100 գիրք դատապարտյալների համար

100 գիրք դատապարտյալների համար

Երկուշաբթի Ազգային ժողովի պետաիրավական և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովներում քննարկվելու է ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենքի նախագիծը, որով խրախուսվելու է կալանավայրերում դատապարտյալների գիրք կարդալը՝ սոցիալական ինտեգրման նպատակով:

«Էն որ պարապ են մնում, ղումար են խաղում, նարկոմանությամբ են զբաղվում, թող զբաղվեն գրականությամբ և խրախուսվեն»,- «Հրապարակի» հետ զրույցում մեկաբանեց օրենքի նախագծի հեղինակը։

«Ես առաջարկել եմ, որ եթե, օրինակ, 3 գիրք կարդամ, 3 օր արձակուրդ տան կամ երկարատև տեսակցություն»,-հավելեց Սերգեյ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Պետաիրավական հանձնաժողովը  պատգամավորի հեղինակած՝ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  նախագիծը կրկին քննարկեց, սակայն պատգամավորը այն հետ կանչեց՝ նոր լրամշակման համար։

Հարցին, թե ուսումնասիրե՞լ է՝ ՔԿՀ-ները գրադարան ունե՞ն, Բագրատյանն ասաց, որ առաջարկել է, որ Արդարադատության նախարարությունն իր ճաշակով ընտրի՝ ԱԺ կրթության հանձնաժողովի հետ միասին։

«Պետք է միասին որոշենք, որովհետև էդ գրքերը սոցիալականացման խնդիր պետք է լուծեն։ Պատահական գրքեր չլինեն։ Դե, բնականաբար, այսպիսի գրականություն պետք է վերցնենք՝ ծանր ապրած, ծանր ապրումներ ունեցող մարդկանց կյանքը, ովքեր հաղթահարել են։ Այսինքն՝ այնպիսի գրքեր ընտրենք, որ դատապարտյալը կարդա ու դա իրեն հույս ներշնչի»,-ասում է պատգամավորը։

 Անձամբ Սերգեյ Բագրատյանը կառաջարկեր Ռեմարկ։

Քննարկմանը հրավիրված են Արդարադատության նախարությունից, պրոբացիոն ծառայությունից , գալու է նաև ՄԻՊ-ը՝ Հայաստանում լինելու պարագայում։