Ի՞նչն է խանգարում, որ մեկ բաժինը սպասարկի բոլոր նախարարություններին

Ի՞նչն է խանգարում, որ մեկ բաժինը սպասարկի բոլոր նախարարություններին

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները կրթության եւ գիտության նախարարության հետ միավորելու մասին իրազեկված է միայն մամուլի լուրերից։ 

«Պաշտոնական որեւէ տեղեկություն չկա»,- ասաց նա մեզ հետ զրույցում։ Այնուհանդերձ՝ Նորայր Ղուկասյանը կարծում է, որ այդ միավորման մեջ կա տրամաբանություն։ «Կրկնվող ստորաբաժանումներ կան, որոնք կան նաեւ այլ նախարարություններում, կարող է մեկը լինել։ Օրինակ՝ կրթության եւ գիտության նախարարությունում էլ կա հաշվապահության բաժին, մշակույթի նախարարությունում էլ, մեկ այլ տեղում էլ, ի՞նչն է խանգարում, որ մեկ հաշվապահության բաժինը  սպասարկի բոլորին։ Պարզ է, որ բովանդակային կառույցները չեն կրկնում միմյանց։ Իսկ նախարարությունները միավորելուց առաջ պետք է մասնագիտական վերլուծություն կատարել։ Նախարարություններում կան նաեւ անձնակազմի կառավարման բաժիններ։ Ենթադրում եմ, որ կարող է մեկը լինել։ Շատ լավ կլինի, որ նախարարությունների թիվը օպտիմալացվի, մեր հանրապետությանն այդքան նախարարություններ պետք չեն։ Բայց այդ բոլորը պետք է լինի տրամաբանական, մասնագետները պետք է ներկայացնեն հիմնավորումներ։ Շատ լավ կլինի, որ նախարարների թիվը նվազի»,- մեզ հետ զրույցում նշեց ԿԱԻ տնօրենը։