Նորմալ պետության ու հասարակության երազանքով

Նորմալ պետության ու հասարակության երազանքով

Մի քանի տարի առաջ, 2018 թվականի իշխանափոխությունից հետո ավտոբուսում հետաքրքիր դրվագի ականատես եղա: Կողքս կանգնած էր 20 (պլյուս-մինուս) տարեկան մի երիտասարդ ու մի ձեռքով բռնվելով ուղղահայաց ձողից՝ մյուսով հեռախոսով անընդհատ ու մեծ արագությամբ մեկնաբանություններ էր գրում: Ինձ հետաքրքրեց մեկ ձեռքով հեռախոսով գործ անելու նրա հմտությունը: Որովհետև հանգիստ նստած վիճակում անգամ նման արագություն երբեք չեմ ունեցել: Ու ակամա մի քանի րոպե հայացքս սևեռվեց հեռախոսի վրա: Զարմանքս ավելի մեծացավ՝ երբ տեսա, որ ոչ միայն արագ-արագ մեկնաբանություններ էր գրում, այլև նույն արագությամբ ֆեյսբուքյան մի օգտատիրոջ հիմնական գրառումից անցնում էր մեկ ուրիշ գրառմանը: Կամ ընդհանրապես անցնում էր մեկ այլ օգտատիրոջ գրառմանը: Հասկանալով, որ երիտասարդը վարձովի «քոմենթչիներից» է, նայեցի դեմքին: Այն ոչնչով աչքի չընկնող դեմքերից էր. այդ զգացողությունը տպավորվել է մեջս: Հիշում եմ նաև, որ տհաճությամբ հայացքս շրջեցի դեպի դուրս: Ինքը, բնականաբար, այդ ամենը չնկատեց, քանի որ ամբողջովին տարված էր իր խիստ կարևոր գործով:

Այս տողերը գրելու պահին հիշեցի ծառուկյանական վարձովի «քոմենթչիների բունտը», որ տեղի էր ունեցել մի 10 տարի առաջ: Ինչի պատճառը խոստացված գումարի հատկացման դադարեցումն էր ինչ-որ ժամանակ անց: Այնուհետև հիշեցի հայկական ընկերություններից մեկի անվան ներքո գործող նիկոլական «քոմենթչիների» իգական խմբի բացահայտումն ինչ-որ շենքի կիսանկուղային հարկում: Դա էլ, եթե չեմ սխալվում, 2020 թվականի սկզբներին էր: Այն ժամանակ, երբ բազմաթիվ մարդկանց ու հատկապես երիտասարդների համար Նիկոլը դեռևս «դուխովի» համբավ ուներ: Բացահայտումները շարունակվեցին ու, որքան էլ փորձեցին հերքել, հաստատվեց «հեղափոխական իշխանության» կողմից պետական միջոցներով «քոմենթչիներ» աշխատեցնելու հանգամանքը: Ծառուկյանին հիշեցի, բայց նա գոնե սեփական միջոցներով էր պահում այդ անձանց: Եվ ոչ թե մեր՝ հարկատուներիս, մուծած հարկերից գոյացած միջոցներից: 

Իսկ մեկ-երկու օր առաջ էլ հրապարակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և հասարակության հետ կապերի և տեղեկատվության դեպարտամենտի պետ Արմեն Խաչատրյանի էլեկտրոնային նամակագրության ճեպանկարը (սքրինշոթը) «ֆեյքերին» ակտիվացնելու թեմայով՝ համեմված իրենց բնորոշ բառամթերքով (հայհոյանքով): Եվ քանի որ Նիկոլը որոշել է հակառուսականության առումով գնալ մինչև վերջ՝ թքած ունենալով սպասվելիք վտանգների վրա, պատվերն էլ հենց այդ ուղղությամբ էր: Նիկոլականներն անմիջապես կասկածի ենթարկեցին ճեպանկարի իրական լինելը: Բայց եկեք չմոռանանք, թե որ երկրում ենք ապրում և ինչպիսի իշխանություն ունենք: Եվ դա հաշվի առնելով՝ կարող ենք վստահ լինել, որ եթե չլիներ նշված երկխոսությունը ու դա լիներ որևէ մեկի հնարածը, միևնույն է, այն կհամապատասխաներ «մեր» իշխանության գործունեության ոգուն և տրամաբանությանը:

Շուրջ երկու տասնամյակ նախկինների դեմ կռիվ տալիս մտածում էի, որ Հայաստանում անպայման փոփոխություններ կլինեն: Ու մենք օրինական և ընդունելի միջոցներով ձեռնամուխ կլինենք նորմալ՝ օրինական ու արդարացի պետություն ու հասարակություն կառուցելուն: Սակայն իրականում ստացանք աննորմալ պետություն ու հասարակություն: