Փաշինյանը՝ Ֆրանսիայի կողմից ուղարկված բեռների մասին

Փաշինյանը՝ Ֆրանսիայի կողմից ուղարկված բեռների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որոնցից 37-ը չզեկուցվող են։

«Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունը երեկ ուղեկցեց Կոռնիձոր: Այսուհանդերձ, ոչ այս, ոչ հուլիսի 26-ից նույն հատվածում սպասող ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի  ժողովրդին սովամահության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը:  Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել: Այդ  ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Այդ որոշումներով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ուշադրություն եմ հրավիրում դատարանի այս ձևակերպման վրա՝ երկու ուղղություններով: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Այս որոշման բացահայտ արհամարհումն Ադրբեջանի կողմից այդ  երկրի հայրենազրկման քաղաքականության բացահայտ դրսևորում է, քանի որ նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկություն է իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը: Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև, հատկապես հիմա, դա  բացարձակ անհրաժեշտություն է»,- հավելեց նա։