Ամուլսարը վաճառքի՞ են հանել. «Լիդիանից» չեն հերքում

Ամուլսարը վաճառքի՞ են հանել. «Լիդիանից» չեն հերքում

Այս օրերին կառավարության եւ բիզնես շրջանակներին մոտ տարբեր խողովակներից համառորեն լուրեր են հասնում, որ Ամուլսարի հանքի շուրջ նոր գործարք է պատրաստվում: Դրանք շրջանառվում էին դեռեւս տարեսկզբին՝ հունվար ամսից, եւ այժմ ակտիվացել են: Ըստ այդմ, կառավարությունը դիտարկում է հանքն այլ տիրոջը փոխանցելու տարբերակը, եւ դեռեւս մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը պատրաստ է եղել եռակողմ պայմանագիր, որի կնքմանը խանգարել է կորոնավիրուսը: Այն ստորագրելու են ՀՀ կառավարությունը, հանքավայրը շահագործելու արտոնագիր ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ «Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ներկայումս շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Այս ընկերությունը Կապանի կոմբինատը եւ Շահումյանի հանքավայրի շահագործման իրավունքը ձեռք է բերել Polymetal International» ընկերությունից՝ 55 հազար ԱՄՆ դոլարով, եւ, ըստ լուրերի, Ամուլսարի նոր շահագործողն է ուզում դառնալ: 

Վարչապետի աշխատակազմը լուրը հերքում է: Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը, լսելով այս տեղեկությունը, զարմացավ. «Ոչ, ինչպե՞ս կարող է նման բան լինել: Որքան գիտեմ, չկա այդպիսի բան»: 

«Լիդիան Արմենիա» ընկերության խոսնակ Մարգարիտա Ափրոյանը, սակայն, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը: «Այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց նա: Lydian Armenia ընկերությանը մոտ շրջանակներում վաճառքի մասին շրջող տեղեկությունները բոլորովին էլ սենսացիոն չեն համարում: «Ընկերության տարածած բոլոր նախորդ հաղորդագրությունները որ նայեք, այնտեղ գրված էր, որ ստեղծված վիճակից դուրս գալու ելքերից մեկը բաժնետոմսերի վաճառքն է: Կա՛մ պետք է գնանք արբիտրաժ, կա՛մ պետք է վաճառենք»,- ասաց մեր զրուցակիցը: Եվ իրոք, «Լիդիան Արմենիա» ընկերության պաշտոնական հաղորդագրությունների ու ղեկավարության հրապարակային ելույթները վկայում են, որ միջազգային արբիտրաժային դատարան դիմելը դիտարկվել է որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը, բայց քննարկվել են նաեւ այլ ելքեր, այդ թվում նաեւ՝ ծրագրի վաճառքը: Այսպես, հունվարի 20-ին ընկերության պաշտոնական էջում հաճախ տրվող հարցերի պատասխաններ հրապարակվեցին: Նշված է, որ ապօրինի շրջափակումն ու կառավարության անգործությունը հանգեցրին նրան, որ «Լիդիանը» չկարողացավ լրացուցիչ ֆինանսավորում գտնել՝ չնախատեսված ծախսերը ծածկելու համար, եւ չկարողացավ շարունակել ծրագիրը: Հարցին, թե ինչ կստանան բաժնետերերն այն դեպքում, եթե «Լիդիանը» վաճառի Ամուլսարի նախագիծը, ընկերության ներկայացուցիչները պատասխանել են. «Դա կախված կլինի վաճառքի գնից եւ վաճառքի գործընթացի կառուցվածքից։ Ամեն դեպքում, վաճառքի գնի վրա էապես կազդի հանքի տարածքի շրջափակման հանգամանքը, եւ բաժնետերերը, հավանաբար, կտուժեն, եթե ծրագրի վաճառքի պահի դրությամբ տարածքը դեռեւս գտնվի շրջափակման մեջ։ Բացի այդ, վաճառքի դեպքում մնացած գումարը, հավանաբար, չի բավարարի բաժնետերերին վճարելու համար»: 

Այս պարզաբանումներից արդեն երեւում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունում ծրագրի վաճառքի հնարավորությունը քննարկվել է: Մենք կապվեցինք նաեւ «Չաարատ Կապան» ընկերության ներկայացուցիչների հետ: Մեզ խոստացան պատասխանը փոխանցել ավելի ուշ: 
Իսկ Ջերմուկի բնակիչները շարունակում են փակ պահել հանք տանող ճանապարհները: Արտակարգ դրության պայմաններում հերթապահությունն անտեսանելի է դարձել: Կարող է թվալ, թե նրանք նահանջել են, սակայն ակտիվիստները վստահեցնում են, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կուտակումներից խուսափելու նպատակով պարզապես անցել են շրջիկ հերթապահության եղանակին: Այս մասին «Հրապարակին» հայտնեց բնապահպաններից՝ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը: Նա Ամուլսարի համար ամենաաննկուն պայքարողներից է: Առաջին օրվանից ճամփա է փակել: 

«Պայքարի երրորդ ամսվանից սկսած՝ ժամանակ առ ժամանակ լսել ենք, որ ինչ-որ մեկին ուզում են ծախել Ամուլսարի ծրագիրը, բայց մենք հենց սկզբից ասել ենք, որ մենք ընկերության անվան հետ խնդիր չունենք: Մեզ համար միեւնույն է, թե ով է ցանկանում շահագործել հանքը: Ջերմուկում հանքարդյունաբերություն չի լինելու: Իսկ եթե կառավարությունը որոշում է վաճառել, ապա կասեմ, որ իրենց այդ քայլն արկածախնդրություն է: Նրանք, ովքեր փորձեն այստեղ հանք բացել, անիմաստ վատնելու են իրենց դրամները: «Լիդիանի» իրավունքն է, որ ինքը վաճառի էդ ծրագիրը, բաժնետոմսերն իրենն են, բայց մենք՝ որպես ՀՀ քաղաքացի, վերջնական փակել ենք հանքարդյունաբերության էջը Ջերմուկում: Իսկ եթե որեւէ մեկը կասկածում է, որ մենք այստեղ ենք, առաջարկում եմ, որ բախտները փորձեն: Մենք հետեւում ենք արտակարգ դրության կանոնակարգին, բայց ամեն վայրկյան պատրաստ ենք դա խախտել»,- ասաց Շիրակ Բունիաթյանը:

Մենք տեղեկացանք նաեւ, որ եռակողմ համաձայնագրով կառավարությունը պարտավորվում է բացել Ամուլսարի ճանապարհը եւ ապահովել հանքի անխափան աշխատանքը։