Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանում ԱԺ ընտրությունների հետ հույսեր է կապում

Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանում ԱԺ ընտրությունների հետ հույսեր է կապում

Մադրիդյան սկզբունքներից ուժի չկիրառման սկզբունքը խախտած ու Արցախի մեծ մասը բռնազավթած թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է կոչ անել Հայաստանին «համագործակցել ու պատրաստվել խաղաղության»։

Փաստորեն թուրք-ադրբեջանական ցինիզմը շարունակում է սահմաններ չճանաչել։

Այսօր նույնաբովանդակ հայտարարություններով կրկին հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով ղեկավարում էր տարբեր երկրներից ժամանած դիվանագետների մասնակցությամբ միջոցառումը։

Եռօրյա ֆորումի փակման արարողությանը Թուրքիայի արտգործնախարարը հաջողված է գնահատել միջոցառման կազմակերպումն ու ասել. «Այն դարձավ համավարակի ընթացքում առաջին և ամենամեծ միջազգային իրադարձություններից մեկը, և անցավ առողջապահական բոլոր միջոցառումների համաձայն»։

Հայոց ցեղասպանությունը չճանաչած պետության բարձրաստիճան դիվանագետը նաև հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքներով Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությունը «դաս կքաղի անցյալում թույլ տված սխալներից»: Նրա խոսքերով՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում կայունություն ապահովելու համար:

«Հուսով ենք, որ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը բարիդրացիական հարաբերությունների զարգացումն է տարածաշրջանային երկրների հետ: Հայաստանը պետք է դադարեցնի իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելն ու սկսի լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ: Պատերազմից հետո, որի արդյունքներով՝ Ադրբեջանն ազատագրեց իր բնիկ հողերը [նկատի ունի Արցախից օկուպացված տարածքները], և՛ Բաքուն, և՛ Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար», - ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ երկկողմ հարաբերությունների հաստատումը հնարավորություն կստեղծի բազմաթիվ տարածաշրջանային նախագծերի իրականացման համար: «Սա առաջին հերթին ինքնին Հայաստանի օգտին է»։

«Երկար տարիներ Հայաստանը սխալ քաղաքականություն է վարել և այդպիսով մեկուսացել է իրեն: Զարգացման հարցում նա հետ մնաց Հարավային Կովկասի երկրներից, բայց միայն իր մեղքով: Երևանը պետք է հրաժարվի թշնամական վերաբերմունքից և մտածի, թե ինչ է կարելի անել տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար», - հայտարարել է նա:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում որպես ելակետ են ընդունված 2007 թվականի Մադրիդյան սկզբունքները։ Հիմնական սկզբունքներն արտացոլում են ողջամիտ փոխզիջում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա:

2020 թվականին 44-օրյա պատերազմով թուրք-ադրբեջանական տանդեմը խախտեց ուժի չկիրառման սկզբունքն ու գրավեց Արցախի մեծ մասը, ուստի շահագրգռված է «խաղաղություն կնքելով» ու «համագործակցությամբ»։