ՌԴ-ն արդեն տարբեր ձայներով խոսում է Զորի Բալայանի հին ծրագրի մասին

ՌԴ-ն արդեն տարբեր ձայներով խոսում է Զորի Բալայանի հին ծրագրի մասին

Հին աշխարհամասի ժամանակով՝ երեկ, ժամը 21-ին, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում, Արցախում վերսկսված պատերազմի հարցով Անվտանգության խորհրդի փակ նիստ էր կայանալու, որի մանրամասները, հասկանալի պատճառներով, կհաղորդենք վաղը։ Բայց դրան նախորդեց ՌԴ-ում վաղ առավոտվանից սկսված ներքաղաքական մեծ ակտիվություն՝ կապված մեզ հետ․ ՌԴ Պետդուման կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին՝ վերադառնալ բանակցությունների սեղան, եւ հայտնեց իր պատրաստակամությունը՝ Արցախում կայունություն հաստատելու միջնորդական ջանքերի հարցում։ Կրեմլի ցանկությունների մասին միշտ  նախապես բարձրաձայնող Վլադիմիր Վլադիմիրովիչ Ժիրինովսկին, օրինակ, հայտարարել է, թե խնդրի լուծման տարբերակներից մեկն էլ կարող է լինել Արցախը՝ որպես ինքնուրույն միավոր, ՌԴ կազմում ներառելը, եւ որ «այդ փաստի հետ պետք է հաշվի նստեն Բաքուն ու Երեւանը»։ 

Ի դեպ, Ռուսաստանի հայերի միությունը, որը «խնդրի ա լա Ժիրինովսկի» լուծման առաջարկը տեղադրել էր իր էջում, վայրկենական այն հեռացրեց էջից։ Նման տրամադրությունների մասին, որոնք նախկինում ավելի շատ հետախուզական բնույթի էին, սկսել են բարձրաձայնել տարբեր շրջանակներ։ Ժիրինովսկուն ձայնակցեց Վլադիմիր Պուտինի «մարդը» համարվող «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը՝ հայտարարելով, թե կրակի դադարեցումից եւ զինադադարից հետո հնարավոր է Լեռնային Ղարաբաղ մուտք գործեն ռուս խաղաղապահներ: «Ցավոք, մենք տեսնում ենք արտաքին ուժերը, իսկ այստեղ դժվար չէ կռահել, որ դրանք ոչ թե ինչ-որ վերացական ուժեր են, այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան,  որը բացահայտ կերպով նպաստում է այս հակամարտության, երկարատեւ հակամարտության զարգացմանը... Ես կարծում եմ, որ հնարավոր է այն բանից հետո, որ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն կրակի դադարեցման եւ զինադադարի մասին, պետք կլինի դիմել ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման քայլին»,- ասել է Միրոնովը։ Չմոռանանք․ նման առաջարկություններով վերջին շրջանում հանդես է գալիս նաեւ Մարգարիտա Սիմոնյանը, վկա՝ սեպտեմբերի 28-ի նրա  գրառումը․ «Մոսկվայի հյուրասենյակներում քննարկում են, որ Հայաստանը կա՛մ դատապարտված է վերադառնալ դեպի Ռուսաստան, կա՛մ դատապարտված է»: 

«Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովն էլ «Հրապարակի» հետ վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե Ստեփանակերտի հետ ՌԴ համագործակցությանը խանգարում էր Երեւանը, ու անգամ հանդիմանել էր, որ Արցախի ճանաչման հարցն այդքան ձգձգել ենք։ «Մենք չենք կարող բացեիբաց հանդես գալ Արցախի կողմից, քանի որ Արցախը ՀԱՊԿ անդամ չէ։ Եթե Հայաստանը հիմա չէ՝ նախապես ճանաչած լիներ Արցախի անկախությունը, ինչ-որ կողմեր կգտնվեին, որ նույնպես կճանաչեին, Արցախը կլիներ ճանաչած պետություն, Ռուսաստանն էլ կճանաչեր Ղարաբաղը։ Այդ դեպքում մենք կարող էինք ստորագրել պաշտպանական միավորում Արցախի հետ։ Եվ Ստեփանակերտի հետ մեր համագործակցությանը խանգարում էր Երեւանը։ Մենք չէինք կարող Երեւանից առաջ ճանաչել Արցախը, իսկ դուք դա մինչեւ հիմա չեք արել»,- ասել էր նա։   

Ինչեւէ, Ռուսաստանում ներքաղաքական այս իրարանցման ֆոնին նկատելի էր նաեւ այն, որ ռուսաստանյան լրատվամիջոցների լրահոսի հիմնական թեման Արցախը, Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան էին։ Ուշագրավ է, որ Արցախում սեպտեմբերի 27-ից ծավալված լայնամասշտաբ պատերազմի առաջին օրը ռուսական մամուլը գրեթե անհաղորդ էր թեմային․ հատուկենտ չեզոք նյութեր, ոչինչ չասող պաշտոնական լրահոս եւ անգամ վերլուծականներ՝ այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են չափել Ռուսաստանի չեզոքության սահմանը։ Բայց երեկ վաղ առավոտվանից այս տոնայնությունն ու մթնոլորտը կայծակնային արագությամբ փոխվեցին․ երեկվա դրությամբ գրեթե բոլոր վերնագրերը վերաբերում էին Արցախին․ «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղում», «Ղարաբաղյան երրորդ պատերազմը»։ Պեսկովը կոչով դիմել է Թուրքիային՝  յուղ չլցնել կրակի վրա, ապա հայտնել է, որ «ռազմական ներկայիս գործողությունները շփման գծում հնարավոր քննարկման թեմա են ՀԱՊԿ-ում»։

Ապա ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի անունից Ռուսաստանը կոչ է արել բոլոր գործընկեր երկրներին, ներառյալ Թուրքիային, ղարաբաղյան հակամարտությունը վերադարձնել դիվանագիտական հուն։ Այս ընթացքում հաղորդվեց նաեւ, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դիմել է ՌԴ գործընկեր Պատրուշեւին եւ ներկայացրել փաստեր այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է ռազմական բախումը տեղափոխել ՀՀ տարածք եւ թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Ռուսական տարբերակում վերջին նախասությունը առնված էր չակերտների մեջ, եւ կար նաեւ «իբր» բառի ռուսերեն թարգմանությունը։ Պատրուշեւն էլ հայտնել է իր մտահոգությունը եւ նշել, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Հայաստանում թրենդ է` հայհոյել Մարգարիտա Սիմոնյանին (անխախ նրանից, թե նրա առաջարկներին ինչպես եմ վերաբերվում), բայց եկեք տեսնենք՝ կարո՞ղ է պատահել,  որ նման բաներ ասած լինեն նաեւ մերոնք։ 

Արցախի ԱԽ քարտուղար, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, օրինակ, 2019-ին (հանուն ճշմարտության պետք է ասենք, որ այն ժամանակ գործազուրկի կարգավիճակում էր) հայտարարել էր՝ հարկավոր է Արցախը դնել Ռուսաստանի մանդատի ներքո։ Սամվել Բաբայանի հիմնական թեզն այն էր, որ  ներկայիս բանակցային ձեւաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն չի տալիս։ Եվ, հետեւաբար․ «Հարցը կարելի էր լուծել մանդատային տարածքի շրջանակում՝ միջազգային հովանու ներքո։ Այսինքն, օրինակ, Ռուսաստանն իր վերահսկողության տակ է վերցնում ամեն ինչ, եւ հարցը լուծվում է նրա մանդատի շրջանակում, այլ ոչ այնպես, որ Երեւանն ու Բաքուն բանակցություններ վարեն եւ վերջապես գան համաձայնության։ Դա ճանապարհ է դեպի պատերազմ»։

Եթե ուշադիր լինենք, ապա կարող ենք արձանագրել, որ մանդատային տարածքի գաղափարը լավ մոռացված հինն է․ Զորի Բալայանի  առաջարկի մոդիֆիկացված տարբերակը, որն Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների կողմից անընդունելի էր համարվել ու մերժվել («Սասնա ծռերն» էլ սա կոչում են Արցախի աբխազացում), Արցախն անկախ պետություն չի հռչակել, որպեսզի լինի այլ պետության մանդատի ներքո: 

Եվ վերջում հավելենք․ մի քանի օր առաջ՝ մինչ պատերազմի սանձազերծումը, Հրանտ Բագրատյանը մեր օրաթերթին տված հարցազրույցում խոսում էր նոր ռուսական միության մասին եւ նշում, որ եթե ռուսները մեզ հրավիրեն այդ միություն ու ընդունեն մեր պայմանը՝ Արցախի հետ միասին, ապա պետք է համաձայնել։ Քանզի դա կլինի արցախյան հարցի միակ լուծումը, որը հնարավոր է այս շրջանում։