Ոստիկաններից ալերգիա ունեցող Սոնա Աղեկյանը դեռ ոստիկանության բաժնում է․ նրա հարևաններն անհանգստացած են

Ոստիկաններից ալերգիա ունեցող Սոնա Աղեկյանը դեռ ոստիկանության բաժնում է․ նրա հարևաններն անհանգստացած են
Սոնա Աղեկյան

Զարուհի Փոստանջյան, Մարինա Խաչատրյան, Սոնա Աղեկյան կազմից այսօր աղբի դեմ «գործուն պայքարող» մնացած Սոնա Աղեկյանը, ով հերթական անգամ բերման էր ենթարկվել ոստիկանություն, դեռ ոստիկանությունում է։ Այս մասին «Հրապարակին» հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ նա բերման է ենթարկվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով, և այս պահին կազմվում է արձանագրություն։

Հիշեցնենք, որ Սոնա Աղեկյանն ամեն բերման ենթարկվելուց խնդրում է, որ ոստիկաններն իրեն չդիպչեն, քանի որ ալերգիա ունի տղամարդ ոստիկաններից։

Ինչևէ, մինչ այդ ոստիկանության շենքի մոտ էին հավաքվել Սոնա Աղեկյանի հարևանները, որոնք այնտեղ գնացած ԲՀԿ խմբակցության անդամներ Վահե Էնֆիաջյանին և Նաիրա Զոհրաբյանին պատմում էին, որ իրենք՝ բնակիչներն են խնդրել Սոնային, որ պայքարի, որպեսզի Երևանի քաղաքապետարանը կատարի իր պարտականությունները։

Նրանք էլ խոստացան,որ ոստիկաններին կպատմեն, թե ամեն ինչ ինչպես է եղել։ Նաիրա Զոհրաբյանը հընթացս ասաց, թե չի կարծում, որ Երևանը պետք է վերածվի կոյուղաքաղաքի։

Վահե Էնֆիաջյանն էլ ասաց՝ «անհոգ եղեք, սահմանված ընթացակարգ կա»։

Այստեղից ԲՀԿ պատգամավորները գնում էին ԱԺ քաղաքապետին և առողջապահության նախարարին Երևանի հակահիգիենիկ իրավիճակի վերաբերյալ ահազանգելու։