժները քիչ մասնակցեն քաղաքականությանը, ընտրություններին։ Ի՞նչ արեցիք։



- Կառավարությունում է մեր մշակած կարգը, որով մենք պետք է փորձենք արմատական լուծում տալ դպրոցների խորհուրդների աշխատանքին։ Ըստ էության, պիտի փաստենք, որ խորհուրդները չեն կատարում իրենց դերակատարումը։ Ներկայացուցչական խորհուրդը, որը կազմված է եւ ծնողներից, եւ ուսուցիչներից, եւ համայնքից, եւ նախարարությունից, այս խորհուրդը չի վերցնում իր վրա այդ ֆունկցիան, որ իրեն դպրոցի լիարժեք տերն զգա։ Հաճախ խորհրդի անդամները դառնում են գյուղապետերի խաղալիք, դպրոցի տնօրենների խաղալիք։



- Հիմա ի՞նչ անենք, որ տնօրենները հեռու մնան քաղաքականությունից։



- Երկու հարց ունենք։ Մեկը դպրոցի տնօրենի անձնական հատկանիշներն են, որի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել, եւ երկրորդը՝ իսկապես խորհրդի դերակատարության մեծացումն է։ Հիմա որոնման մեջ ենք։ Եթե տեսնում ենք, որ այն, ինչ աշխարհում աշխատում է, Հայաստանում՝ չէ, սրանից հրաժարվում ենք։ Օրինակ, դպրոցների խորհուրդները։ Հայաստանում, չեմ ասում՝ բացարձակ, բայց մեծամասամբ այս ձեւն իրեն չի արդարացնում, ուրեմն պիտի փորձենք այլ լուծում ունենալ։ Օրինակ, իմ մտքում մի լուծում կա՝ մեծացնել դպրոցների տնօրենների անձնական պատասխանատվությունը եւ նրանց ընտրվելու գործընթացն ավելի թափանցիկ դարձնել հանրության համար։ Ի վերջո, մենք խոսում ենք, եթե միայն մեծ դպրոցները հաշվենք Հայաստանում եղած 1400 դպրոցներից, ընդամենը 700-800 տնօրենի մասին։ Հանրությունը կարող է նախօրոք նրա կենսագրությունը տեսնել։ Պիտի անպայման հանրային դեմք դառնա տնօրենը, որպեսզի չենթարկվի ճնշումների։



- Բայց դա կփրկի՞ տնօրեններին մարզպետների իշխանությունից։



- Միջազգային կառույցները, որոնք աշխատում են Հայաստանում, շատ լավ առաջարկներ ունեն, ընդհուպ մինչեւ տնօրենի կուսակցականության սառեցման առաջարկն ունեն։ Հիմա այդ թեմաները քննարկման փուլում են։ Մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել ավագ դպրոցների մասով՝ այդ նույն ձայնագրության հետ կապված։ Մենք ոչ միայն նայում ենք կոնկրետ այդ դեպքով, այլ ուզում ենք մեծ, գլոբալ նայենք պրոբլեմին եւ լուծում տանք։



- Դուք հանդիպե՞լ եք այդ տնօրենների հետ։



- Տնօրեններ կան, որոնք շատ լավն են Հայաստանում, եւ նրանք շատ են, կարող եմ անուններով ասել, որոնց վրա մենք հենվում ենք։ Բայց կան նաեւ տնօրեններ, որոնք ընդհանրապես չեն պատկերացնում, թե իրենք որտեղ են նստած, ինչ կարեւոր առաքելություն ու դերակատարություն ունեն։ Այս իմաստով եմ ասում, որ մենք տնօրեններին պիտի ցուցադրենք հանրությանը, եւ իրենք պետք է հասկանան, որ իրենք հանրային կերպար են, ինչպես նախարարը, ինչպես մարզպետը, որը երեւում է, ներկայանալի է։ Նույն ձեւով շատ կարեւոր է դպրոցի տնօրենի աշխատանքը։



- Դուք նրանց հետ խոսե՞լ եք։ Այդ ձայնագրվածների, այդպես էլ չասացիք, պարոն նախարար։ Դատարան դիմելուց հետո՞ եք խոսել, թե՞ առաջ։



- Չէ, հիմա աշխատանքը կվերջացնի հանձնախումբը, որից հետո նրանց բոլորի հետ ես անձնապես պետք է խոսեմ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ