Ու՞ր են տանում Նիկոլին...
Մեր ջահելները չգիտեն, չեն ապրել այն ժամանակը, երբ Բանակ չունեինք։ Չեն իմանում, որ ռուսի զինվոր տեսնելուց «տասը տակ խոնարհվում էինք», ով ինչ լավ բան ուներ, նրան էր հյուրասիրում։ Ես այդ սերնդից եմ ու տեսել եմ այդ մեծ սերը, երախտագիտությունը, հարգանքը։ Այն ժամանակ դեռ անկախ չէինք, ռուսը, այլ ազգեր էին պաշտպանում մեր սահմանը։ Հիմա իմ սերնդի մարդկանց դժվար է համոզել, որ ռուսը մեր թշնամին է։ Մի քանի օր առաջ էլ ուկրաինագետ Աննա Հակոբյանի խոսնակն էր գրառում արել, որ ռուսը սպիտակ թուրքն է։ Իմ սերնդի արյան մեջ է, որ ռուսը մեր բարեկամն է և հազար Նիկոլ Փաշինյան էլ գա ու անցնի հողմի նման, մեկ է, դժվար է մեր սերնդի արյունը փոխել, մեր տեսածը թողած, Նիկոլի ասածը լսենք։ Գտնում եմ, որ բարեկամությունը ու թշնամությունը ձեռք բերովի բաներ են։ Եթե դու բարեկամություն չես անում, ավելին՝ թիկունքում թշնամություն ես անում, չես կարող միայն օգնության ժամանակ հիշել, որ ռուս բարեկամ ունես։
Վերջին մեր երեք նախագահների մասին խոսեմ։ Թող նրանցից մեկը ասի, որ ռուսը մեզ չի օգնել։ Թող մեկը ասի, որ ռուսը մեզ չի զինել կամ մեզնից ինչ որ բան խնայել է։ Երեք նախագահների ժամանակ էլ ակտիվ գործունեության մեջ եմ եղել։ Այն ռազմատեխնիկան, անշահախնդիր օգնությունը , որ մեզ տրամադրում էր ռուսը, աննկարագրելի էր։ Վկայությունը նա է, որ երեսուն տարի Ադրբեջանը չի համարձակվել «մեր թանին թթու ասել»։ Վկայությունը այն է, թե Արցախն ու Հայաստանը ինչքա՜ն միլիարդների ռազմատեխնիկա հանձնեցին թշնամուն, զինաթափվեցին։ Հիմա որտեղից որտեղ հայտնվել է Նիկոլը և ռուսը դարձել է հայ ազգի թշնամին, ինչպես իր կնկա մամլո խոսնակը կասեր՝ ռուսը դարձել է սպիտակ թուրք։ Այդ ո՞նց է լինում, որ մինչև Նիկոլի գալը անվտանգ երկիր ունեինք, Արցախ ունեինք, հիմա դարձել ենք «ռուսի աչքի փուշը»։ Մեզ ոչ օգնում է, ոչ աջակցում, թշնամու հետ «ախպերացել է»։
Սա իշխանության քարոզչությունն է, թող իրեն պատերով չտա։ Նորից եմ ասում, բարեկամությունը ձեռք են բերում, նվաճում։ Այդ ո՞նց եղավ, որ երեք նախագահները, դրանից առաջը չեմ հիշեցնում, «ռուսի հետ լեզու գտան», Նիկոլը չգտավ։ Մեղքը թող առաջին հերթին իր մեջ, իր գործելակերպի մեջ փնտրի։ Ո՞նց դառավ, որ Ադրբեջանն ու Թուրքիան դառան ռուսի բարեկամը, մենք էլ դարավոր բարեկամից դարձանք թշնամի։ Նիկոլը պատճառը թող իր մեջ փնտրի։ Շատ բան ենք տեսնում ու հասկանում, բայց շատ բան ասել չենք կարող։ Բարեկամին «թիկունքից չեն խփում», հետո օգնություն ուզում։ Բարեկամություն անելն էլ դիվանգիտություն է, որը պետք սովորել։ Դիվանագիտության բացակայության պատճառն է, որ մենք Արցախը կորցրինք, Հայաստանը մաս-մաս հանձնվեց ու դեռ հարցական է՝ վերջը ինչ կլինի։ Իսկ վերջը հեռու չի։
Այսօր Հայաստանում ապրողներս անգամ չգիտենք, թե ուր են տանում Նիկոլին։ Ոչ թե ուր է գնում, այլ՝ ուր են տանում։ Կարապը, խեցգետինը, գայլաձուկը պատմությանն է նման։ Ամեն մեկը իր սուբյեկտ չլինելու պատճառով քաշում է իրեն։ Հայտնվել է Զելենսկու չձևավորված կարգավիճակում, իր հետևից փորձելով Արցախից հետո քարշ տալ Հայաստանը։ Խաղացողները կանգ առնել թույլ չեն տալու։ Հայաստանը վիրավոր Արցախի հետ հայտնվել է վտանգի մեջ։ Մի քանի օր հետո աշխարհի ջոջերը կորոշեն, թե Հայաստանից մեզ ի՞նչ է մնալու կամ ինչ որ բան մնալու՞ է։ Հայաստանը որպես սուբյեկը այլևս գոյություն չունի, նրա կամքի հետ ոչ մեկը հաշվի չի նստում։ Ակամայից հիշում եմ Ակսել Բակունցի «Միրհավը» ու նրան նմանեցնում եմ Հայաստանի հետ․․․
«Միրհավ կար անտառում, թռավ արնակոլոլ, երկու փետուր թողեց փափուկ մամուռների վրա ։ Դիլան դային «Սեղմել էր հրացանի տաք փողը, ինչպես միրհավի մարմինը, որին միայն մեկ վայրկյան շոշափեց և մատների ծայրով զգաց, որ բմբուլը փափուկ է։ Միրհավի մարմինը` տաք բմբուլ, ինչպես Սոնայի մարմինը լաջվարդ շապիկի մեջ»։ Այդ տաքուկ, փափուկ կենդանի, ծաղկուն միրհավը Հայաստանն էր։ Նիկոլը միրհավից, Արցախից ու Հայաստանից թողել է լոկ հուշ՝ արնակոլոլ երկու փետուր։ Գոնե հանգիստ թողնի միրհավին, որ լիզի իր վերքերը, օդ բարձրանա։
Կարծիքներ