Ես ոչինչ չեմ բացառի, որ Հայկ Սարգսյանը ցանկացել է գովազդել 24 համարի քվեաթերթիկը․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Ես ոչինչ չեմ բացառի, որ Հայկ Սարգսյանը ցանկացել է գովազդել 24 համարի քվեաթերթիկը․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումներին և միջադեպերին, ասաց, որ շատ անհանգստացնում է իրենց այն, ինչ սկսվել է առավոտյան Սյունիքի մարզում, հատկապես Սիսիան քաղաքում։

Խոսքը, ըստ նրա, ԱԱԾ-ի միջնորդությամբ  Սիսիանում «Հայաստան» դաշինքի բոլոր նախընտրական շտաբներում և նրանց պատասխանատուների բնակարաններում իրականացված խուզարկությունների մասին է։

«Միջնորդությունը ներկայացնում են պարզապես մեկ զեկուցագրի հիման վրա։ Պատկերացրեք՝ ԱԱԾ-ն ինքն իրեն զեկուցագիր է գրում, հետո այդ զեկուցագիրը դարձնում է միջնորդություն՝ խուզարկություն կատարելու համար, և էդ միջնորդությունը շատ հեշտ, պարոն Մակարյան, կարող եք Դուք էլ կանխատեսել, թե որ դատավորը պետք է բավարարեր՝ Կենտրոն նստավայր, Մնացական Մարտիրոսյան»,-ասաց պարոն Վարդևանյանը։

Նրա համար զավեշտալի է նաև այն հիմքը, որով խուզարկության միջնոդրություն էր ներկայացվել։

«Հուսով եմ՝ որպես ծայրահեղ զավեշտ չեք ընդունի․ իրենք ման էին գալիս քվեաթերթիկ տպելու սարք։ Եվ չգտան։ Քվեաթերթիկ տպելու սարքը գործարան է, Հայաստանում կա, եթե չեմ սխալվում, երկու այդպիսի գործարան։ Ամեն դեպքում, «Հայաստան» դաշիքնի նախտնտրական շտաբում այդ գործարանը երևի թե չէր տեղավորվի, չէ՞։ Բայց ԱԱԾ-ն ցանկացավ դա տեղում ստուգել»,-ասաց նա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից հավանական խախտումների դեպքերին՝ Վարդևանյանն ասաց, որ ինքը տեսել է իշխանական պատգամավորներից մեկի կողմից քվեաթերթիկների հրապարակման դեպք։ խոսքը իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից 24 համարի ներքո հանդես եկող «Հայաստան» դաշինքի քվեարթերթիկները հրապարակելու և այն իբրև թե մերժելու վերաբերյալ գրառման մասին է։

Մեր դիտարկմանը, թե գուցե Հայկ Սարգսյանը ցանկացել է գովազդե՞լ 24 համարի քվեաթերթկը, Վարդևանյանն ասաց․ «Ես ոչինչ չեմ բացառի, բայց կարծես թե դատախազությանը դուր չէր եկել այդ գովազդը։ Հերթական անգամ դատախազությունը ընդդիմադիրների դեպքում նշում է անուն, ագզանուն, կոնկրետ թիրախավորում, բայց իշխանական որևէ ներկայացուցչի դեպքւոմ այդպես միշտ ընդհանրական է անում»։

Մանրամասն՝ տեսանյութում