Հնարավորություններ ունենք գյուղատնտեսության ոլորտում․ Ս․ Բագրատյան

Հնարավորություններ ունենք գյուղատնտեսության ոլորտում․ Ս․ Բագրատյան

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով բավականին տուժել է նաև Հայաստանի տնտեսությունը։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» խոսել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։

- Պարո՛ն Բագրատյան, 750 միլիոն դոլարի եվրաբոնդ է թողարկել Կենտրոնական բանկը, դա արդարացվա՞ծ է։

- 750 միլիոնի եվրաբոնդերի թողարկումը միայն կարող է համարվել «ճիշտ էր, թե սխալ»՝ միայն արդյունավետության ցուցիչը հաշվելով։ Այսինքն՝ այդ գումարները կոնկրետ ինչպե՞ս պետք է տեղաբաշխվեն։ Նրանք ուղիղ մտնելու են տնտեսությա՞ն մեջ, թե՞  սպասարկելու են արտաքին պարտքի որոշակի սեգմենտ, թե՞ ուղղվելու են սոցիալական ծրագրերին։ Այսինքն՝ պարտքի կառուցվածքը, այս պահին թողարկված եվրաբոնդերի տեղաբաշխման կառուցվածքը չունենք։ Եթե այդ գումարը ծառայի վերարտադրությանը, տնտեսության զարգացմանը, եթե մտնի փոքր, միջին բիզնես, և այդ բիզնեսը լրացուցիչ հնարավորություններ ունենա նոր աշխատատեղեր ձևավորելու, հարկեր գեներացնելու, նոր արտադրություններ ձևավորելու, այդ դեպքում, իհարկե, արդարացված կլինի, որովհետև գումարի վերադարձելիություն կապահովի։ Այսինքն՝ այդ 750 միլիոնը տարեկան կբերի, պայմանական ասած` 20 տոկոս շահութաբերություն, որը շատ ավելին է, քան 3,6 տոկոսը, ճի՞շտ է։ Եթե ուղղենք սպառողական սեգմենտի վրա, այսինքն՝ պարքեր փակենք, որոշակի կենցաղային խնդիրներ, պետության կարիքներ, աշխատավարձեր և այլն, դրանով որևէ լավ բանի չենք բերի։ Լրացուցիչ հոգս կստեղծենք, բյուջեի վրա լրացուցիչ խնդիրներ կառաջանան։  

- Տնտեսական դեֆոլտի վտանգ տեսնո՞ւմ եք։

- Դեֆոլտի նշաններ տեսանելի չեն։ Մեր տնտեսությունը, որ փոքր է, հեշտ կառավարվող է` համեմատած մեծ տնտեսությունների, մեծ բյուջեների։ Մեր դրամի կուրսը լողացող կուրսով է աշխատում։ Եվ դա, ասենք, ապացուցեց նաև 8,8 տոկոս աճը՝ դրամն արժեզրկվեց դոլարի համեմատ։ Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկը լողացող կուրսի քաղաքականությունը, որ տարիներ շարունակ եղել է, պահպանում է։ Իսկ լողացող կուրսը հնարավորություն է տալիս տնտեսությանը ժամանակին արձագանքել, այսինքն՝ ինքը քիչ խոցելի է դառնում։ Եթե թողնում ես, որ ինքն իր հնարավորությամբ «առաջարկ, պահանջարկ» սեգմենտում կարողանա աշխատել, այդ դեպքում դեֆոլտի ռիսկերը փոքրանում են։

- Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ 1000-ից ավելի անուն թուրքական ապրանքների արգելքի մասին օրենքը։ Հնարավո՞ր է այդ ապրանքները փոխարինել այլ երկրներից ապրանքներով։

- Կարելի է փոխարինել չինական ապրանքներով։ Եվ դրա համար կառավարությունը պետք է ակտիվ ներգործություն ունենա, որպեսզի կարողանա միավորել փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք տարիներ շարունակ աշխատում էին թուրքական շուկայում, մասնագիտացել էին որոշակի ապրանքախմբերի վրա։ Ձեր նշած ապրանքախմբերն արտադրվում են նաև Չինաստանում և գնային նույն սեգմենտում են աշխատում։ Ուղղակի կազմակերպչական ժամանակահատվածը, ինքակազմակերպելը շատ բարդ է նման դեպքերում։ Իսկ եթե պետությունը կարողանա իր գործիքներով որոշակի միջին, փոքր բիզնեսի համար ձևավորել այնպիսի ենթակառուցվածք, որ կարողանան Չինաստանից արագ կապերը հաստատել, հեշտությամբ կարողանան անալոգ ապրանքներ ներկրել հանրապետություն, խնդիրը կլուծվի։ Պետք է ակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն վարել նման դեպքերում։

- Իսկ որ Հայաստանում ընդհանուր տնտեսական վիճակը նայում եք, ինչի՞ վրա պետք է կենտրոնանալ, որ կարելի լինի հնարավորինս պատերազմի հետևանքները վերականգնել։ Հիմա ո՞ր ոլորտները պետք է աշխուժացնել և ավելի շատ կենտրոնանալ հենց դրանց վրա։ 

- Ընդամենը մեծ ներդրում է պետք։ Հնարավորություններ ունենք գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսական հողերի 60 տոկոսը չի աշխատում, այսինքն՝ որևէ արդյունք չի տալիս, դրանք չեն մշակվում։ Եվ եթե մենք կարողանանք ժամանակակից տեխնոլոգիաներով հողերը մշակել, մեծ գումարներ ներդնել այդ ոլորտում, կկարողանանք բավականին լավ արդյունքներ ստանալ։ Բայց առնվազն 3-5 տարի է անհրաժեշտ, որ մենք սկսենք արդյունքները լիարժեք ստանալ։ Իսկ կարճաժամկետ արդյունքի համար պետք է էներգետիկայի ոլորտում ներդրումներ անել։ Ըստ միջազգային որոշակի փորձագիտական խմբերի հաշվարկների՝ 8 միլիարդ ամերիկյան դոլարի ներդրումներ կարող են կլանել էներգետիկայի մեր ռեսուրսները, որպեսզի կարողանանք գեոթերմալ ջրերը, արևային էներգիան, քամին օգտագործել։ Պետք է լուրջ միջազգային խմբեր կարողանան աշխատել` էներգետիկ ռեսուրսները հաշվարկելու համար։ Մինչև 8 միլիարդ դոլարի ներդրումների տեղ ունի մեր էներգետիկան։ Էներգետիկան անսպառ պահանջարկ ունեցող ապրանք է։