Որքան էլ որոշ իշխանիկներ փորձեն ստվեր գցել Ստեփանակերտի երթ-հանրահավաքի վրա, չի՛ ստացվելու

Որքան էլ որոշ իշխանիկներ փորձեն ստվեր գցել Ստեփանակերտի երթ-հանրահավաքի վրա, չի՛ ստացվելու

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որքան էլ փորձեն որոշ իշխանիկներ ստվեր գցել երեկվա Ստեփանակերտում տեղի ունեցած երթ – հանրահավաքի վրա և ներկայացնեն, թե ժողովուրդը հավաքվել էր համերգ դիտելու՝ չի՛ ստացվելու: Մայիսի 28-ին, ֆանտաստիկ երթով և 1988-յան ոգով և բազմամարդությամբ հանրահավաքով, հայ ժողովուրդը կրկին անգամ փաստեց, որ ազգային նպատակների իրականացման միակ ճանապարհը համախմբումն է և պահանջատիրությունը, իսկ բոլոր փորձանքների աղբյուրը պատրանքներով առաջնորդվելն է՝ թե մեզանից ոչինչ կախված չէ: Ուստի կրկին անգամ հիշենք, որ մեր պայքարի ոգին չի կարող  մարել, քանի դեռ կա այն սնուցող Հայաստան-Արցախ-Սփյուռք հզոր եռամիասնության ներուժը և այն Հայրենիքին ծառայեցնելու վճռականությունը:
Հ.Գ. Իսկ հանրահավաքին հաջորդող Իսպիրյաննների համերգը լրացրեց այն, ինչ սկսել էին հանրահավաքի մասնակիցները»։

Հավելենք, որ երեկվա Ստեփանակերտի հանրահավաքը իշխանական շրջանակներն ու լրատվամիջոցները փորձում էին ներկայացնել որպես պարզապես համերգ՝ խեղաթյուրելով իրականությունը։ 

Հիշեցնենք նաև, որ երեկ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հանրահավաքից հետո Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համերգից հատված է հրապարակել ու հակասական հետևյալ գրառումը կատարել.

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հենց հիմա ընթանում է ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ՝ Իսպիրյանների մասնակցությամբ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան:
2020թ. ի վեր սա առաջին համերգն է Վերածննդի հրապարակում, որը կազմակերպվել է «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի և ԱՀ կառավարության կողմից»։

Իսկ բազմահազար երթին ու հանրահավաքին Բեգլարյանը ընդհանրապես չի անդրադարձել։ 

Տպավորություն է, որ պետնախարարը փորձում էր շեղել հանրությանը իրականությունից՝ երեկվա Ստեփանակերտում տեղի ունցած միջոցառումները ներկայացնելով այլ լույսի տակ։ Թե ի՞նչ նպատակով է դա արվել մնում է կռահել։ Հաշվի առնելով, որ ՀՀ որոշ իշխանական շրջանակներ ու լրատվամիջոցներ այդ գրառումից հետո սկսեցին ակտիվ տարածել, թե իբր Ստեփանակերտում տեղի ւնեցածը պարզապես համերգ էր, կարելի է կռահել վերոնշված գրառման նպատակը։