Ե՞րբ կավարտվի կրկեսի շինարարությունը

Ե՞րբ կավարտվի կրկեսի շինարարությունը

2012 թվականի սեպտեմբերից սկսված Երեւանի կրկեսի նոր շենքի շինարարությունը ձգձգվում է, որի ավարտը կարծես արդեն ուրվագծվում է։ Կրկեսի գեղղեկավար, տնօրեն Սոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում է կրկեսի շինարարությունը, գո՞հ է ընթացքից։ «Իհարկե, գոհ չեմ, որովհետեւ երկար է տեւում։ Ես որ տնից դուրս եմ գալիս, մինչեւ գնում եմ կրկես կամ մեր ստուդիա, ճանապարհին բոլորն ինձ դրա մասին են հարցնում՝ ե՞րբ կլինի՝ կրկեսը բացեք․․․։ Ես բոլորից շուտ եմ ուզում այդ հարցը տամ, բայց դրա իրագործողը ես չեմ, ամեն դեպքում՝ մենք շնորհակալ ենք «Տաշիր գրուպին», որ մեր երկրում կրկես են կառուցում, ու ես տեսնում եմ, որ իրենք ամեն ինչ անում են, որ մենք ունենանք լավ կրկես»։  

Թե որն է շենքի շինարարության ձգձգման պատճառը, Ս․ Պետրոսյանն ասում է, որ ի սկզբանե մտածել են՝ կոսմետիկ նորոգման աշխատանքներով կվերջացնեն, բայց երբ շինարարները սկսել են աշխատել, տեսել են, որ սեյսմիկ տեսանկյունից կրկեսն այնքան էլ չի համապատասխանում անվտանգային նորմերին, դրա համար որոշվել է ամբողջությամբ քանդել կրկեսը եւ նորը կառուցել․ «Հետո եղան կորոնավիրուս, պատերազմ, եւ ավարտը հետաձգվեց, բայց կարծում եմ՝ էլ ուշացնելու տեղ չկա»։

Կրկեսի ղեկավարն ասում է՝ եթե ոչ այս տարի, ապա մյուս գարնանը կրկեսը կբացի դռները․ «Մեր հովանավորը խոսք է տվել, որ եթե մինչեւ տարեվերջ չհասցնենք, ապա մյուս տարի հաստատ կրկեսը կբացվի։ Այդքան սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք։ Բանը նրանում է, որ հիմա արդեն ուշացնելու տեղ չկա, ըստ էության, կրկեսն արդեն պատրաստ է, բայց դեռ մնում են կահավորման, կրկեսի մաշիներիայի, կրկեսային, տեխնիկական անվտանգության հարցեր։ Օրինակ, մենք Մոսկվայից հրավիրել ենք մեր տարածաշրջանի լավագույն մասնագետներին, որոնք մասնագիտացված են հիմնականում Նիկուլինի կրկեսի ուղղությամբ։ Կրկեսային տեխնոլոգիական զարգացման պրոցեսը շատ դժվար է, դրա համար դա անում են հիմնականում Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի կրկեսների մասնագետները։ Նրանք բոլորն այստեղ էին, եւ մենք մոտ մեկ շաբաթ քննարկում էինք, թե վերջնարդյունքում լուսային, ձայնային էֆեկտները, կրկեսային խոհանոցն ինչպես պետք է լինեն, այլ կերպ ասած՝ մենք դուրս ենք եկել “финишный прямой”, մնացել է մի քանի գործ, եւ կրկեսը կբացվի։ Բայց դա չի նշանակում, որ մենք՝ կրկեսի գործիչներս, եթե կրկեսը չի աշխատում, հանգիստ նստել ու սպասում ենք, մեր ստեղծագործական աշխատանքը միշտ շարունակվում է։ Այսինքն՝ մեր մեթոդական կադրային հարցը լուծում ենք, քանի որ ունենք ստուդիա, որի ստեղծման 50-ամյակը լրացավ մի քանի օր առաջ, արդեն հազարավոր շրջանավարտներ ենք տվել, որոնք ամբողջ աշխարհով մեկ հյուրախաղերի են։ Մեզ մոտ չկա պարապ դերասան, ես սա ասում եմ նաեւ որպես Կրկեսային գործիչների միության նախագահ»։

Հյուրախաղերի մեջ են ոչ միայն կրկեսային արտիստները, այլ նաեւ կրկեսի կենդանիները․ «Բոլորը հյուրախաղերի են, կրկեսը թատրոն չէ, որ նստենք ու սպասենք։ Կրկեսը հյուրախաղային հիմնարկ է եւ ո՛չ գազանանոց, որ ունենա իր սեփական կենդանիները։ Կրկեսային կենդանիները հո չե՞ն նստի ու սպասի, նրանք հյուրախաղերի են, իսկ կրկեսը կյանքում կենդանի չի ունեցել։ Մենք ունենք կենդանիների 12 ատրակցիոն, որոնք հյուրախաղերի են, եւ մերոնք պլանավորում են՝ երբ իրենց պետք լինի, 3-4 ամսով, գուցե՝ 1 տարով, կհրավիրենք այդ ծրագրի մեջ, եւ ելույթներով հանդես կգան։ Իսկ մենք Երեւանում ամիսը 2-3 անգամ ներկայացումներով ենք հանդես գալիս Պարոնյանի թատրոնում, որտեղ ելույթ են ունենում ինչպես մեր ստուդիայի շրջանավարտները, այնպես էլ այս պահին Երեւանում գտնվող հայ պրոֆեսիոնալ դերասաններ։ Մենք աշխատում ենք դրանով բացը լրացնել, որ ժողովուրդը չզգա՝ կրկես չկա։ Կրկես կա, եւ մենք վաղվանից մեր կրկեսային ստուդիայում նոր ընդունելություն ենք կազմակերպում կրկեսային բոլոր ժանրերում՝ սկսած 6 տարեկանից մինչեւ 20 տարեկան, որն իրականացնում ենք անվճար հիմունքներով»։