Մեղքի զգացումով

Մեղքի զգացումով

Այս պայմաններում, երբ Արցախն աչքներիս առաջ արյունաքամ է լինում, օղակը Հայաստանի պարանոցին սեղմվում է, եւ մենք բաց աչքով հետեւում ենք, թե ինչպես է երկիրը խելահեղ արագությամբ գահավիժում անհայտ ուղղությամբ, արդյոք կարո՞ղ ենք ապրել սովորական կյանքով: Կարո՞ղ ենք համերգ ու թատրոն գնալ, Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցել` Թումոյի այգում:

Կարո՞ղ ենք քննարկել ինչ- որ օրինագծերի ձեւակերպումները, որոնցով մարդկանց որոշ խմբերի իրավունքներն են ոտնահարվում: Կարո՞ղ ենք ոչխարների խուզման փառատոն կազմակերպել, «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացված ֆիլմերը քննարկել: Կարո՞ղ ենք արդյոք հետաքրքրվել ինչ-որ շարժումների, նախաձեռնությունների, հիմնադրամների մեկնարկներով ու ծրագրերով, քննարկել, թե ՀՅԴ Գերագույն մարմնում ովքեր են ընտրվել: Կամ` իրար պատմել Սեյրան Օհանյանի կնոջ ելույթի մանրամասները, Արամ Սարգսյանի հարցազրույցի արտառոց հատվածները: Իրավունք ունե՞նք արդյոք այս օրերին ընդունել հարազատի ծննդյան տոնակատարության հրավերը կամ նստել սրճարանում եւ դեսից-դենից զրուցել:

Իսկ որքանո՞վ է ազնիվ այս օրերին համացանցում անհոգ ու ժպտադեմ լուսանկարներ տեղադրելը կամ զավակներիդ հետ անցկացրած ուիքենդը ներկայացնելը: Լրագրողների վիճակն ավելի բարդ է` կարելի՞ է արդյոք լուսաբանել ընդունելության քննությունների այս տարվա ընթացքը, Հենրիխ Մխիթարյանի ցուցաբերած արդյունքները: Քաղաքապետի թեկնածուների հետ հարցազրույցներ անել կամ թափառող շների մասին գրել: Միշտ կարող է հայտնվել մեկը, ով կասի` Հայաստանն ու Արցախն այս վիճակում, դուք էս ինչի՞ մասին եք գրում: Մի կողմից՝ մեզ զրկեցին խաղաղ, առօրյա կյանքով ապրելուց, մյուս կողմից՝ կյանքը շարունակվում է, բայց` մեղքի խոր զգացումով ուղեկցված: