Պատերազմին մասնակցած հերոս տղաներին ապօրինի զենքի մեղադրանքով կալանավորել են

Պատերազմին մասնակցած հերոս տղաներին ապօրինի զենքի մեղադրանքով կալանավորել են

Մայիսի 1-ին Երևան-Կապան ճանապարհի 201-րդ կմ-ի վրա՝ Սիսիանի անցակետում, ոստիկանները Արցախի Հանրապետության քաղաքացու ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին զենք-զինամթերք։ Փաստի առթիվ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Hraparak.am-ը զրուցել է վերջիններիս պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ։

- Ի՞նչ փուլում է գտնվում քրեական գործը:

-Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աշոտ Մկրտիչյանին, Սամսոն Մանասյանին և Արման Ճաղարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմի հատկանիշներով: Քննիչի կողմից 2022 թվականի մայիսի 5-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նույն օրը դատարանը բավարարել է միջնորդությունը և կալանքի տակ պահելու ժամկետ է սահմանել 2 ամիս ժամանակով: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ մայիսի 12-ին և 13-ին: Բողոքը ներկայացվել է ժամկետանց պայմաններում, քանի որ դատարանի կողմից պաշտպաններին ուղարկած որոշումները ուշ են ստացվել: Այստեղ առկա է մեղադրյալների պաշտպանության իրավունքի, ինչպես նաև Դատարանի դատական ակտի իրավաչափությունը վիճարկելու խնդիր, որոնց կապակցությամբ մտադրված են օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկենք:

-Իսկ մեղադրյալներն ընդունո՞ւմ են իրենց առաջադրված մեղադրանքը:

-Ոչ, չեն ընդունում: Սամսոն Մանասյանը և Արման Ճաղարյանը ընդհանրապես առնչություն չունեն զենքի և զինամթերքի հետ: Նրանք տեղեկություն չեն ունեցել, որ մեքենայի մեջ գտնվում են զենքեր: Դրանց մասին իմացել են այն ժամանակ, երբ ոստիկանության աշխատողները հայտնաբերել են: Իսկ Աշոտ Մկրտիչյանը չի ընդունում այն հիմնավորմամբ, որ հայտնաբերված զենքերը իրավաչափ ճանապարհով են հայտնվել իր մոտ։ Նա ստացել է սահմանված կարգով զենքերն ու զինամթերքը: Որպեսզի պարզ լինի, տեղեկացնեմ, որ մեղադրանքը կապված է ապօրինի զենք պահելու հետ: Այստեղ կան գաղտնիքներ, որոնք չեն կարող լուսաբանվել, քանի որ ուղղակի անվտանգային խնդիր գոյություն ունի: Դա ոչ թե ի վնաս իմ պաշտպանյալի է, այլ մեր հայրենիքի անվտանգության հետ կապված հարց է:

- Հայտնի է, որ Ստեփանակերտից մինչև Տեղ գյուղի ճանապարահատվածում տեղակայված են անցակետեր, որտեղ ստուգումներ են իրականացվում։ Ինչպե՞ս է ստացվել, որ հաջողվել է նրանց հասնել ՀՀ տարածք: Կա՞ն արդյոք զարտուղի ճանապարհներ:

-Զարտուղի ճանապարհներ միանշանակ չկան: Այն, որ անցել են միջանցքով, դա փաստ է: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է ստուգել: Մենք ևս այդպիսի պահանջ կներկայացնեք քննիչին:

- Այդ դեպքում ի՞նչ հիմքով է դատարանը կալանավորել մեղադրյալներին:

-Տեսեք, քննիչի միջնորդության մեջ տրված են այնպիսի ձևակերպումներ, որոնք կալանքի միջնորդությանը քրեադատավարությամբ առաջադրված պահանջի իրավական ռեժիմին չեն համապատասխանում: Այնտեղ նշված է՝ ենթադրվում է, որ մեղադրյալները բացառված չէ, որ իրենց մոտ հայտնաբերված զենքերն ու զինամթերքները գործածեն Երևանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ։ Մի բան, որ չի կարող գոյություն ունենալ: Այդ անձինք մարտական գործողություններում փառահեղ անցյալ ունեն: Նման տեսակի մարդիկ չեն կարող գնալ ստոր քայլերի: Ընդհակառակը, նրանք նվիրված են հայրենիքի փրկության վսեմ գաղափարին և պատրաստ են այսուհետև էլ լուծել անգամ անլուծելի առաջադրանքներ: Իսկ ինչ վերաբերում է դատարանի պատճառաբանությանը, տեղեկացնեմ, որ դատական ակտում ընդհանրապես բացակայում է հիմնավոր կասկած եզրույթը: Հիմնավոր կասկած եզրույթը իրավաբանական հատկություն է և իրավաբանները դրա նշանակությունը կալանավորման իրավական ռեժիմում շատ լավ են պատկերացնում, թե ինչ դերակատարություն ունի այն: Իսկ կալանավորման մյուս պայմաններին դատարանը անդրադարձել է՝ կալանավորումը ծանր հանցանք կատարելու հետ կապված դատողություններով, ինչը մենք գտնում ենք, որ անհիմն է՝ հաշվի առնելով հոդվածի  որակյալ կողմի՝ խմբակային հանցանք կատարելու բացակայության պայմանները:

- Դուք նշեցիք, որ մեղադրյալները փառահեղ անցյալ ունեն, կմանրամասնե՞ք։

-Աշոտ Մկրտիչյանը Արցախում բոլոր պատերազմներին մասնակցել է: Նա կռվել է դեռևս 17 տարեկան հասակում, երբ անչափահաս էր: Չեմ կարող բացահայտել, թե 17 տարեկանում որ ջոկատի հետ է կռվել: Միայն նշեմ, որ այն ջոկատը, որի մեջ ընդգրկված է եղել Աշոտ Մկրտիչյանը, հայտնի է հանրությանը, և այդ ջոկատը արժանացել է հարգանքի: Ջոկատը, ապա վաշտը և գումարտակը լուծել են մարտական գործողությունների վճռորոշ խնդիրներ: Այստեղ արձանագրենք, որ հայտնի հրամանատարներ, այդ թվում՝ նախարարներ ծանոթ են Աշոտ Մկրտիչյանի քաջագործություններին: Ի դեպ, Աշոտ Մկրտիչյանը դեռևս անչափահաս տարիքում խորքային մարտերի է մասնակցել: 2020 թվականին իր կողմից արդեն իսկ ձևավորած կամավորներներով Մարտակերտից- Ջաբրայիլ, ապա Շուշի մասնակցել է ռազմական գործողություններին, որի կազմում եղել են Սամսոն Մանասյանը և Արման Ճաղարյանը: Նրանք ոչ թե սոսկ մարտական դիրքեր են պաշտպանել, այլ հանդես են եկել որպես գրոհայիներ, իսկ դա նշանակում է, որ ամեն մի գրոհի նախօրեին, մարտիկների լեզվով ասած,  ստորագրել են իրենց մահը: Ի դեպ, նրանք այն տղաներն են, որոնք խոցել են Ջաբրայիլի տարածքում տանկեր և ռազմական տեխնիկաներ: Դրանք այն տղաներն են, ովքեր կանգնեցրել են հակառակորդի տանկային հարձակումը, ընդ որում մարտական գծի աջ կողմում մարտը ընդունել են իրենց վրա, հնարավորություն ստեղծելով մանևրել մյուս հատվածին: Ավելորդ չէ նշել, որ այն դրսևորվել է գրոհի ձևով, որի նպատակը զորքի անվնաս նահանջն է եղել: Ռազմական լեզվով ասած՝ գրոհ անվնաս նահանջի նպատակով։ Տեղեկացնեմ, որ Շուշիում տղանները փրկել են վիրավոր թվով 18 անձանց: 
Ինձ խնդրել են, որպեսզի հատկապես Շուշիում տեղի ունեցած դեպքերի առթիվ տեղեկություն ներկայացնեմ հանրությանը: Մասնավորապես, նրանք խնդրել են ինձ դիմել այն զինծառայողներին, որոնց փրկել են՝ ակնկալելով իրենց օգնությունը այն բանում, որ ցույց տան հանրությանը, որ իրենք ստորության և հայրենադավության նկարագիր չունեն: Ի դեպ տղաներից Շուշիում վիրավորվել են: Սամսոնը և Արմանը ծննդով արցախցիներ են: Նրանք ավելի քան տասը տարի է բնակվում են արտերկրում: Չեմ կարող նշել, որ երկրում, հաշվի առնելով, որ հետագայում կարող են երկրներում օպերատիվ հետաքրքրության մեջ  հայտնվել: Միայն նշեմ, որ նրանց հայրերը, ինչպես նաև հարազատներից ոմանք, զոհվել են պատերազմում: Իսկ երբ սկիզբ է առել Քարագլխի դեպքերը, նրանք կրկին վերադարձել են Արցախ՝ իրենց ընկերների մոտ և մնացել այնքան ժամանակ, մինչեւ Արցախի վրա հարձակման վտանգը մեղմացել է: Այնուհետև խնդրել են Աշոտ Մկրտչյանին իրենց տեղափոխել ք. Երևան, այցելել Եռաբլուր, ապա գնալ իրենց բնակության վայր՝ Ռուսաստանի Դաշնություն։

- Ասացիք, որ տղաները ուղերձ ունեն հայ ժողովրդին, ի՞նչ ուղերձ է։

- Առայժմ չեմ կարող՝ մի քանի պատճառներից ելնելով, բայց կարող եմ նրա բովանդակությունից մի միտք տրամադրել՝ «Մենք Հայոց այն զավակներն ենք, որ մտադրություն չունենք Զվարթնոց օդանավակայանում թափել մեր պատվարժան կրծքանշանները: Մեզ անօրինական կալանավորողները մարդիկ են: Դրանում հայրենիքը մեղավոր չէ: Մենք չենք մեղանչելու մեր նախնիների ուխտի դեմ և որպես ցեղահավատ մշտապես պաշտելու ենք մեր ցեղի արյունը իբրև աստվածայնություն, իբրև ծնողից գերագույն արժեք։ Ու պայքարելու ենք մինչև վերջին շունչն ու կաթիլ արյունը մեր ճակատագրի համար՝ խանդավառորեն մնալով ազգիս հպատակ»: